Ատլետիկոն ընդհատեց Բավարիայի ֆանտաստիկ հաղթարշավը ՉԼ-ում🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Ատլետիկո Մադրիդն» ու «Բավարիան»։
«Բավարիան», որն արդեն նվաճել է 1/8 եզրափակչի ուղեգիր, այս հանդիպմանը մոտեցել էր մի շարք առաջատարների բացակայությամբ, որոնց Հանսի Ֆլիկը հանգիստ էր տվել, ինչն էլ նպաստեց, որ «Ատլետիկոն» խաղի մեծ մասում ուներ ինչպես խաղային, այնպես էլ տարածքային առավելություն։
«Հնդկացիներն» այդ առավելությունն ընդամենը մեկ անգամ կարողացան գրավել Ալեքսանդր Նյուբելի պաշտպանած դարպասը։ Մադրիդյան ակումբին 26-րդ րոպեին առաջ մղեց Ժոաո Ֆելիքսը։
Նույնիսկ առաջատարների բացակայության պայմաններում «գերմանական» մեքենան չպարտվեց ավելի լավ տեսք ունեցող մրցակցին, քանի որ 86-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը, հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, փրկեց «Բավարիային» պարտությունից։
Հավելենք միայն, որ մինչ այս հանդիպումը մյունխենյան ակումբը Չեմպիոնների լիգայի շրջանակում նախորդ բոլոր 15 հանդիպումներն ավարտել էր հաղթանակով և այժմ «Ատլետիկոն» ընդհատեց այդ ֆանտաստիկ շարքը։
A խմբի մյուս խաղում «Զալցբուրգը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով հաղթեց «Լոկոմտիվին»։
Այս ոչ-ոքիից հետո «Ատլետիկոն» վաստակեց 7 միավոր և A խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։։ «Բավարիան» 12 միավորով խմբի առաջատարն է, իսկ «Զալցբուրգն» ու «Լոկոն» համապատասխանաբար ունեն 4 և 3 միավոր։
# Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, Թոմաս Մյուլլեր, Ժոաո Ֆելիշ, Չեմպիոնների-լիգա