Ատլետիկոն էլ ավելի է մեծացնում Ռեալից ունեցած առավելությունը🎥
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկոն» արտագնա խաղում ուժերը չափեց «Կադիսի» դեմ և 2։4 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։
Հանդիպման 28-րդ րոպեին մադրիդյան ակումբը տուգանային հարվածի իրավունք ստացավ։
Գնդակին մոտեցավ Լուիս Սուարեսը և գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 0։1։
Քիչ անց՝ 35-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ալվարո Նեգրեդոն կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը՝ դարձնելով այն 1։1։
Այնուամենայնիվ, Դիեգո Սիմեոնեի սաներն ընդմիջման գնացին հաշվի մեջ ունենալով առավելություն։
Առաջին խաղակեսի հիմնական ժամանակից մեկ րոպե առաջ՝ 44-րդ րոպեին, հյուրերին կրկին առաջ մղեց այս անգամ արդեն Սաուլը՝ 1։2։
Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 50-րդ րոպեին, կրկին աչքի ընկնելու հերթը ուրուգվայցի գոլահարինն էր, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ մեծացնելով «հնդկացիների» առավելությունը՝ 1։3։
Նեգրեդոն համաձայն չեր իրադարձությունների նման զարգացման հետ։
Հանդիպման 71-րդ րոպեին իսպանացի ֆուտբոլիստը նույնպես դուբլ գրանցեց իր անվան դիմաց՝ 2։3։
Խաղի մնացած ժամանակահատվածում «Կադիսի» ֆուտբոլիստներին չհաջողվեց փրկվել պարտությունից։
Ավելին, 88-րդ րոպեին «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն վերականգնեց երկու գնդակի առավելությունը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը՝ 2։4։
Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի սաները վաստակեցին 50 միավոր։
«Ատլետիկոն» օգտվեց «Ռեալի»՝ «Լևանտեից» կրած 1։2 հաշվով պարտությունից և էլ ավելի մեծացրեց համաքաղաքացիների նկատմամբ ունեցած իր առավելությունը և հասցնելով 10 միավորի։ «Հնդկացիները» «Ռեալի» համեմատ էլ մեկ խաղ պակաս են անցկացրել։
«Կադիսը» մնաց նախապես վաստակած 24 միավորով և գտնվում է 13-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Նեգրեդո, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Լա լիգա, Լուիս-Սուարես, Կադիս, Կոկե