Սուարես․ «Բարսայի ղեկավարներն ասում էին, որ ես ծեր եմ ու չեմ կարող այլևս բարձր մակարդակով խաղալ»
«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Բարսելոնայից» հեռանալու և դրանից հետո հանդիպած խնդիրների մասին․
«Մի կողմից ես ցանկանում էի հեռանալ, քանի որ «Բարսելոնայի» հետ անցած ճանապարահից հետո, ինձ հետ այդպես վարվեցին։
Ամենադժվարն այն է, երբ ունես ընտանիք, որը անցնող 6 տարիներին սովոր էր լինել նույն վայրում։
Թերևս դժվար էր նաև երեխաներին բացատրել տեղափոխության պատճառները, քանի որ նրանք Բարսելոնայում ունեն ընկերներ, իսկ հատկապես, համաճարակային պայմաններում այստեղ՝ Մադրիդում ամեն ինչ բարդ է։ Նրանք պետք է մնան տանը, ինչի պատճառով էլ երեխաները չեն կարողանում զբաղվել արտադասարանային այլ բաներով։ Երեխաները զրկվել են ընկերներից, իսկ կնոջս ընտանիքը մնացել է Բարսելոնայում։
Սակայն, պետք է նկատել նաև դրական կողմերը։ Ես այլևս չէի կարող ինձ երջանիկ զգալ մի վայրում, որտեղ ինձ հետ այլևս հույս չէին կապում։ Այժմ ընտանիքս գիտի, որ ես երջանիկ եմ, ինչն ամենակարևորն է։
Ամենաշատն ինձ դուր չեկավ, որ «Բարսելոնայի» ղեկավարներն ասում էին, որ ես ծեր եմ, այլևս չեմ կարող հանդես գալ բարձր մակարդակով և այլևս չեմ համապատասխանում թոփ ակումբի մակարդակի»,- նշել է ուրուգվայցի հարձակվողը France Football-ին տված հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2014-2020 թթ․։ Այդ ընթացքում նա կատալոնական ակումբի մարզաշապիկով անցկացրել է 283 հանդիպման՝ դառնալով 195 գոլի և 113 գոլային փոխանցման հեղինակ։
«Էլ պիստոլերոն» 2020 թվականի սեպտեմբերին ընդամենը 5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ատլետիկո Մադրիդ» և Լա լիգայի շրջանակում անցկացրած 20 խաղից հետո խփել է 16 գոլ։ Սուարեսը լավագույն ռմբարկուների պայքարում առաջին հորիզոնականը կիսում է իր նախկին թիմակից Լեո Մեսսիի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Լուիս-Սուարես, տրանսֆերներ