Ատալանտան շուտով կհայտարարի իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերի մասին
«Սասուոլոյի» վինգեր Ժերեմի Բոգան կարիերան կշարունակի «Ատալանտայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն արդեն վերջնական համաձայնության են հասել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։
Հաղորդվում է, որ բերգամասկները իվուարցի եզրային հարձակվողի տրանսֆերի դիմաց կվճարեն 22 մլն եվրո, որին հետագայում կավելանան նաև տարբեր բոնուսներ, իսկ կողմերը պայմանագիրը կկքնեն մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Բոգան առաջիկա ժամերին կմեկնի Բերգամո, բուժզննում կանցնի «Ատալանտայի» համար և ավարտին կհասցնի իր տրանսֆերը։
Հատկանշական է, որ Բոգայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաև Դոնեցկի «Շախտյորը», որը «Սասուոլոյին» փոխանակում էր առաջարկել։
Ըստ առաջարկի` իտալական ակումբի շարքերը պետք է համալրեր Մանոր Սոլոմոնը, իսկ Բոգան ուղևորվեր Դոնեցկ, սակայն «հանքափորները» մերժում են ստացել։
Բոգային ծառայություններով անձամբ հետաքրքրված էր «Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին, ով 2018-2021 թթ. նրա հետ աշխատել է հենց «Սասուոլոյում»։
Հավելենք, որ այս գործարքը դառնալու է «Ատալանտայի» պատմության մեջ ամենաթանկարժեքը։
Մինչ այս պահն «Ատալանտայի» ամենաթանկարժեք ձեռքբերումը եղել է Լուիս Մուրիելի տրանսֆերը, ում 2019 թ. ամռանը ակումբը «Սամպդորիային» գնել է 21.2 մլն եվրոյի դիմաց։
Նշենք, որ Ժերեմի Բոգան «Չելսիի» մարզադպրոցի սան է, որի համակարգում հանդես է եկել 2009-2018 թթ.` այդ ընթացքում վարձավճարով խաղալով «Ռենի» (31 խաղ, 3 գոլ, 1 գոլային փոխանցում), «Գրանադայի» (27 խաղ, 2 գոլ, 1 գոլային փոխանցում) և «Բիրմինգհեմի» կազմում (34 խաղ, 2 գոլ և 3 գոլային փոխանցում)։
Իվուարցի ֆուտբոլիստը «Չելսիի» Մ-23 տարեկանների թիմում անցկացրել է 41 հանդիպում` դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի ամռանը նա 10 մլն եվրոյի դիմաց համալրեց «Սասուոլոյի» շարքերը, որի մարզաշապիկով էլ անցկացրել է 102 հանդիպում` դառնալով 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Բիրմինգհեմ, Գրանադա, Ժերեմի Բոգա, Չելսի, Ռեն, Սասուոլո, տրանսֆերներ