Ատալանտան ԵԼ եզրափակիչում հաղթեց Բայերին` բարձրանալով փառքի գագաթնակետին 🎥
Եվրոպա լիգայի եզրափակիչում Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ատալանտան» ու Լևերկուզենի «Բայերը»։
Իտալական ակումբը պարզապես հիանալի առաջին կես անցկացրեց և նախքան ընդմիջում երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։
Երկրորդ խաղակեսում Խաբի Ալոնսոյի թիմը ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին. բերգամասկները պաշտպանվեցին շատ գրագետ` հետ մղելով գրոհի բոլոր փորձերը։
Դրվագներից մեկում Ջան Պիեռո Գասպերինիի թիմը նետվեց հակագրոհի և հաշիվը դարձրեց էլ ավելի խոշոր. այս խաղում իր երրորդ գոլը խփեց Լուկմանն ու իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ։
Այսպիսով, «Ատալանտան» հաղթեց 3:0 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց եվրագավաթային տիտղոս։
Այս խաղով ավարտվեց նաև «Բայերի»` 51 խաղից բաղկացած անպարտելիության անհավանական շարքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադելոմա Լուկման, Ատալանտա, Բայեր Լևերկուզեն, Եվրոպա-լիգա, Խաբի Ալոնսո, Ջամպիերո Գասպերինի