Ատալանտայի ավագը մոտ է Լա լիգայի առաջատար ակումբներից մեկի շարքերը համալրելուն

Ատալանտայի ավագը մոտ է Լա լիգայի առաջատար ակումբներից մեկի շարքերը համալրելուն

23/01/2021 - 12:20

«Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Պապու Գոմեսը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Սևիլիան» ամենամոտն է կանգնած 32-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելուն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անդալուսական ակումբը խաղացողի դիմաց առաջարկել է 6 մլն եվրո, ինչը, կարծես թե, գոհացրել է «Ատալանտայի» ղեկավարներին։ Ներկա պահին կողմերն ակտիվ կերպով բանակցություններ են վարում։

Բերգամոն ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները նույնպես ցանկանում են արագ բաժանվել խաղացողից, այդ պատճառով էլ գործարքի կայացումը բավական մոտ է։

Հատկանշական է, որ արգենտինացի ֆուտբոլիստի համար անձնական պայմանագրի մի շարք կետեր երբեք խնդիր չեն եղել, որոնք նա «Սևիլիայի» դեռևս օրեր առաջ է համաձայնեցրել։ Գոմեսը նույնպես ցանկանում է միանալ անդալուսական ակումբին։

Ռոմանոն հայտնում է նաև, որ Գոմեսի ներկայացուցիչները բանակցություններ են վարում ամերիկյան ՄԼՍ-ի մի շարք ակումբների և «Հերտայի» հետ, սակայն 32-ամյա ֆուտբոլիստը նախապատվությունը տալիս է հենց «Սևիլիային»։

«Սևիլիան» էլ իր հերթին Ալեխանդրո Գոմեսին դիտարկում է որպես հիանալի համալրում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի մեկնարկից առաջ։ Մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում անդալուսացիները մրցելու են «Բորուսիա Դորտմունդի» դեմ։

Ալեխանդրո Պապու Գոմեսը 2014 թվականի սեպտեմբերին 4,47 մլն եվրոյի դիմաց «Ատալանտա» է տեղափոխվել ուկրաինական «Մետալիստ» ակումբից։ Մինչ այժմ Գոմեսը «Ատալանտայի» մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 252 անգամ՝ դառնալով 59 գոլի և 71 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Գոմեսը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Միդյուլլանի» դեմ տնային հանդիպման ընդմիջմանը լուրջ կոնֆլիկտ է ունեցել ակումբի գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինիի հետ, ինչից հետո խաղադաշտ դուրս է եկել ընդամենը երկու անգամ։ Վերջին անգամ Գոմեսը «Ատալանտայի» կազմում հանդիպման մասնակցել է 2020 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ Ա սերիայի 12-րդ տուրի շրջանակում ակումբը մրցում էր «Յուվենտուսի» դեմ (1:1): Այդ խաղից հետո արգենտինացի ֆուտբոլիստը նույնիսկ հեռացվել է «Ատալանտայի»՝ բոլոր մրցաշարերի հայտացուցակներից և մարզումներն անցկացնում է անհատական ծրագրով։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023