Ավստրիան հաղթեց Ուկրաինային ու դուրս եկավ փլեյ-օֆֆ 🎥
Եվրո-2020-ի C խմբի շրջանակում Ավստրիայի հավաքականը Բուխարեստի «Արենա Նացիոնալե» մարզադաշտում մրցեց Ուկրաինայի դեմ։
Հանդիպումը մեկնարկեծ ավստրիացիների առավելությամբ, ովքեր հենց խաղասկզբից տիրեցին նախաձեռնությանը և արդեն 21-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Դավիդ Ալաբայի իրացրած անկյունայինից հետո աչքի ընկավ Քրիստոֆ Բաումգարտները։
Նախքան ընդմիջման գնալն Անդրեյ Շևչենկոյի սաները հաշիվը հավասարեցնելու լավ պահ ունեին, սակայն Նիկոլայ Շապարենկոյի հարվածից հետո հիանալի խաղաց ավստրիացիների դարպասպաահ Դանիել Բախմանը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսը, կարելի է ասել, մեկնարկեց ուկրաինացիների առավելությամբ, ովքեր ամեն կորպ փորձում էին խփել պատասխան գնդակը։
61-րդ րոպեին Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստները քիչ մնաց ինքնագոլի հեղինակ դառնային. Վիկտոր Ցիգանկովի իրացրած տուգանային հարվածից հետո Շտեֆան Լայները գնդակն անհաջող շեղեց դեպի սեփական դարպասը, ինչից հետո Բախմանը մեծ դժվարությամբ փրկեց իր թիմին։
Ժամանակն անցնում էր, իսկ «դեղինները» չէին կարողանում խփել պատասխան գնդակը. Ֆրանկո Ֆոդայի սաներն էլ քիչ-քիչ հանգստացնում էին խաղը։
Խաղավարտն անցավ հիմնականում հանգիստ պայքարում, և ի վերջո, Ավստրիայի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով։
Այսպիսով, ավստրիացիները C խմբում վաստակեցին 6 միավոր, զբաղեցրին 2-րդ հորիզոնականը և նվաճեցին 1/8 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում հունիսի 26-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կմրցի Իտալիայի հավաքականի դեմ։
Ուկրաինան էլ մնաց 3 միավորով և նահանջեց 3-րդ տեղ` վտանգելով դուրս չգալ 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ Շևչենկո, Ավստրիայի հավաքական, Դանիել Բախման, Դավիդ Ալաբա, ԵՎՐՈ-2020, Նիկոլայ Շապարենկո, Ուկրաինայի հավաքական, Քրիստոֆ Բաումգարտներ, Ֆրանկո Ֆոդա