ԱՊԼ-ի ֆուտբոլիստները ազգանվան փոխարեն կկրեն Black Lives Matter գրությունը
Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբներն առաջնության վերսկսումից հետո պաշտպանելու են Black Lives Matter (սևամորթների կյանքն ունի արժեք) հակառասիստական ակցիան։
Ինչպես տեղեկացնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, առաջնության տարբերանշանը մինչև առաջնության ավարտը բացակայելու է ֆուտբոլիստների խաղաշապիկներից, իսկ առաջնության վերսկսումից հետո առաջին 12 հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստների ազգանվան փոխարեն խաղաշապիկներին գրված է լինելու Black Lives Matter գրությունը։
«Մենք, ֆուտբոլիստները հանդես ենք գալիս մեկ միասնական գաղափարով, որը ենթադրում է արմատախիլ անել ռասիստական խտրականության որևէ դրսևորում, որպեսզի ստեղծվի մեկ ներառական հասարակություն, որն անկախ մարդու մաշկի գույնից և կրոնական պատկանելիությունից՝ բոլորի համար կստեղծի հարգանք և հավասար հնարավորություններ։ Այդ խորհրդանիշը պետք է դառնա բոլոր ֆուտբոլիստների, ակումբների, անձնակազմերի, պաշտոնական անձանց և Պրեմիեր լիգայի միասնության հատկանիշը»,- նշվում է Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների կոլեկտիվ հայտարարության մեջ, որը հաղորդում է առաջնության պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ այս հակառասիստական ակցիան սկսվել է մայիսի 25-ին ԱՄՆ Մինեապոլիս նահանգում ոստիկաններից մեկի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, ինչից հետո ԱՄՆ-ում տեղի են ունենում բազմահազարանոց հակառասիստական ցույցեր, իսկ տարբեր ֆուտբոլային ակումբներ, ֆուտբոլիստներ, պաշտոնական անձինք իրենց աջակցությունն են հայտնում բոլոր սևամորթներին։ Նշենք նաև, որ սովորական պայմաններում ԱՊԼ-ի հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր քաղաքական ժեստ օրենքով արգելվում է։
# Black Lives Matter, ԱՊԼ, Ջորջ Ֆլոյդ