ԱՊԼ-ը պատրաստվում է հայտարարել մրցաշրջանի ավարտի մասին
Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը, ամեն դեպքում, կհայտարարի մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտվման մասին։ Այդ մասին տեղեկացնում է Ա սերիան ներկայացնող «Ուդինեզեի» սպորտային տնօրեն Պյերպաոլո Մարինոն։ Նշենք, որ «Ուդինեզեն» և ԱՊԼ-ը ներկայացնող «Վոթֆորդն» ունեն նույն սեփականատերը՝ ի դեպս Ջամպաոլո Պոցոյի։
«Բելգիայի ֆեդերացիան արդեն որոշում է կայացրել ժամանակից շուտ ավարտին հասցնել առաջնությունը։ Անգլիական Պրեմիեր լիգան նույնպես պատրաստվում է այդպիսի որոշում կայացնել, քանի որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակն այնտեղ գնալով վատթարանում է։
Եթե անկեղծ, կորոնավիրուսի հաղթահարումից հետո, հուսով եմ՝ կկարողանանք կրկին ֆուտբոլը վայելել։ Կարևոր չէ, թե երբ դա տեղի կունենա, կարևոր է՝ պարզապես դուրս գալ այս իրավիճակից։ Ես մտածում եմ հաջորդ մրցաշրջանի մասին, ոչ թե նախորդների»,- Մարինոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ինչպես եվրոպական մյուս թոփ առաջնությունները, այնպես էլ ԱՊԼ-ը անորոշ ժամանակով դադարեցվել են։ Դադարեցման պահին «Լիվերպուլը» 25 միավորով գերազանցում էր մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին» և ընդամենը 2 միավոր էր բաժանում նրան չեմպիոնությունից։
# Ա-սերիա, ԱՊԼ, Լիվերպուլ, կորոնավիրուս, Մանչեսթեր-Սիթի, Ուդինեզե, Ջամպոլո Պոցո, Վոթֆորդ