Աշնանային հատվածն ավարտվեց․ Ի՞նչ սպասել երկրորդ շրջանում…

Աշնանային հատվածն ավարտվեց․ Ի՞նչ սպասել երկրորդ շրջանում…

29/12/2019 - 11:47


Եվրոպական ֆուտբոլում ավարտվեց աշնանային հատվածը, և մի շարք թոփ առաջնություններ ներկա պահին հանգստանում են, շարունակվում է միայն անգլիական Պրեմիեր լիգան։ Հակիրճ կերպով հասկանանք, թե ինչ կատարվեց աշնանային հատվածում և ինչ սպասել գարնանային հատվածում։

ԱՊԼ

Անգլիական ֆուտբոլն, ինչպես միշտ, չի հանգստանում՝ խաղալով նաև տոն օրերին։ ԱՊԼ-ի շրջանակում «Լիվերպուլը» ցուցադրելով անհավանական ֆուտբոլ՝ գրեթե լուծել է չեմպիոնության հարցերը։ Մնում է միայն այդ ամենը հասցնել տրամաբանական ավարտին։ Յուրգեն Կլոպի սաներն, իրոք, ներկա պահին չափազանց ուժեղ են մյուս թիմերից։ Հատկապես պետք է նշել, որ մերսիսայդցիները այժմ գործում են ավելի պրագմատիկ և այժմ չկան խոշոր հաշվով հաղթանակներ։ Պարզապես, երբ պետք է միացնում են իրենց հրթիռային մեքենան՝ լուծելով բոլոր մրցակիցների հարցերը։

«Լեսթերը» ներկա պահին մեկ գլուխ ուժեղ է միջակ թիմերից, սակայն ի զորու չէ պայքարել չեմպիոնության համար։ Այս ամենի ապացույցը միանաշանակ «Լիվերպուլի» և «Սիթիի» դեմ անցկացրած 3 խաղերում կրած նույնքան պարտությունն է։ «Աղվեսները» բավականին լուրջ ներուժ ունեն։ Ջեյմի Վարդին ապացուցում է, որ երբեք ուշ չէ բացվելու և կրկին ճախրելու համար։ Անգլիացի գոլահարը հիանալի աշնանային հատված անցկացրեց՝ 17 խփած գնդակով գլխավորելով ռմբարկուների ցուցակը։ Դե իսկ Ջեյմս Մեդիսոն -Յուրի Տիլեմանս – Վիլֆրիդ Նդիդի եռյակն ապահովում է առաջնության լավագույն կիսապաշտպանական օղակներից մեկը։ Սակայն, այս ամենը դեռևս բավարար չէ չեմպիոն դառնալու համար։

«Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի մեկնարկում վնասվածքների պատճառով շատ խաղացողների կորցրեց։ Այս ամենը չէր կարող չազդել նաև թիմի արդյունքների վրա։ Ներկա պահին Պեպի սաներն ավելի շատ միավորներ է կորցրել, քան ողջ նախորդ մրցաշրջանի ընթացքում և դժվար թե կարողանա հետ բերել կորցրածը։ «Քաղաքաբնակները» լավ կանեն կենտրոնանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վրա։ Սակայն, հարկ է նշել, որ կրկին փայլում է Կևին դե Բրոյնեն, ում խաղից շատ է կախված «Սիթիի» արդյունքները։ Նախկինի պես արդյունավետության պակաս չունի նաև Ռահիմ Սթերլինգը, իսկ այս ամենը դեռ շատ պետք կգա Պեպ Գվարդիոլայի սաներին մրցաշրջանի երկրորդ հատվածում։

«Չելսին» ստաբիլության պակաս ունի, սակայն ակնհայտ է, որ Ֆրենկ Լեմպարդը անհավանական աշխատանք է կատարել այս թիմի հետ։ Եթե այս մրցաշրջանի արդյունքներով «Չելսին» հայտնվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, շատ մեծ հաջողություն կահամարվի, քանի որ անփորձ երիտասարդների հետ դա իրոք լուրջ արդյունք կլինի։ Սպասելի էր, որ Ֆրենկ Լեմպարդի թիմը կունենա գրագետ խաղային ձեռագիր, բայց սպասել, որ կլինի նաև արդյունք, դժվար էր հավատալ։ Ամեն դեպքում՝ «ազնվականների» վրա այժմ չկա տրանսֆերային ալգերք և ձմռանը նոր համալարումներ կլինեն։

Հաճելիորեն զարմացնում է «Շեֆիլդ Յունայթեդը», որին իր կազմով կարելի է համարել ամենաթույլը Պրեմիեր լիգայում, սակայն Քրիս Վուայլդերի սաները երկրորդ լավագույն պաշտպանությունն ունեն։ «Վուլվզի» մասին խոսելու կարիք չկա, երկրորդ տարին անընդմեջ Նունուի սաներն իրենց գլխից վեր են ցատկում՝ պահպանելով նաև Չեմպիոնների լիգայում հայտնվելու հնարավորություն։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթում է թոփերին, այնուհետև այդ միավորները բաժանում է հետնապահներին։ Այսպիսի խաղով դժվար կլինի լուրջ հաջողությունների հասնել։ Լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալը» և «Տոտենհեմը», մրցաշրջանի մեկնարկը ձախողելուց հետո, փոխեցին գլխավոր մարզիչներին և այժմ այս թիմերից սպասելիքներն ավելի մեծ են։

Անգլիական Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածում ակնհայտ է, որ նախորդ տարվա նման չեմպիոնական ֆանտաստիկ պայքար չի ընթանա։ «Լիվերպուլն» իր ֆանտաստիկ խաղով արդեն սպանել է ինտրիգը և վստահ քայլերով շարժվում է դեպի չեմպիոնություն։ Այլ հարց է Չեմպիոնների լիգայի ուղեգրերի պայքարը։ Եթե մի քանի տուր առաջ «Չելսին» միավորների լուրջ պաշար ուներ, ապա կայացած 19 տուրերից հետո «ազնվականներն» ընդամենը 2 միավորով են գերազանցում «Վուլվերհեմպտոնին»։ Հեռու չեն նաև «Տոտենհեմը», «Շեֆիլդը», «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հաշվի առնելով անգլիական ֆուտբոլի անկախատեսելիությունը, այս հարցում կանխատեսումներ անելը բավակնին բարդ է։

Մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը․

Լա Լիգա

Իսպանական Լա լիգայի աշնանային հատվածում կրքերի պակաս չկար։ Այս մրցաշրջանը կարծես թե մեզ վերջապես խոստանում է չեմպիոնական անհավանական պայքար։ Մադրիդի «Ռեալը» առաջատարի դիրքը զիջեց միայն աշնանային հատվածի վերջին խաղում՝ սեփական հարկի տակ չկարողանալով կոտրել Բիլբաո «Ատլետիկի» դիմադրությունը։ Սակայն, չենք կարող չնշել, որ թե՛ «Բարսան» և թե՛ «Ռեալը» իրենց հնարավորություններից ցածր են հանդես գալիս՝ կորցնելով բավականին շատ միավորներ։ Իսկ կայացած վերջին Էլ կլասիկոն ակնհայտ ի ցույց դրեց երկու թիմերի խնդիրները։ «Բարսելոնան» խնդիրներ ունի պաշտպանությունում, իսկ մադրիդցիները թերանում են խաղը կառուցելիս, գնդակը հարձակվողներին հասցնելու հարցում։ Ամեն դեպքում՝ չեմպիոնական պայքարը կընթանա հենց այս երկու թիմերի միջև։

Երրորդ տեղում ընթացող «Սևիլիան» տիպիկ old school-յան ֆուտբոլ է խաղում, սակայն ի զորու չէ պայքարել չեմպիոնի տիտղոսի համար։ Սևիլիայի երրորդ հորիզոնականում հայտնվելը մեծամասամբ «Ատլետիկո Մադրիդի» նվերն է։ Չենք կարող չնշել որ Խուլիեն Լոպետեգիի գալով անդալուզական թիմը սկսել է շատ պրագրամտիկ ֆուտբոլ խաղալ, ինչն էլ ապահովում է արդյունք։ Տեսնենք՝ որքա՞ն կդիմանա «Սևիլիան» այս բարձրունքում։

Մադրիդի «Ատլետիկոն» մրցաշրջանից առաջ վաճառեց գրեթե բոլոր առաջատարներին և ներկա պահին նոր թիմ է կառուցվում, և լուրջ սպասումներ այս թիմից չպետք է ունենալ, սակայն Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարտավոր են նվաճել։ Դիեգո Սիմեոենի սաները նախկինի պես հիանալի պաշտպանվում են, սակայն հարձակման գծում շատ թերացումներ կան, այդ պատճառով էլ վերջերս շատացել են խոսակցությունները, որ ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին ձմռանը կհամալրի «հնդկացիների» կազմը։ Հարձակման գծի թերացումը կարելի է համարել նաև Ժոաո Ֆելիշի ոչ այնքան վստահ խաղը, ում հետ մեծ հույսեր են կապում։ Ամեն դեպքում՝ «Ատլետիկոյից» զգուշանալ պետք է։

Առաջնության բացահայտում կարելի է համարել «Ռեալ Սոսիեդադին»։ Իմանուոլ Ալգուասիլը անհավանական մարտունակ թիմ է ստացել, որտեղ տոն են տալիս երիտասարդ Միկել Օյարսաբալն ու Մարտին Էդեգորը, պակաս արդյունավետ են նաև Քրիստիան Պորտուն և գոլահար Վիլիան Ժոզեն։ «Խետաֆեն» իր խաղով չի տպավորում, սակայն Պեպե Բորդալասի սաներն իրենց պրագմատիզմով երկրորդ տարին անընդմեջ պայքարում են եվրագավաթային ուղեգրերի համար։ «Վալենսիան» ձախողելով առաջնության մեկնարկը՝ քիչ-քիչ կարգավորեց իր խաղը, սակայն դեռ շատ ավելացնելու տեղ ունի։ Իսկ Գայիսկա Գարիտանոն իսկական կուռ ու ամուր թիմ է ստացել Բիբլաոյի «Ատլետիկից», որն այս մրցաշրջանում կարողացել է հաղթել «Բարսելոնային» և չպատրվել Մադրիդի «Ռեալին» և փորձում է հայտնվել Չեմպիոնների լիգայի գոտում։

Առաջնության երկրորդ հատվածում ցանկանում ենք տեսնել ավելի ուժեղ «Ռեալ» և «Բարսելոնա»։ Իսպանական ֆուտբոլի շրջանակում վաղուց չենք տեսել չեմպիոնական թեժ պայքար, վերջին 2 մրցաշրջանում կատալոնական ակումբը հեշտությամբ նվաճել է չեմպիոնությունը։ Այս մրցաշրջանում վերջապես հնարավորություն կա կրկին մինչև վերջին տուրը սպասել, որպեսզի իմանանք չեմպիոնի անունը։ Իսկ մյուս թիմերը ներկա պահին պարզապես ի զորու չեն խառնվելու չեմպիոնական պայքարին։ Պարզապես այս մրցաշրջանն աչքի է ընկնում նրանով, որ երկու առաջատար ակումբները ամեն տուր չէ, որ կարող են ցանկցած մրցակցի հաղթել և ինչ-որ տեղ այդ փաստը չի սպանի ինտրիգը։ Իսպանական Լա լիգան միշտ աչքի է ընկել նաև հետնապահների պայքարով։ Այս մրցաշրջանը կարծես թե նույնպես բացառություն չի լինելու, քանի որ 14-19-րդ հորիզոնականներին բաժանում է ընդամենը 6 միավոր և միայն հետնապահ «Էսպանյոլն» է անհույս գլորվում անդունդը։

Մրցաշարային աղյուսակը աշնանային հատվածից հետո ունի հետևյալ տեսքը․

Խոսելով իտալական Ա սերիայի մասին՝ չենք կարող չնշել, որ այս առաջնությունը քայլ առ քայլ վերադառնում է նախկին դիրքերին,և առաջվա նման այստեղ պայքարը եռում է։ Այս ամենը միանաշանակ չէր կարող լինել առանց հետևյալ փաստերի․ «Լացիոն» 2019 թվական երկու գավաթ նվաճեց՝ (Իտալիայի գավաթ և Սուպերգավաթ), ՉԼ նորեկ «Ատալանտան» առաջին իսկ փորձից դուրս եկավ փլեյ-օֆֆ, միջակ «Կալյարին» ճիշտ տրանսֆերային քաղաքականության շնորհիվ դուրս եկավ նոր մակարդակի վրա, «Ինտերը» վերջապես հրավիրեց թոփ մարզիչ, դրան հաջորդեցին հիանալի տրանսֆերներ, ինչը միանշանակ չէր կարող չազդել չեմպիոնական պայքարի վրա։ Սակայն, պետք է նշել, որ «Յուվենտուսը» այս մրցաշրջանում չի ցուցադրում այն պարգմատիկ ֆուտբոլը, որին սովոր էինք տեսնել Մասիմիլիանո Ալեգրիի օրոք։ Մաուրիցո Սարիի «Sarriball» հասկացողությունը կարող է աշխատել միայն տարիների աշխատանքի հիման վրա և միանգամից չի կարող արդյունք ապահովել։

Չնայած «Յուվենտուսին» հաղթանակներն ընթացիկ մրցաշրջանում դժվարությամբ են տրվում, միևնույնն է Սարիի սաները կայացած 17 խաղից չեն հաղթել միայն 4-ում՝ կրելով ընդամենը մեկ պարտություն, իսկ Պաուլո Դիբալան առաջվա նման կրկին փայլում է։ Անտոնիո Կոնտեի գալով՝ «Ինտերը» փորձում է վերադարձնել նախկին դիրքերը։ Միլանյան ակումբը,վաստակելով 42 միավոր, հավասար պայքար է մղում թուրինցիների հետ։ Լուկակու-Լաուտարո զույգը դարձել է մրցակիցների ահուսարսափը։

Ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի ֆենոմեններից մեկը նաև այն է, որ բացի երկու առաջատար թիմերից փայլում են նաև այլ թիմեր։ Օրինակ՝ «Լացիոն» այս մրցաշրջանում երկու անգամ արդեն հաղթել է «Յուվենտուսին»։ Սիմոնե Ինձզագին տիպիկ իտալական մարտավորությամբ իր խաղացողների արյան մեջ ներարկել է ոչ իտալական ֆուտբոլ, որի հաղթաթուղթը հիմնվում է պաշտպանությունից արագ դուրս գալու և Լուիս Ալբերտոյի հիանալի երկար փոխանցումների վրա։ Հերիք է նշենք, որ «Լացիոյի» կազմում են հանդես գալիս առաջնության լավագույն ռմբարկուն և ասիստենտը՝ ի դեմս Չիրո Իմոբիլեի (16 խաղ՝ 17 գոլ) և Լուիս Ալբերտոյի (16 խաղ՝ 11 գոլային փոխանցում):

Հռոմեական մյուս ակումբը՝ «Ռոման», որի կազմում հանդես է գալիս նաև Հենրիխ Մխիթարյանը, մրցաշրջանի մեկնարկում միավորներ դժվարությամբ էր հավաքում, սակայն հետագայում Պաուլո Ֆոնսեկան կարողացավ խաղացողների համակգործացության մակարդակը բարելավել և թիմը ներկա պահին վստահորեն ընթանում է 4-րդ հորիզոնականում, իսկ Նիկոլո Ձանյոլոն այս թիմի իսկական զարդն է։

Բերգամոն ներկայացնող «Ատալանտան» կրկին փայլում է։ Թվում էր՝ Ջամպիերո Գասպերինի սաները չեն կարողանա համատեղել ներքին առաջնությունը Չեմպիոնների լիգայի հետ, սակայն ֆուտբոլում չկա անհնար ոչինչ։ Դեռ ավելին՝ «Ատալանտան» մրցաշրջանի ամենաարդյունավետ թիմն է՝ խփած 43 գնդակով։ Եվ սա այն դեպքում երբ թիմի գոլահար Դուվան Սապատան աշնանային հատվածի մեծ մասը բաց է թողել վնասվածքի պատճառով։ Ընթացիկ մրցաշրջանի մասին խոսելիս չենք կարող չնշել «Կալյարիին»։ Ամռանը ակումբի ղեկավարությունը տրանսֆերային ճիշտ արշավի շնորհիվ կարողացել է դուրս գալ նոր մակարդակի վրա, իսկ գլխավոր մարզիչ Ռոլանդո Մարանը իր տակտիկական քայլերի շնորհիվ կարողանում է ճիշտ օգտագործել Ռաջա Նայնգոլան-Ժոաո Պեդրո-Ջիովանի Սիմեոնե եռյակին։ Առաջնության հիասթափությունները ներկա պահին միանշանակ «Միլանն» ու «Նապոլին» են, որոնք իրենց կազմով միանշանակ չեն զիջում ո՛չ «Լացիոյին», ո՛չ «Կալյարիին» ո՛չ էլ «Ատալանտային», սակայն այս երկու ակումբների ղեկավարները չեն թողնում, որ ակումբը զարգանա։

Ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածը իտալական ֆուտբոլի համար կարող է լինել բացառիկ։ Միանգամից երեք թիմ հավակնում է չեմպիոնությանը։ Իտալական մյուս ակումբները հոգնել են «Յուվենտուսի» գերիշխանությունից և անելու են ամեն ինչ, որ վերջական հաշվարկում առաջ անցնեն «ծեր սենյորայից»։ Եթե «Ինտերի» չեմպիոնական ամբիցաների վրա ոչ ոք չի կասկածում, ապա «Լացիոն» կարող է երկար պայքարի բովում ֆիզիկապես և հոգեբանորեն չդիմանա։ Սակայն, այն որ «Յուվենտուսը» ներկա պահին հսկայական ճնշում է զգում իր թիկունքին, դա փաստ է։ Տեսնենք կկարողանա՞ արդյոք Մաուրիցո Սարին վերջապես նվաճել իր կարիերայի առաջին չեմպինությունը, թե՞ հերթական անգամ Անտոնիո Կոնտեն նոր թիմի հետ իր առաջին մրցաշրջանում կդառնա չեմպիոն։ Իսկ ինչ վերաբերվում է Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգրի ճակատագիրը, արդեն հիմա այդ ուղեգրի համար կան պայքարողներ, սակայն «Ռոմային» այդ պայքարում կարելի է համարել ֆավորիտ։

Չենք վախենա այս խոսքերից, բայց ներկա պահին իտալական Ա սերիան իր դրամատիզմով, գեղեցիկ խաղով, կրքերով գերազանցում է մյուս թոփ առաջնություններին։

Իտալական Ա սերիայի մրցաշարային աղյուսակը կայացած 17 տուրերից հետո ստացել է հետևյալ տեսքը․

Գերմանական Բունդեսլիգան ընթացիկ մրցաշրջանում գերհետաքրքիր պայքարում է անցնում։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ Մյունխենի «Բավարիան» չունի նախկին ներուժը և դեռևս մրցաշրջանի մեկնարկից չի սպանել չեմպիոնական ինտրիգը։ Ընթացիկ մրցաշրջանում առնվազն 4 թիմ հավակնում է «արծաթե սկուտեղին»։

Առաջնության մեկնարկից առաջ թվում էր, թե չեմպիոնական պայքարը կընթանա «Բավարիայի», «Լայպցիգի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև, սակայն անսպասելիորեն նրանց միացավ նաև Մյունխենգլադբախի «Բորուսիան»։ Սակայն, ամեն ինչի մասին հերթով։ Առաջնության աշնանային չեմպիոն դարձավ «Լայպցիգը», որը տարեցտարի ավելի է մոտենում բաղձալի չեմպիոնությանը։ Ընդամենը 8 տարի գոյություն ունեցող ակումբը երկրաչափական պրոգրեսիայով է զարգանում։ Այս տարի նրանք հրավիրեցին գերմանական ֆուտբոլի ամենախոստումնալից մարզիչներից Յուլիան Նագելսմանին, ով խարիզմայով և ֆուտբոլային խելացիությամբ կարողանում է ճիշտ կարդալ մրցակցի խաղը, իսկ ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգը» ոչ միայն գերարդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում, այլև բալանսավորել է խաղը պաշտպանությունում։


Այս մրցաշրջանում անսպասելիորեն թռիչք կատարեց Մյունխենգլադբախի «Բորուսիան»։ Մարկո Ռոզեի գլխավորած թիմը երկար ժամանակ միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին տուրերում կորցնելով միավրոներ, նահանջեցին երկրորդ հորիզոնական։ Բայց պետք է նշել, որ երիտասարդ գերմանացի մասնագետը անհավանական աշխատանք է կատարում մյունխենգլադբախյան ակումբի հետ։ Այս թիմը հատկապես աչքի է ընկնում իր հիանալի պաշտպանողական խաղով, իսկ երիտասարդ 23-ամյա կենտրոնական պաշտպան Նիկո Էլվեդին այդ օղակի իսկական զարդն է։ Շվեյցարացին որոշ չափանիշներով նույնիսկ լավագույնն է ողջ թոփ առաջնությունների շրջանակում։

Գերմանական ֆուտբոլի ներկա խառնաշփոթի մեղավորը միանշանակ Մյունխենի «Բավարիան» է, որն ակնհայտ թուլացրել է իր դիրքերը։ Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում մյունխենյան ակումբը աչքի էր ընկնում անկայուն ելույթներով, ինչն էլ պատճառ հանդիսացավ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հեռացվելուն, իսկ նրա օգնական Հանս-Դիտեր Ֆլիկը դեռևս չի կարողանում գտնել այն խաղը, որին սովոր ենք տեսնել երբեմնի հզոր ակումբի կողմից։ Մրցաշրջանի միջնամասում մյունխենյան ակումբը մի պահ նույնիսկ հայտնվել էր 7-րդ հորիզոնականում։

Դորտմունդի «Բորուսիայից» սպասելիքներն ավելի շատ էին, քանի որ նախորդ մրցաշրջանում «իշամեղուների» կազմը զիջում էր ներկայիս կազմին։ Ամռանը համալրելով լուրջ խաղացողներով՝ սպասվում էր, որ չեմպիոնության գլխավոր հավակնորդը հենց Լուսիեն Ֆավրի սաները կլինեն, սակայն շվեյցարացի մասնագետը չի կարողանում այնպես կառուցել իր թիմի խաղը, որպեսզի թիմն աչքի ընկնի ստաբիլությամբ։ Դորտմունդյան ակումբը 7 միավոր զիջում է «Լայպցիգին» և դժվար է լինելու հետ բերել կորցրածը։ Սակայն, Ջեյդոն Սանչո – Մարկո Ռոյս զույգը կարող է նաև հրաշքներ գործել։

Ամփոփելով Բունդեսլիգայի թեման՝ կասենք, որ անկախ ամեն ինչից առաջության ֆավորիտը միանշանակ «Բավարիան» է, սակայն ինչպես իտալական Ա սերիայում, այնպես էլ այստեղ մյուս առաջատար թիմերը հոգնել են «Բավարիա»-մյուս թիմեր տարանջատումից և անելու են ամեն ինչ մյունխենյան ակումբին «գծերից գցելու համար»։ Սակայն, իրատեսական նայելով ամեն ինչին, «Բավարիան» իր ներուժով Գերմանիայի ամենաուժեղ ակումբն է։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ մյունխենյան ակումբի կազմում է հանդես գալիս եվրոպական թոփ-5 առաջնությունների աշնանային հատվածի լավագույն ռմբարկուն՝ Ռոբերտ Լևանդովսկին, ով ընթացիկ մրցաշրջանում միացրել է Լեո Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի ռեժիմը։ Լեհ հարձակվողը 17 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ՝ գլխավորելով նաև «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարը։

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը։

Վերջապես հասանք Ֆրանսիական Լիգա 1-ին։ Ֆրանսիայի առաջնության մասին խոսելիս իմաստ էլ չունի մտածել որևէ չեմպիոնական ինտրիգի մասին, երբ ամեն ինչ պարզ է դեռևս մրցաշրջանի մեկնարկից առաջ։ ՊՍԺ-ն իր գերհզոր կազմով որևէ հնարավորություն չի տալիս մյուս թիմերին։ Լիգա 1-ում կարող է պայքար գնալ միայն եվրագավաթային մյուս ուղեգրերի համար, այդ պատճառով էլ ՊՍԺ-ի խաղին չենք անդրադառնա, այլ կանդրադառնանք միայն մյուս թիմերի ելույթներին։

Վերջապես իր երկրպագուներին սկսել է ուրախացնել «Մարսելը»։ Թիմ հրավիրելով Անդրե Վիլաշ-Բոաշին և գնալով արգենտինացի հարձակվող Դարիո Բենեդետոյին՝ պրովանսյան ակումբը բավականին կայունացրել է իր խաղը և ներկա պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Մարսելը» Լիգա 1-ի շրջանակում վերջին 8 հանդիպումներից 7-ը ավարտել է հաղթանակով, ինչը խոսում է նրա մասին, որ ներկա պահին Ֆրանսիայում կա ընդգծված երկրորդ ուժը։

Եվրոպական ֆուտբոլի ամենաթերագնահտված մարզիչներից մեկի՝ Քրիստո Գալտիեի գլխավորած «Լիլը», ամռանը կորցնելով մի շարք առաջատարների, այս մրցաշրջանում չի կարողանում ցուցադրել այն վառ խաղը, որը տեսնում էինք նախորդ մրցաշրջանում, սակայն Գալտիեի սաները ընթացիկ մրցաշրջանում էլ վատ տեսք չունեն և կրկին պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

«Մոնակոն» մրցաշրջանի մեկնարկը ձախողելուց հետո, քայլ առ քայլ մոտենում է եվրագավաթային գոտուն, իսկ Իմայիլ Սլիմանի – Վիսամ Բեն Յեդեր զույգը ողջ թոփ-5 առաջնությունների աշնանային հատվածի ամենաարդյունավետ և ամենալավ տեսք ունեցող դուետներից է։

Առաջնության հիասթափությունը ներկա պահին միանշանակ Լիոնի «Օլիմպիկն» է։ Ակումբի սեփականատերը մրցաշրջանից առաջ տարօրինակ որոշումներ կայացրեց։ Նախորդ մրցաշրջանի վերջնամասում արդեն պարզ էր, որ ակումբի գլխավոր մարզիչ Բրունո Ժենեզիոն հեռանալու է, սակայն որ նրան կփոխարինի անփորձ Սիլվինիոն, ոչ ոք չէր սպասում։ Իսկ ակումբի սպորտային տնօրեն նշանակվեց Ժունինիո Պերնամբուկանոն, ում վարած տրանսֆերային քաղաքականությունն այդքան էլ չի ապահովում սպասված արդյունքը։ Առաջնության մեկնարկում «Լիոնը» հայտնվել էր նույնիսկ վտանգավոր գոտում և ստիպված հեռացրեց անփորձ Սիլվինիոյին, իսկ թիմի ղեկը վստահվեց Ռուդի Գարսիային, ով փորձում է կարգավորել թիմի խաղը։ «Լիոնի» համար առաջնությունում դեռևս ոչինչ կորած չէ ընթացիկ մրցաշրջանում․ թիմը 26 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 3-րդ տեղը զբաղենցող «Ռենից» հետ մնալով 8 միավոր։

Մրցաշարային աղյուսակը Լիգա 1-ում 19-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը․

Ամփոփելով թոփ-5 առանջնությունների աշնանային հատվածը՝ Interfootball.am-ի կողմից մեր ընթերցողնիեր համար առանձնացրել ենք աշնանային հատվածի «լավագույն թիմ», «լավագույն ֆուտբոլիստ» և «լավագույն տրանսֆեր» անվանակարգերը։

Լավագույն թիմ

Այս անվանակարգում միանշանակ հաղթողը «Լիվերպուլն» է, սակայն հռոմեական «Լացիոն» նույնպես հավակնություններ ուներ։ Մերսիսայդյան ակումբը ԱՊԼ-ի շրջանակում գրեթե մեկ տարի չի կրել գեթ մեկ պարտություն՝ անպարտելի խաղերի շարքը հասնցելով 35-ի։ Յուրգեն Կլոպի սաները փայլում են ոչ միայն ներքին առաջնությունում, այլև առաջին տեղով դուրս եկան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, ինչպես նաև Քաթարում կայացած աշխարհի ակումբային առաջնությունում առաջին անգամ դարձան չեմպիոն։

Լավագույն ֆուտբոլիստ

Այս անվանակարգում որևէ մեկին առանձնացնելը շատ բարդ է, քանի որ բազմաթիվ ֆուտբոլիստներ փայլուն են հանդես գալիս։ Սակայն, առանձնացրել ենք Ջեյմի Վարդիին, ով 32 տարեկան հասակում շարունակում է ճախրել և անգլիական Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 19 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ՝ վստահորեն գլխավորելով ռմբարկուների ցուցակը։ Վարդին շատ մոտ էր իր իսկ անընդմեջ խաղերում գոլի հեղինակ դառնալու ռեկորդը գրանցելուն, որը կազմում է 11 հանդիպում, սակայն այս անգամ 9-րդ հանդիպման գոլահարին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։

Այս անվանակարգում կարող էր հայտնվել նաև Մյունխենի «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկին, ով, իրոք, անմարդկային քանակությամբ է դառնում գոլի հեղինակ, սակայն ընտրել ենք հենց Ջեյմի Վարդիին, քանի որ Լևանդովկսին «Բավարիայի» կազմում պարտավոր է այդքան գոլեր խփել, «Բավարիայի» ամբիցիաներն են այլ, իսկ «Լեսթերին» և Վարդիին ամեն օր չէ որ բարձրունքում ենք տեսնում։

Լավագույն տրանսֆեր

Առանձնացրել ենք ոչ թե կոնկրետ որևէ թիմի կողմից որևէ խաղացողի ձեռքբերում, այլ մի ամբողջ թիմի տրանսֆերային արշավ։ Միլանի «Ինտերը» չեմպիոնական պայքարի մեջ հայտնվեց նաև իր ճիշտ տրանսֆերային քաղաքականության շնորհիվ։ Թիմի ամենալուրջ ձեռքբերումը միանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է, իսկ խաղացողներից կառանձնացնենք Ռոմելու Լուկակուին և Ստեֆանո Սենսիին, ով, ցավոք, վնասվածքի պատճառով աշնանային հատվածի մի մասը բաց թողեց։ Լուկակուն «Ինտերի» կազմում վերգտել է իր խաղը և 12 գոլով ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն է , իսկ Սենսին թիմի միջին օղակը բալանսավորող ֆուտբոլիստ է և այդ առաջադրանքը երիտասարդ իտալացին հիանալի է կատարում։ Նշենք նաև, որ «Ինտերը» ամռանը ձեռք է բերել նաև այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Ալեքսիս Սանչեսը, Նիկոլո Բարելան, Դիեգո Գոդինը, Վալենտինո Լազարոն, Քրիստիանո Բիրագին և այլք։

Այսպիսով, միասին ամփոփեցինք թոփ-5 առաջնությունների աշնանային հատվածը, իսկ երկրորդ շրջանի մեկնարկին մնացել են ընդամենը հաշված օրեր, իսկ գարնանային հատվածը խոստանում է լինել ոչ պակաս հետաքրքիր, քան աշնանային հատվածն էր։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով :)))!

Միքայել Մելիքբեկյան

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023