Հերթական գերգոլառատ թրիլլերը․ Ռեյնջերսն անհավանական հաղթանակ կորզեց🎥
Եվրոպա լիգայի շրջանակում ավարտվեցին 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները, որոնցից ամենահետաքրքիրը կայացավ «Բոսյել» մարզադաշտում, որտեղ բելգիական «Անտվերպենը» մրցեց Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ռեյնջերսի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսում շոնտլանդական ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, իսկ 38-րդ րոպեին Ջո Արիբոյի խփած գոլի շնորհիվ առաջ էր անցել հաշվի մեջ։
«Անտվերպենի» ֆուտբոլիստները, ովքեր առաջին կեսի մեծ մասում հիմնականում պաշտպանվում էին, նախքան ընդմիջման գնալը կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթողի կարգավիճակում գնալ հանգստի։
Նախ 45-րդ րոպեին Ֆելիպե Ավենատին հավասարեցրեց հաշիվը, ապա 45+8-րդ րոպեին Լիոր Ռաֆայելովն առաջ մղեց արդեն «Անտվերպենին»։
Հավելենք, որ առաջին խաղակեսը շատ երկար տևեց, քանի որ «Ռեյնջերսի» առաջատարներից Կեմար Ռուֆը 45+3-րդ րոպեին վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը, իսկ շոտլանդական ակումբի բուժանձնակազմը երկար ժամանակ նրան օգնություն էր ցույց տալիս։
Երկորդ կեսի մեկնարկը, կարծես, առաջինի շարունակությունը լիներ, քանի որ Ռեյնջերսի թիմը կրկին մեծ առավելություն էր ստացել և 57-րդ րոպեին, վերջո, հավասարեցրեց հաշիվը։ 11-մետրանոցից աչքի ընկավ Բորնա Բարիշիչը։
66-րդ րոպեին բելգիացիները կրկին հաղթողի դերում հայտնվեցին, իսկ «Անտվերպենին» առաջ մղեց Մարտին Օնգլան։
«Ռեյնջերսը», որը ողջ հանդիպման ընթացքում ավելի լավ տպավորություն էր թողնում, չէր համակերպվում պարտության մտքի հետ և նետվեց առաջ, որպեսզի փրկի հանդիպումը, ինչը Ջերարդի ֆուտբոլիստներին 83-րդ րոպեին հաջողվեց։
Անկյունայինի խաղարկումից հետո Ռայան Քենթի կատարած փոխանցումից հետո հաշիվը 3։3 դարձրեց Ալֆրեդո Մորելոսը։
Թվում էր ՝ կողմերն այլևս ոչնչով չեն կարող զարմացնել, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր։
88-րդ րոպեին «Անտվերպենի» պաշտպան Աբդուլայե Սեկը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչի հետևանքով ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից, իսկ հանդիպման գլխավոր մրցավար Գեորգի Կաբակովն այս խաղում երկրորդ անգամ բելգիական ակումբին պատժեց 11-մետրանոց հարվածով։
Գնդակին կրկին մոտեցավ «ռենջերների» ձախ պաշտպան Բորնա Բարիշիչը և դիպուկ հարվածով իր թիմին անհավանական հաղթանակ պարգևեց 4։3 հաշվով։
Այսպիսով, «Ռեյնջերսը» դրամատիկ պայքարում հաղթեց 4։3 հաշվով և պատասխան խաղից առաջ լուրջ առավելություն է ստանում։ Հավելենք, որ պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 21։55-ից սկսած։
# Անտվերպեն, Բորնա Բարիսիչ, ԵՎՐՈ-2020, Ռեյնջերս, Սթիվեն Ջերարդ