Կասանո․ «Տոտտիի հետ երբեմն ողջ գիշեր մասնակցում էինք ինչ-որ խնջույքի»

Կասանո․ «Տոտտիի հետ երբեմն ողջ գիշեր մասնակցում էինք ինչ-որ խնջույքի»

31/03/2021 - 17:12

Իտալիայի հավաքականի ու «Ռոմայի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է հռոմեական ակումբում իր խաղընկեր Ֆրանչեսկո Տոտտիի հետ ունեցած հիշողությունների մասին։

Ֆուտբոլիստները սկսել են ընկերություն անել 2001 թվականից, երբ Կասանոն 31 մլն եվրոյի դիմաց «Բարիից» տեղափոխվեց «Ռոմա»։ Նրանց ընկերության մասին խոսվում է նաև «Իմ անունն է Ֆրանչեսկո Տոտտի» ֆիլմում, որը նկարահանվել է Sky Italia-ի կողմից։

Կասանոն քննադատել է ֆիլմի այդ հատվածը․

«Ֆիլմի այդ հատվածն ինձ ընդհանրապես դուր չեկավ, քանի որ այնտեղ միայն 5%-ն է ճիշտ, իսկ մնացածը հորինված է։

Ֆիլմում ինձ ներկայացրել էին որպես ագրեսիվ մի մարդ, որից Տոտիի ընտանիքը, պարզապես, չէր կարողանում ազատվել։ Լսե՛ք, ես խոստովանում եմ, որ, հաճախ գտնվելով տանից դուրս, կարող եմ ինձ պահել աննորմալի պես, բայց Ֆրանչեսկոյի տանը ինձ մշտապես լավ եմ պահել։

Նույնիսկ չեմ էլ ուզում խոսել այն դերասանի մասին, ով իմ դերն էր խաղում։ Ես, միգուցե, գեղեցիկ չեմ, սակայն նա ավելի վատն է։ Տոտտիի դերակատարն էլ ավելի շատ նման է Մատիա Պերինին (խմբ․՝ «Ջենոայի» դարպասապահը)։

Երբ նոր էի տեղափոխվել «Ռոմա», առաջին 5-6 ամիսների ընթացքում Տոտտին որևէ հարաբերություն չուներ, այդ պատճառով էլ մենք առավոտից երեկո միասին էինք լինում։ Երբեմն մենք ողջ գիշեր մասնակցում էինք ինչ-որ խնջույքի, իսկ առավոտյան հենց այդտեղից էլ գնում էինք մարզման։

Հետագայում Տոտտիի կյանքում աղջիկ հայտնվեց, իսկ ես տարբեր հիմարություններ շարունակում էի միայնակ անել։ Այդ ժամանակ ես ընդամենը 20 տարեկան էի»,- նշել է Կասանոն, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Անտոնիո Կասանոն «գայլերի» կազմում հանդես է եկել 2001-2006 թթ․, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 161 հանդիպում՝ դառնալով 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Ֆրանչեսկո Տոտտիին, ապա հռոմեական ակումբի լեգենդար նախկին ավագը «Ռոմայի» գույները պաշտպանել է 1993-2017 թթ․, իսկ այդ ընթացքում անցկացրել է 785 հանդիպում՝ դառնալով 307 գոլի և 184 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Ռոմայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է և երբևէ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023