Անհավանական Բենֆիկա! «Արծիվները» ջախջախեցին Մաքքաբիին` առաջին տեղով դուրս գալով ՉԼ փլեյ-օֆֆ 🎥
Չեմպիոնների լիգայի վերջին`6-րդ տուրում «Բենֆիկան» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Մաքքաբի հայֆայի» դեմ։
«Արծիվները» պարզապես քարը քարի վրա չթողեցին իսրայելական ակումբին` ջախջախելով 6:1 հաշվով։
Ռոջեր Շմիդտի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Գոնսալու Ռամուշը, Պետար Մուսան, Ալեքս Գրիմալդոն, Ռաֆա Սիլվան, Էնրիկե Արաուխոն ու Ժոաո Մարիուն։
«Մաքքաբիի» միակ գոլը խփեց Տիարոն Շերին։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Յուվենտուս» 1:2 ՊՍԺ
H խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Բենֆիկա» – 14 միավոր
- ՊՍԺ – 14 միավոր
- «Յուվենտուս» – 3 միավոր
- «Մաքքաբի» – 3 միավոր
Այսպիսով, «Բենֆիկան» ու ՊՍԺ-ն նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Յուվենտուսը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։
Նշենք, որ «Բենֆիկան» ՊՍԺ-ին գերազանցեց միայն արտագնա խաղերում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ։
Կողմերի միջև կայացած երկու խաղերում էլ գրանցվել էր 1:1 հաշիվը, սակայն «Մաքքաբիի» դեմ հանդիպման 90+2-րդ րոպեին Ժոաո Մարիուն ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, ինչից հետո փարիզյան ակումբի և «արծիվների» միջև հավասարվեց նաև խփած ու բաց թողած գոլերի հարաբերակցությունը (14:7)։
Տվյալ դեպքում ՈՒԵՖԱ-ն առավելություն է տալիս այն ակումբին, որն ավելի շատ գոլ է խփել արտագնա խաղերում. «Բենֆիկան» խփել է 9, ՊՍԺ-ն` 6 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Գրիմալդո, բենֆիկա, Գոնսալու Ռամուշ, Ժոաո Մարիու, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռաֆա Սիլվա, Ռոջեր Շմիդտ