Անզիջում պայքար «Էնֆիլդում»․ Լիվերն ապացուցում է իր չեմպիոնական  ամբիցիաները🎥

Անզիջում պայքար «Էնֆիլդում»․ Լիվերն ապացուցում է իր չեմպիոնական ամբիցիաները🎥

17/12/2020 - 01:54

Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին առաջնության առաջատարներ «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»։

Ինչպես և սպասվում էր հանդիպումն անցավ մերսիսայդյան ակումբի առավելությամբ, որը հենց մեկնարկից տիրեց նախաձեռնությանը, իսկ «Տոտենհեմը» հնարավորության դեպքում հակագրոհում էր։

Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց Մո Սալահը, ում հարվածից հետո գնդակը, անդրադառնալով Էրիկ Դայերից, հայտնվեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասում։

30-րդ րոպեին «շնաձկներն» իրենց սակավաթիվ գրոհներից մեկը վերածեցին գոլի։ «Տոտենհեմի» ֆուտբոլիստները նետվեցին արագ հակագրոհի, ինչի արդյունքում Ջովանի Լո Չելսոն հիանալի փոխանցումով մեն-մենակ դուրս բերեց Հին Մին Սոնին, ով էլ մոտ տարածությունից չվրիպեց։

Երկրորդ խաղակեսում կողմերի միջև ավելի հավասար պայքար ընթացավ․ երկու ակումբներն էլ ունեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություններ․ հատկապես հիաշատկման է արժանի Սվեն Բերգվայնի դրվագը, երբ հոլանդացի վինգերի հարվածից հետո «Լիվերպուլին» փրկեց դարպասաձողը։

Խաղի հաշիվը բավականին երկար ժամանակ չէր փոխվում և թվում էր, թե կողմերը կկիսեն միավորը, սակայն 90-րդ րոպեին տանտերերն անկյունային հարվածի իրավունք ստացան ձախ եզրից։ Էնդրյու Ռոբերտսոնի կատարած փոխանցումից հետո Ռոբերտո Ֆիրմինոն գլխի տպավորիչ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի սաները վաստակեցին 28 միավոր, շրջանցեցին «Տոտենհեմին» և դարձան առաջնության միանձնյա առաջատարը, իսկ Ժոզե Մոուրինիոյի թիմը 25 միավորով 2-րդն է։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023