Այաքսի դարպասապահը  որակազրկվել է 1 տարով

Այաքսի դարպասապահը որակազրկվել է 1 տարով

05/02/2021 - 16:50

Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբի և Կամերունի հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան ՈՒԵՖԱ-ի կողմից որակազրկվել է 1 տարով։ Պատճառը ՈՒԵՖԱ-ի դոպինգային քաղաքականության խախտումն է։ Որակազրկումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից ի վեր և տարածվում է ինչպես միջազգային, այնպես էլ ազգային ներքին առաջնությունների վրա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա դարպասապահը 2020 թվականի հոկտեմբերի 30-ին դոպինգ-թեստ է հանձնել, ինչը դրական արդյունք է ցույց տվել։ Ֆուտբոլիստի մեզի մեջ ֆուրսոմեիդի հետքեր էին հայտնաբերվել, ինչն արգելված դեղամիջոց է ՈՒԵՖԱ-ի կողմից։

Օնանան այդ ամենը բացատրել է նրանով, որ այդ օրն ինքը հիվանդ է եղել և լավ չի զգացել իրեն։ Նա դեղահաբ է ընդուենել, որպեսզի բարելավի իր ֆիզիկական վիճակը, սակայն չի իմացել, որ դրանք իր կնոջ դեղահաբերն են։

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն հասկանում է, որ դարպասապահը մտադիր չի եղել դիտավորյալ արգելված դեղահաբեր ընդունել, սակայն, ըստ հակադոպինգային կանոնակարգի, մարզիկները պետք է միշտ ուշադիր լինեն, որ նմանատիպ դեղահաբեր չընդունեն, իսկ ընդունելու դեպքում էլ ենթարկվում են պատասխանատվության։

«Այքասը» և Անդրե Օնանան պատրաստվում են բողոքարկել ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումը՝ դիմելով Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան՝ CAS: «Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարի խոսքերով, ակումբը հուսով է, որ կհաջողվի կասեցնել ֆուտբոլիստի որակազրկումը կամ էլ կրճատել դրա ժամկետը։

Հավելենք, որ Անդրե Օնանան «Բարսելոնայի» սան է, սակայն 2015 թվականի հունվարին 150 հազար եվրոյի դիմաց տեղափոխվեց «Այաքս», որի կազմում մինչ այժմ անցկացրել է 204 հանդիպում՝ 83 անգամ դարպասը պահելով անառիկ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023