Անգլիան շարունակում է չտպավորել, սակայն առաջին տեղով նվաճեց փլեյ-օֆֆ-ի ուղեգիր🎥
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Անգլիայի հավաքականը D խմբի շրջանակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Չեխիայի ընտրանու դեմ։
Հանդիպման հաշիվը կարող էր բացվել արդեն 2-րդ րոպեին. հարվածային դիրքում էր հայտնվել Անգլիայի հավաքականի վինգեր Ռահիմ Սթերլինգը, սակայն նրա «կախած» հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Խաղի մեկնարկը հիմնականում անցնում էր «երեք առյուծների» առավելությամբ, և 12-րդ րոպեին, ի վերջո, Սթերլինգը խփեց իր գոլը` եզրափակելով Ջեք Գրիլիշի փոխանցումը։
26-րդ րոպեին աչքի ընկնելու շատ լավ պահ ուներ Հարի Քեյնը։ 27-ամյա հարձակվողը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հարվածեց, սակայն Չեխիայի դարպասապահ Տոմաշ Վացլիկը հեռացրեց գնդակը։
Նախքան ընդմիջման գնալը Յարոսլավ Շիլհավիի սաները հավասարեցնելու հիանալի պահ ունեին, սակայն Տոմալ Հոլեշի կատարած հարվածից հետո փայլելու հերթն անգլիացիների դարպասպահ Ջորդան Պիկֆորդինն էր։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին տանտերերի նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսում բացարձակ անհետաքրքիր ֆուտբոլ էր. չկային ո՛չ գոլային պահեր, ո՛չ էլ հարվածներ։ Տպավորություն էր, թե կողմերին ձեռնտու է այդ հաշիվը։
Ինչպես պարզվեց հետագայում, Ռահիմ Սթերլինգի գոլն այս խաղուվ միակն էր, և Գարեթ Սաութգեյթի սաները հաղթեցին 1:0 հաշվով։
Անգլիայի հավաքականը D խմբի շրջանակում վաստակեց 7 միավոր և 1-ին տեղով նվաճեց փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։
Չեխիան էլ մնաց 4 միավորով, նահանջեց 3-րդ տեղ, սակայն նույնպես պայքարը շարուանկելու է 1/8 եզրափակչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Գարեթ Սաութգեյթ, ԵՎՐՈ-2020, Չեխիայի հավաքական, Ռահիմ-Սթերլինգ