Անգլիական գրանդն առաջիկա օրերին կհայտարարի Հալանդի տրանսֆերի մասին
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «քաղաքաբնակները» շատ մոտ են գործարքն ավարտին հասցնելուն։
Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը դեռևս ապրիլի 12-ին Հալանդի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Բորուսիայի» հետ ու գործարքի դիմաց կվճարի 75 մլն եվրո։
Հենց այդքան է կազմում նորվեգացի ֆուտբոլիստի և «Բորուսայի» միջև գործող պայմանագրով հրաժարագինը։
Սկիրան հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կկնքի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 30 մլն եվրո։
Իտալացի ինսայդերը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է նաև, որ «Սիթին» Էրլինգ Հալանդի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկա օրերին։
Հատկանշական է, որ Հալանդի` «Մանչեսթեր Սիթի» տեղոխության մասին լուրը հաստատում է նաև բրիտանական հեղինակավոր պարբերականներից The Athletic-ը։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը «Բորուսիա Դորտմունդի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հունվարից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 88 հանդիպում` դառնալով 85 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ