Անգլիական գրանդը Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի հարցում բանակցություններ է սկսել Բարսելոնայի հետ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը Դե Յոնգի տրանսֆերի հարցում արդեն բանակցություններ է սկսել «բլաուգրանայի» հետ։
«Կարմիր սատանաները» կատալոնական ակումբին դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չեն կատարել, սակայն հայտնի է, որ «Բարսելոնան» իր ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 85 մլն եվրո։
Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, ով հոլանդացի ֆուտբոլիստի հետ 2017-19 թթ. աշխատել է «Այաքսի» կազմում։
Տեն Հագը ցանկանում է վերամիավորել Ֆրենկի դե Յոնգ – Դոնի վան դե Բեկ զույգը, որը փայլում էր ամստերդամյան ակումբի կազմում։
Այդուհանդերձ, չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրվածությանը` հոլանդացի կիսապաշտպանը մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից» և ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում։
25-ամյա ֆուտբոլիստը վերջերս տված մամուլի ասուլիսների և հարցազրույցների ժամանակ էլ բազմից ակնարկել է, որ մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը։
Նշվում է, որ «Յունայթեդի» համար սա հեշտ գործարք չի լինելու, սակայն դրա իրագործումը շատ իրատեսական է, քանի որ «Բարսելոնան», հաշվի առնելով ակումբի ներկա ֆինանսական վիճակը, մեծ է հավանականությունը, որ կվաճառի իր ֆուտբոլիստին, եթե ստանա շահավետ առաջարկ։
Հավելենք, որ Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 139 հանդիպում` դառնալով 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դոնի-վան-դե-Բեկ, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆրենկի-դե-Յոնգ