Անգլիական գրանդը կարծում է, որ Ռեալն ու Բորուսիան Բելինգհեմի տրանսֆերային արժեքի հարցում չեն հասնի համաձայնության և շարունակում է մնալ նրա համար մղվող պայքարում
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ապագան շարունակում է մնալ անորոշ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիացի կիսապաշտապանին ձեռք բերելուն ամենամոտը «Ռեալ Մադրիդն» է, որն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել 19-ամյա ֆուտբոլիստի հետ:
Այդուհանդերձ, ըստ ESPN-ի տեղեկությունների, «Մանչեսթեր Սիթին» նույնպես շարունակում է մնալ Բելինգհեմի համար մղվող պայքարում, քանի որ «քաղաքաբնակները» կարծում են, որ «Ռեալն» ու «Բորուսիան» ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի հարցում չեն հասնի համաձայնության:
«Սիթիի» ղեկավարները նման տպավորություն ունեն, քանի որ «արքայական» ակումբը նույնպես դեռևս փակված չի համարում Բելինգհեմի գործարքը:
«Սերուցքայինները» դեռևս պետք է բանակցություններ վարեն «Բորուսիայի» ղեկավարության հետ՝ հստակեցնելու անգլիացի կիսապաշտպանի տրանսֆերային վերջնական արժեքը:
Բացի դրանից, «Ռեալը» զգուշանում է «Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական հզորությունից և կայունությունից և հույսը դնում է Բելինգհեմի՝ «արքայական» ակումբ տեղափոխվելու ցանկության վրա:
ESPN-ը հաստատում է նաև, որ մանկունյանական ակումբի տրանսֆերային հարցերով ղեկավարները նախնական բանակցություններ են վարել Բելինգհեմի գործակալների հետ, սակայն դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չեն կատարել նրան:
Նշենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Բելինգհեմը դառնալու է «Ռեալի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը, որի դիմաց «արքայական» ակումբը պատրաստ է վճարել 130 մլն ֆունտ (148 մլն եվրո):
Հավելենք, որ Ջուդ Բելինգհեմը «Բորուսիայի» շարքերը համալրել է 2020 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 131 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր-Սիթի, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ