Անատամ ֆուտբոլ Բարսելոնայի կողմից և միավորների կորուստ?
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվել էր երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Սևիլիային»։
Խաղի մեծ մասում «Բարսելոնան» վերահսկում էր խաղի ընթացքը՝ փորձելով վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասին, սակայն ողջ խաղի ընթացքում կատալոնական ակումբն այդպես էլ իրական՝ 100%-անոց գոլային որևէ պահ չստեղծեց մրցակցի դարպասի մոտ։
Առաջին խաղակեսում կարելի է հիշատակել Լեո Մեսսիի իրացրած երկու տուգանային հարվածները։ Առաջին դրվագում «Սևիլիային» վերահաս վտանգից փրկեց պաշտպան Ժյուլ Կունդեն, իսկ երկրորդ դրվագում՝ դարպասապահ Տոմաշ Վացլիկը։
Երկրորդ խաղակեսում «Սևիլիան» ավելի հետաքրքիր տեսք ուներ, իսկ տանտերերի գրոհներն ավելի սուր ու վտանգավոր էին։
55-րդ րոպեին հարձակման աջ եզրում «Սևիլիան» տուգանային հարվածի իրավունք ստացավ, որի արագ խաղարկումից հետո Խեսուս Նավասը հարվածային դիրք դուրս բերեց Լուկաս Օկամպոսին, սակայն նրա հարվածից հետո հիանալի խաղաց Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։
57-րդ րոպեին էլ ձախ եզրից կատարած հարվածից հետո քիչ մնաց աչքի ընկներ Մունիր Էլ Հադադին, սակայն Տեր Շտեգենը կրկին հիանալի խաղաց։
Հանդիպման վերջին 15 րոպեները մեծամասամբ անցան «Բարսելոնայի» առավելությամբ, սակայն կատալոնական ակումբի խաղում բացարձակ սրություն չկար, ինչն էլ հանգեցրեց նրան, որ մինչև խաղավարտ կատալոնացիները իրական վտանգավոր պահ չստեղծեցին Վացլիկի դարպասի մոտ։ Կարելի է առանձնացնել միայն Լեո Մեսսիի և Լուիս Սուարեսի դրվագները, երբ 73-րդ րոպեին արգենտինացու հերթական իրացրած տուգանային հարվածից հետո Տոմաշ Վացլիկը փրկեց անդալուսական ակումբին, իսկ 88-րդ րոպեին Լուիս Սուարեսի անչափ նպաստավոր դիրքից կատարած հարվածը բարձր ստացեց։
Հանդիպման վերջին րոպեին «Սևիլիան» քիչ մնաց, ի վերջո, հաղթանակ կորզեր։ 90-րդ րոպեին ձախ եզրում գրոհ «Սևիլիայի» ֆուտբոլիստները զարգացրին, ինչի արդյունքում Ֆրանկո Վասկեսը բարձր փոխանցում կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Յուսուֆ Էն-Նեսերին հաղթող դուրս եկավ օդային մենապայքարում, ինչի արդյունքում գնդակը հայտնվեց Սերխիո Ռեգուլիոնի մոտ, սակայն նրա մոտ տարածությունից կատարած հարվածը պարզապես չստացվեց, և Տեր Շտեգենը հեշտությամբ որսաց գնդակը։
Այսպիսով, «Բարսելոնան» անչափ անատամ հանդիպում անցկացրեց։ Կատալոնացիների խաղում բացակայում էր սրությունը, իսկ Կիկե Սետիենը փոփոխությունների միջոցով չփորձեց ազդել խաղի ելքի վրա, իսկ այն փոփոխությունները, որոնք կատարվել էին կա՛մ չափազանց ուշացած էին, կա՛մ էլ սխալ սխալ էին։ «Սևիլիան» ավելի հետաքրքիր տեսք ուներ և ավելի մոտ էր հաղթանակին։ Ամեն դեպքում, կողմերին այսօր վիճակված չէր հաղթանակ կորզել։
«Բարսելոնան» վաստակեց 65 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ռեալին» գերազանցելով ընդամենը 3 միավոր։ Եթե «արքայական» ակումբը հունիսի 21-ին կայանալիք իր խաղում հաղթի, ապա կրկին կգլխավորի մրցաշարային աղյուսակը։ Այդ օրը «Ռեալը» հյուրընկալվելու է «Ռեալ Սոսիեդադին»։ «Սևիլիան» 52 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Լուկաս Օկամպոս, Մարկ Անդրե Տեր Շտեգեն, Սևիլիա