Այս թիմը սիրում է թոփ թիմերին տխրեցնել․Վուլվերհեմպտոն 3։2 Մանչեսթեր Սիթի?
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում ավարտվեց 19-րդ տուրը։ Տուրի վերջին խաղում եվրագավաթային գոտում ընթացող «Վուլվերհեմպտոնը» սեփական հարկի տակ մրցեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հանդիպումն ավարտվեց «գայլերի» գերկամային հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Խաղի ընթացքում իրադարձությունները շատ բուռն ու անսպասելի էին զարգանում։
Նախ՝ 12-րդ րոպեին Դիեգու Ժոտան մեն-մենակ դուրս եկավ «քաղաքաբնակների» դարպասապահ Էդերսոնի դեմ։ Բրազիլացի դարպասապահը միայն խախտման գնով կարողացավ կանգնեցնել պորտուգալացի հարձավկողին, ինչի համար ստացավ կարմիր քարտ։
Այնուհետև, 21-րդ րոպեին Ռիյադ Մարեզն իր թիմի համար վաստակեց 11 մետրանոց, որը Մարտին Ատկինսոնը հաստատեց միայն իր վիդեո-օգնականների հետ երկար քննարկելուց հետո։ Գնդակին մոտեցավ Ռահիմ Սթերլինգը, ում հարվածից հետո Ռուի Պատրիսոն հետ մղեց գնդակը, սակայն, ինչպես ցույց տվեց VAR-ը, հարվածը պետք էր կրկնել, քանի որ հարվածի դրվագում պորտուգալացի դարպասապահը ցատկել էր ավելի շուտ, քան կհարվածեր Սթերլինգը։ Երկրորդ հարվածի ժամանակ Պատրիսիոն կրկին հետ մղեց գնդակը, սակայն վրա հասած Սթերլինգը երրորդ փորձից կարողացավ գրավել դարպասը։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 50-րդ րոպեին, առաջնության լավագույն ասիստենտ Կևին դե Բրոյնեն ոսկերչական փոխանցում կատարեց նույն Ռահիմ Սթերլինգին, ով վարպետորեն գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 0։2։
Եվ երբ թվում էր, թե «Սիթին» նույնիսկ 10 հոգով հանդիպումը կհասցնի տրամաբանական ավարտին, գործի անցան «Վուլվզի» հարձակվողները։ Նախ` 55-րդ րոպեին Ադամա Տրաորեն կրճատեց հաշվի տարբերությունը, ապա 82-րդ րոպեին նույն Տրաորեն, օգտվելով Բենջամեն Մենդիի սխալից, գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղից էլ Ռաուլ Խիմենեսը գրավեց Կլաուդիո Բրավոյի դարպասը։ Իսկ 89-րդ րոպեին տանտերերը հիանալի գրոհ խաղարկեցին․ Մեթ Դոհերթին «պատ» խաղալով Ռաուլ Խիմենեսի հետ, դուրս եկավ հարվածային դիրք և ձախ ոտքի հիանալի հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այսպիսով, Նունու Էսպիրինտու Սանտուի սաները տանելով գերկամային հաղթանակ, վաստակեցին 30 միավոր, ավելի մոտենալով 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիին»․ նրանց միջև տարբերությունը կրճատվեց մինչև 2 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» պարտվելով` ձեռքից բաց թողեց 2-րդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունը։ Պեպ Գվարդիոլայի սաները 38 միավորով 3-րդն են։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Վուլվերհեմփթոն