Այսօր տեղի կունենան Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանությունները

Այսօր տեղի կունենան Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանությունները

13/12/2021 - 12:04

Այսօր` դեկտեմբերի 13-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, տեղի կունենա միանգամից երեք վիճակահանություն։

Նախ Երևանի ժամանակով 15:00-ից սկսած` կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։

Մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած 16 ակումբները բաժանվել են երկու զամբյուղների։ Խմբերի հաղթողներն ընդգրկվել են առաջին, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբները` երկրորդ զամբյուղում։

Նշենք, որ մրցաշարի 1/8 եզրափակիչում միմյանց հետ չեն կարող զույգ կազմել նույն երկրի երկու ակումբներ, ինչպես նաև միևնույն խմբում հանդես եկած ակումբները։

Հավելենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանի փլեյ-օֆֆ-ում չի գործելու արտագնա գոլի օրենքը, այսինքն, եթե երկու հանդիպումների արդյունքում գրանցվի ոչ-ոքի, ապա խաղը տեղափոխվելու է լրացուցիչ ժամանակ` անկախ որևէ ակումբի` մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ խփելու հանգամանքից։

Զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – «Այաքս», «Բավարիա», «Լիվերպուլ», «Լիլ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ Մադրիդ», «Յուվենտուս»

Երկրորդ զամբյուղ – «Ատկետիկո Մադրիդ», «Բենֆիկա», «Վիլյառեալ», «Զալցբուրգ», «Ինտեր», ՊՍԺ, «Սպորտինգ», «Չելսի»

Երևանի ժամանակով 16:00-ից սկսած` տեղի կունենա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը։

Մրցաշարի այս փուլի ուղեգիր նվաճել են Եվրոպա լիգայի խմբերում երկրորդ և Չեմպիոնների լիգայի խմբերում երրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբները։

Եվրոպա լիգայի խմբերից ուղեգիր նվաճածներն ընդգրկվել են վիճակահանության առաջին, իսկ ՉԼ-ից նվաճածները` երկրորդ զամբյուղում։

Ինչպես Չեմպիոնների լիգայի դեպքում, այնպես էլ Եվրոպա լիգայում նույն երկրների ներկայացուցիչները փլեյ-օֆֆ-ի այս հատվածում չեն կարող մրցել միմյանց դեմ, չի գործելու նաև արտագնա գոլի օրենքը։

Զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – «Բետիս», «Բրագա», «Դինամո Զագրեբ», «Լացիո», «Նապոլի», «Օլիմպիակոս», «Ռեալ Սոսիեդադ», «Ռեյնջերս»

Երկրորդ զամբյուղ – «Ատալանտա», «Բարսելոնա», «Բորուսիա Դորտմունդ», «Զենիթ», «Պորտու», «Լայպցիգ», «Սևիլիա», «Շերիֆ»

Նշենք, որ 1/16 եզրափակիչը հաղթահարած ակումբները կմիանան 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած 8 ակումբներին` «Լիոնին», «Մոնակոյին», «Սպարտակ Մոսկվային», «Այնտրախտին», «Գալաթասարային», «Ցրվենա Զվեզդային», «Բայերին» և «Վեսթ Հեմին»։

Երևանի ժամանակով 17:00-ից սկսած էլ` տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը։

Մրցաշարի այս փուլի ուղեգիր նվաճել են Կոնֆերենցիաների լիգայի խմբերում երկրորդ և Եվրոպա լիգայի խմբերում երրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբները, որոնք նույնպես բաժանվել են երկու զամբյուղների։

Այս մրցաշարի դեպքում նույնպես 1/16 եզրափակիչում նույն երկրների ներկայացուցիչները չեն կարող միասին զույգ կազմել, ինչպես նաև չի գործելու արտագնա գոլի օրենքը։

Զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – «Բուդե Գլիմտ», «Քարաբաղ», «Մաքքաբի Թել Ավիվ», ՊԱՕԿ, «Պարտիզան», «Ռանդերս», «Սլավիա», «Տոտենհեմ»/«Վիտես»

Երկրորդ զամբյուղ – «Լեսթեր», «Միտդյուլլան», «Մարսել», ՊՍՎ, «Ռապիդ Վիեննա», «Սելթիկ», «Սպարտա Պրահա», «Սլավիա Պրահա», «Ֆեներբախչե»

Նշենք, որ 1/16 եզրափակիչը հաղթահարած ակումբները կմիանան 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած 8 ակումբներին` ԼԱՍԿ-ին, «Գենտին», «Ռոմային», «ԱԶ Ալկմարին», «Ֆեյենորդին», «Կոպենհագենին», «Ռենին», «Բազելին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023