Այսօր կկայանա Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը

Այսօր կկայանա Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը

29/05/2024 - 10:43

Այսօր` մայիսի 29-ին, Հունաստանի «ԱԵԿ Արենա» մարզադաշտում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 խաղարկության եզրափակիչը. միմյանց դեմ են մրցելու «Օլիմպիակոսը» (Հունաստան) և «Ֆիորենտինան» (Իտալիա)։

Հունական ակումբը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալու եվրագավաթային որևէ մրցաշարի եզրափակիչում։ Բացի այդ, «Օլիմպիակոսն» անցնող 53 տարում առաջին հունական ակումբն է, որը խաղալու է եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում։ Նախորդ անգամ նման հաջողության հասել է «Պանատինայկոսը», որը Եվրոպական չեմպիոնների գավաթի (Խմբ.` Ներկայիս Չեմպիոնների լիգան) 1970/71 խաղարկության վճռորոշ խաղում 0:2 հաշվով պարտվել է Ամստերդամի «Այաքսին»։

«Ֆիորենտինան» երկրորդ տարին անընդմեջ խաղալու է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում։ Նախորդ խաղարկությունում Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 1:2 հաշվով պարտվեց անգլիական «Վեսթ Հեմին»` վճռորոշ գոլը բաց թողնելով միայն 90-րդ րոպեին։ Իտալական ակումբը նախկինում մեկական անգամ խաղացել է Եվրոպական չեմպիոնների գավաթի (1956/57, «Ռեալ Մադրիդ», 0:2) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1989/90, «Յուվենտուս», 1:3, 0:0) եզրափակիչներում, սակայն պարտվել է։

Բացի այդ, «մանուշակները» 1960/61 և 1961/62 մրցաշրջաններում երկու անգամ անընդմեջ դուրս են եկել Գավաթակիրների գավաթի եզրափակիչ։ Առաջին փորձը հաջող է եղել. «Ֆիորենտինան» երկու խաղերի արդյունքում ընդհանուր 4:1 (2:0 և 2:1) հաշվով առավելության է հասել Գլազգոյի «Ռեյնջերսի» նկատմամբ ու նվաճել բաղձալի գավաթը։ Հաջորդ մրցաշրջանում եզրափակիչում «մանուշակներն» ընդհանուր 1:4 հաշվով (1:1, 0:3) զիջեցին Մադրիդի «Ատլետիկոյին»։

1961 թ. նվաճած եվրագավաթային տիտղոսը դեռևս միակն է «Ֆիրոնետինայի» պատմության մեջ։

Մինչև այս խաղը «Օլիմպիակոսն» ու «Ֆիորենտինան» երբեք չեն մրցել միմյանց դեմ։ Սա կողմերի առաջին հանդիպումն է լինելու։

Հանդիպումը սպասարկելու է հետևյալ մրցավարական անձնակազմը.

Գլխավոր մրցավար – Արթուր Դիաշ (Պորտուգալիա)

Եզրային մրցավարներ – Պաուլու Սոարեշ, Պեդրու Ռիբեյրու (երկուսն էլ` Պորտուգալիա)

Չորրորդ մրցավար – Գլեն Նյուբերգ (Շվեդիա)

VAR համակարգի պատասխանատուներ – Տիագու Մարտինշ (Պորտուգալիա), Քրիստիան Դինգերտ, Մարկո Ֆրից (երկուսն էլ` Գերմանիա)

Հիշեցնենք, որ «Օլիմպիակոս» – «Ֆիորենտինա» հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023