Այսօր կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչը

Այսօր կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչը

22/05/2024 - 11:39

Այսօր` մայիսի 22-ին, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կայանալու է Եվրոպա լիգայի 2023/24 խաղարկության եզրափակիչը. միմյանց դեմ կմրցեն «Ատալանտան» ու Լևերկուզենի «Բայերը»։

Իտալական ակումբը պատմության մեջ առաջին անգամ է դուրս եկել եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ։ «Բայերը» վերջին անգամ եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում խաղացել է 2001/02 մրցաշրջանում, երբ Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղում 1:2 հաշվով զիջեց Մադրիդի «Ռեալին»։

«Դեղագործները» պատմության մեջ մեկ անգամ հաղթել են Եվրոպա լիգան։ 1987/88 մրցաշրջանում «Բայերը» երկու խաղերի արդյունքում 11-մետրանոցներով հաղթեց «Էսպանյոլին»։ Այդ ժամանակ եզրափակիչը բաղկացած էր երկու դիմակայությունից, իսկ մրցաշարը դեռ կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։

«Ատալանտան» և «Բայերը» մինչև այս հանդիպել են ընդամենը երկու անգամ։ Եվրոպա լիգայի 2021/22 խաղարկությունում կողմերը հանդիպեցին 1/8 եզրափակիչում. Ջան Պիեռո Գասպերինիի թիմը երկու խաղում էլ հաղթեց` նախ Բերգամոյում 3:2, ապա Լևերկուզենում` 1:0 հաշվով։

Հիշեցնենք, որ «Բայերը» 2023/24 մրցաշրջանում անցկացրած բոլոր 51 խաղերում դեռ անպարտելի է։

«Ատալանտա» – «Բայեր» հանդիպումը սպասարկելու է հետևյալ մրցավարական անձնակազմը.

Գլխավոր մրցավար – Իշտվան Կովաչ (Ռումինիա)

Եզրային մրցավարներ – Վասիլե Ֆլորին Մարինեսկու, Օվիդիու Արտենե

Չորրորդ մրցավար – Իվան Կռուժլիակ (Սլովակիա)

VAR համակարգի պատասխանատուներ – Պոլ վան Բյուկել, Ռոբ Դիպերնիկ (երկուսն էլ` Նիդերլանդներ), Կետելին Պոպա (Ռումինիա)

Հավելենք, որ «Ատալանտա» – «Բայեր» հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023