Այսօր կկայանա Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության վիճակահանությունը

Այսօր կկայանա Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության վիճակահանությունը

16/12/2021 - 11:27

Այսօր` դեկտեմբերի 16-ին` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած` տեղի կունենա Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության վիճակահանությունը։

Ազգերի լիգայի 2022/23 խաղարկությանը մասնակցելու են ՈՒԵՖԱ-ի բոլոր` 55 անդամ-պետությունները, որոնք բաժանվելու են 4 դիվիզոնների` A, B, C և D, որոնցից յուրաքանչյուրն էլ` առանձին ենթախմբերի։

Դիվիզիոնները ձևավորվել են` ըստ Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության արդյունքների։

Յուրաքանչյուր դիվիզիոնի վիճակահանության համար հավաքականները բաժանվել են զամբյուղների, որոնք, բացի A դիվիզիոնի առաջին զամբյուղից, ձևավորվել են` ըստ հավաքականների` ՈՒԵՖԱ-ի վարկանիշի։

A դիվիզիոնի առաջին զամբյուղը ձևավորվել է Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության արդյունքների հիման վրա և ընդգրկված են այն հավաքականները, որոնք հաղթել էին իրենց ենթախմբերում ու մասնակցում էին մրցաշարի եզրափակիչ հատվածին։

Հավելենք, որ C և D դիվիզիոնների զամբյուղները դեռ չունեն վերջնական տեսքը, քանի որ 2020/21 խաղարկության C դիվիզիոնի 4 խմբերի վերջին հորիզոնականը զբաղեցրած հավաքականները դեռևս միմյանց միջև փլեյ-օֆֆ հանդիպումներ պետք է անցկացնեն։

2022 թ. մարտի 24 և 29-ին տեղի կունենան Ղազախստան – Մոլդովա և Կիպրոս – Էստոնիա հանդիպումները, որոնք բաղկացած կլինեն երկու դիմակայություններից։

Այդ դիմակայությունների հաղթողներն Ազգերի լիգայի 2022/23 խաղարկությունում հանդես կգան C, իսկ պարտվողները` D դիվիզիոնում։

Նշենք, որ արդեն հաստատվել է Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության խաղացանկը։

Խմբային փուլի 1-2-րդ տուրի հանդիպումները կկայանան 2022 թ. հունիսի 2-8-ը, 3-4-րդ տուրի հանդիպումները` հունիսի 8-14-ը, 5-6-րդ տուրի հանդիպումները` սեպտեմբերի 22-27-ը։

Մրցաշարի եզրափակիչ հատվածի կիսաեզրափակիչները տեղի կունենան 2023 թ. հունիսի 14 և 15-ին, իսկ երրորդ տեղի ու եզրափակիչ հանդիպումները` հունիսի 18-ին։

C դիվիզիոնի իրենց ենթախմբերում պարտված հավաքականների միջև փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպումներն էլ տեղի կունենան 2024 թ. մարտի 21-23-ին, իսկ պատասխանները` մարտի 24-26-ին։

Վիճականության զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.

A դիվիզիոն

Առաջին զամբյուղ – Ֆրանսիա, Իսպանիա, Բելգիա, Իտալիա

Երկրորդ զամբյուղ – Պորտուգալիա, Հոլանդիա, Դանիա, Գերմանիա

Երրորդ զամբյուղ – Անգլիա, Լեհաստան, Շվեյցարիա, Խորվաթիա

Չորրորդ զամբյուղ – Ուելս, Ավստրիա, Չեխիա, Հունգարիա

B դիվիզիոն

Առաջին զամբյուղ – Ուկրաինա, Շվեդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Իսլանդիա

Երկրորդ զամբյուղ – Ֆինլանդիա, Նորվեգիա, Շոտլանդիա, Ռուսաստան

Երրորդ զամբյուղ – Իսրայել, Ռումինիա, Սերբիա, Իռլանդիա

Չորրորդ զամբյուղ – Սլովենիա, Չեռնոգորիա, Ալբանիա, ՀԱՅԱՍՏԱՆ

C դիվիզիոն

Առաջին զամբյուղ – Թուրքիա, Սլովակիա, Բուլղարիա, Հյուսիսային Իռլանդիա

Երկրորդ զամբյուղ – Հունաստան, Բելառուս, Լյուքսեմբուրգ, Հյուսիսային Մակեդոնիա

Երրորդ զամբյուղ – Լիտվա, Վրաստան, Ադրբեջան, Կոսովո

Չորրորդ զամբյուղ – Ղազախստան/Մոլդովա, Կիպրոս/Էստոնիա, Ջիբրալթար, Ֆարերյան Կղզիներ

D դիվիզիոն

Առաջին զամբյուղ – Ղազախստան/Մոլդովա, Կիպրոս/Էստոնիա, Լիխտենշտեյն, Մալթա

Երկրորդ զամբյուղ – Լատվիա, Սան Մարինո, Անդորրա

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023