Բորուսիան հայտնվեց անչափ ծանր դրությունում․ Այնտրախտն ամրապնդվում է 4-րդ հորիզոնականում🎥

Բորուսիան հայտնվեց անչափ ծանր դրությունում․ Այնտրախտն ամրապնդվում է 4-րդ հորիզոնականում🎥

03/04/2021 - 19:56

Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Բորուսիա Դորտմունդն» ու «Այնտրախտը»։

Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին Ֆրանկֆուրտից ժամանած հյուրերի ֆուտբոլիստները, ովքեր 11-րդ րոպեին Նիկո Շուլցի ինքնագոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։

Բաց թողած գոլից հետո դորտմունդյան ակումբը քիչ-քիչ տիրեց նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալը՝ 45-րդ րոպեին, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի լուսատախտակին վառեց 1։1 հաշիվը, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Մաթս Հումելսը։

Երկրորդ կեսն էլ մեկնարկել էր երկու կողմերի փոխնիփոխ գրոհներով, ինչի արդյունքում 66-րդ րոպեին Շտեֆան Իլզանկերը «Այնտրախտին» կրկին առաջ մղեց հաշվի մեջ, սակայն, հանդիպման գլխավոր մրցավար Մանուել Գրաֆեն խորհրդակցելով VAR համակարգի իր գործընկերների հետ, չեղարկեց գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Այդ դրվագից հետո էլ Ադի Հյութերի սաներն ավելի մոտ էին հաշվի մեջ առաջ անցնելուն, քան «Բորուսիայի» տղաները, և այդպես էլ եղավ․ 87-րդ րոպեին Անդրե Սիլվան դարձավ գոլի հեղինակ ու անչափ կարևոր հաղթանակ պարգևեց «Այնտրախտին»։

Այսպիսով, Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 2։1 հաշվով գերկարևոր հաղթանակ տարավ «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ, վաստակեց 50 միավոր և ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում։

Էդին Թերզիչի թիմն էլ հայտնվեց անչափ ծանր դրությունում։ «Բորուսիան» 43 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում և առաջնության ավարտից 7 տուր առաջ գրեթե զրկվեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

Հավելենք, որ ՉԼ ուղեգրի համար պայքարող մյուս ակումբը՝ «Վոլֆսբուրգը», սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Քյոլնին», վաստակեց 54 միավոր և վստահորեն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023