Այաքսի կատարյալ ձախողումը! Ֆեյենորդը ջախջախիչ հաղթանակ տոնեց սկանդալային խաղում 🎥
Հոլանդական Էրեդիվիզիայի 6-րդ տուրում այսօր` սեպտեմբերի 27-ին, շարունակվեց դեռևս սեպտեմբերի 25-ին մեկնարկած առաջնության գլխավոր դերբին` «Այաքս» – «Ֆեյենորդ» հանդիպումը։
Հյուրերը հանդիպման առաջին խաղակեսում պարզապես շոկի ենթարկեցին ամստերդամցիներին և երեք անգամ գրավեցին Ջեյ Գորթերի պաշտպանած դարպասը. դուբլի հեղինակ դարձավ Սանտիագո Խիմենեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իգոր Պայշաոն։
Հանդիպումը 55-րդ ընդհատվեց. գլխավոր մրցավար Սերդար Գյոզբյույուկը ստիպված էր դադարեցնել այն` «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում սկսված անկարգությունների պատճառով։
«Այաքսի» երկրպագուները, բառի բոլոր իմաստներով, չեն հանդուրժել իրենց սիրելի թիմի անփառունակ մրցելույթը։
Համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են «Այաքսի» երկրպագուները դաժանաբար կոտրում մարզադաշտի ցուցափեղկերից մեկը։
Տեղեկություններ կան նաև, որ «Այաքսի» երկրպագուները փակել են նաև մարզադաշտի գլխավոր մուտքը` թույլ չտալով երկու ակումբների բոլոր ներկայացուցիչներին լքել «Յոհան Կրոյֆ Արենան»։
Ի վերջո, Էրեդիվիզայի ղեկավարությունը որոշում կայացրեց հանդիպումը շարունակել սեպտեմբերի 27-ին և վերսկսվել 55-րդ րոպեից` կայանալով առանց երկրպագուների ներկայության։
Նախքան հանդիպման ավարտը Ռոտերդամից ժամանած հյուրերը ևս մեկ գնդակ ուղարկեցին «Այաքսի» դարպասը. կրկին աչքի ընկավ Սանտիագո Խիմենեսը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Նշենք, որ 22-ամյա մեքսիկացի հարձակվողն Էրեդիվիզիայի մեկնարկային 6 խաղերում խփել է 9 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Ֆեյենորդն» այս հաղթանակից հետո վաստակեց 14 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Այաքսն» իր ակտիվում ունի միայն 5 միավոր և 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Էրեդիվիզիա, Իգոր Պայշաո, Սանտիագո Խիմենես, Ֆեյենորդ