Այաքսը շուտով կհայտարարի ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերի մասին
«Այաքսն» անչափ մոտ է ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացնելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Ամստերդամը ներկայացնող ակումբը շուտով կհայտարարի «Վեսթ Հեմի» կենտրոնական հարձակվող Սեբաստիան Հալերին ձեռք բերելու մասին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդական ակումբը 26-ամյա իվուարցի հարձակվողի դիմաց վճարելու է 25 մլն եվրո, ինչը դառնալու է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Հավելենք, որ մինչ այս պահը «Այաքսի» ամենաթանկարժեք ձեռքբերումը եղել է բրազիլացի վինգեր Դավիդ Ներեսը, ում դիմաց հոլանդական ակումբը 2017 թվականի հունվարին «Սան Պաուլոյին» վճարել է 22 մլն եվրո։
Ռոմանոն գրում է նաև, որ Հալերն արդեն Ամստերդամում է, որտեղ «Այաքսի» համար շուտով բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի։
Սեբաստիան Հալերը «մրճահարների» կազմում հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Այն ժամանակ լոնդոնյան ակումբը «Այնտրախտին» խաղացողի դիմաց վճարել է 50 մլն եվրո։ Մինչ այս պահը Հալերը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հատկանշական է, որ 26-ամյա ֆուտբոլիստը հոլանդական Էրեդիվիզիայում հանդես գալու փորձ ունի, քանի որ 2015-2017 թթ․ խաղացել է «Ուտրեխտի» կազմում՝ 98 խաղում խփելով 51 գոլ։
# Այաքս, Այնտրախտ, Դավիդ Ներես, Ուտրեխտ, Սեբաստիան Հալեր, Վեսթ Հեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո