ԱՄՆ-ն գերդրամատիկ պայքարում հաղթեց Մեքսիկային` նվաճելով ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգան🎥
Հունիսի 7-ին` վաղ առավոտյան, Դենվերում կայաղացավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին ԱՄՆ-ի և Մեքսիկայի հավաքականները։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անչափ թեժ և դրամատիկ պայքարում է անցել, սակայն ամեն ինչ հերթով։
Հանդիպման հաշիվը բավական արագ բացվեց. 2-րդ րոպեին մեքսիկների վինգեր Խեսուս Կորոնան, օգտվելով մրցակցի պաշտպանների անփույթ խաղից, դուրս եկավ հարվածային դիրք ու գրավեց Զաք Շտեֆենի պաշտպանած դարպասը։
Դրանից հետո էլ «ացտեկները» տիրում էին նախաձեռնությանը և 24-րդ րոպեին կրկնապատկեցին հաշվի տարբերությունը, սակայն Հեկտոր Մորենոյի խփած գոլը խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկվեց։
Այդ դրվագից շատ չանցած` 27-րդ րոպեին, ամերիկացի ֆուտբոլիստները խփեցին պատասխան գնդակը. անկյունայինի խաղարկումից հետո ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվեց Ջիովանի Ռեյնան։
Նախքան ընդմիջման գնալը հանդիպման հյուրերը կարող էին կրկին առաջ անցնել հաշվի մեջ։ 43-րդ րոպեին Իրվինգ Լոզանոն մեն-մենակ մնաց ԱՄՆ հավաքականի դարպասապահ Զաք Շտեֆենի դեմ, սակայն չկարողացավ հաղթող դուրս գալ այդ մենապայքարում` հարվածելով ուղիղ նրա վրա։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում երկու հավաքականներն էլ բավական ակտիվ և դինամիկ ֆուտբոլ էին ցուցադրում` ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր։ Հատկապես, վտանգավոր էին ամերիկացիների իրացրած անկյունային հարվածները, որոնցից հետո Մեքսիկայի հավաքականի դարպասպահ Գիլերմե Օչոան մի քանի անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլից։
Երկար ժամանակ դարպասի գրավումներ չկային և այդպես մինչև 79-րդ րոպե, երբ մեքսիկացիները դիրքային գրոհից հետո հարձակման աջ եզրում հարվածային դիրք դուրս բերեցին Դիեգո Լայնեսին, ով խաբս տվեց մրցակցի մի քանի պաշտպաններին, գրավելեց դարպասի մոտակա անկյունն ու առաջ մղեց իր թիմին։
Թվում էը` այդ գոլից հետո Գրեգ Բերալթերի սաները կընկճվեն, սակայն բաց թողած գոլից ընդամենը 3 րոպե անց հերթական անկյունայինի խաղարկումից հետո «Յուվենտուսի» կիսապաշտպան Վեսթոն Մակենին գլխի դիպուկ հարվածով կրկին հավասարեցրեց խաղի հաշիվը։
Հատկանշական է, որ հանդիպման հիմնական ժամանակը ձգվեց մինչև 90+10-րդ րոպե, քանի որ խաղի ընթացքում եղել էին տարբեր դադարներ, սակայն նույնիսկ այդպիսի պայմաններում այլևս գոլեր չեղան, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ առաջ խաղակեսում գոլեր չտեսանք. երկու հավաքականներն էլ ողջ դրամատիզմը պահել էին երկրորդ կեսի համար։
Հանդիպման 107-րդ րոպեին ԱՄՆ հավաքականի ավագ Քրիստիան Պուլիշիչը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, նրան վայր գցեցին այնտեղ։
Հանդիպման գլխավոր մրցավար Ջոն Պիթին սկզբում անտեսեց այդ դրվագը, սակայն վայրկյաններ անց VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերներից իմացավ, որ Պուլիշիչի նկատմամբ կանոնների խախտում է տեղ ունեցել և անձամբ գնաց դիտեց դրվագի կրկնապատկերը ու 113-րդ րոպեին, ի վերջո, նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց տուժողը։
Բաց թողած գոլից հետո Խերարդո Մարտինոյի սաները նետվեցին առաջ, որպեսզի խփեն պատասխան գնդակը։
119-րդ րոպեին ամերիկացիների պաշտպան Մարկ Մաքենզին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց։ Հանդիպման գլխավոր մրցավարը կրկին բավական երկար դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և 123-րդ 11-մետրանոց նշանակեց արդեն տանտերերի դարպասին։
Գնդակին մոտեցավ Անդրես Գուարդադոն, սակայն նրա հարվածն անհաջող էր, և ԱՄՆ հավաքականի կազմում փոխարինման դուրս եկած դարպասապահ Էթան Հորվաթը հետ մղեց այն։
Այդ դրվագից հետո խաղը ձգվեց մինչև 131-րդ րոպե, սակայն «ացտեկներին» չհաջողվեց խփել պատասխան գնդակը։
Այպիսով, Ամերիկայի Միցայալ Նահանգների հավաքականը գերդրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Մեքսիկային և դարձավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի խաղարկության առաջին հաղթողը։
# Ազգերի լիգա, ԱՄՆ հավաքական, Անդրես Գուարդադո, Գրեգ Բերալթեր, Դիեգո Լայնես, Զաք Շտեֆեն, Էթան Հորվաթ, Խեսուս Կորոնա, Խերարդո Մարտինո, ԿՈՆԿԱԿԱՖ, ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա, Մեքսիկայի հավաքական, Ջիովանի Ռեյնա, Վեսթոն Մակենի, Քրիստիան Պուլիշիչ