Աղբյուր․ «Վեբոն առաջինն է վիրավորել ռումինացի մրցավարներին»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Պարի Սեն-Ժերմեն» – «Իստամբուլ Բաշակշեհիր» հանդիպման շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Այդ խաղը պետք է կայանար դեկտեմբերի 8-ին, սակայն ռասիստական սկանդալի պատճառով 15-րդ րոպեին դադարեցվեց։
Հանդիպման ընթացքում 4-րդ մրցավար Սեբաստիան Կոլչեսկուն գլխավոր մրցավար Օվիդիու Հացեգանին հուշեց, որ պետք է հեռացնի թուրքական ակումբի մարզիչներից մեկին։ Հացեգանն էլ հարցրել է, թե ում պետք է հեռացնի կոնկրետ, իսկ 4-րդ պաշտոնյան նշել է «սև տղային», ավելի կոնկրետ՝ նա բնութագրել է «Negro» բառով, ինչից հետո «Բաշակշեհիրի» պահեստայիններից բորբոքված վեր կացավ հարձակվող Դեմբա Բան, հարձակվեց մրցավարների վրա՝ պահանջելով բացատրություն, ինչի համար այդ դրվագում ստացավ կարմիր քարտ, որը հետագայում չեղարկվեց։ Հացեգանը պետք է հեռացներ «Իստամբուլ Բաշակշեհիրի» գլխավոր մարզչի օգնական Պիեր Վեբոյին։
Սակայն, ինչպես տեղեկացնում է ռումինացի լրագրող Էմանուել Կոշտան, առաջինը վիրավորել սկսել է հենց Վեբոն՝ ռումինացիներին անվանելով «ցիգաններ»։
««Բաշակշեհիրի» մարզիչ Պիեր Վեբոն հանդիպման 2-րդ րոպեից սկսած մրցավարներին «ցիգաններ» է անվանել։ 15-րդ րոպեին ինչ-որ մեկն ասել է․ «Մեր երկրում ռումինացիները ցիգաններ են»»,- գրել է Կոշտան։
Բացի դրանից, Կոշտան հաստատում է, որ «negru» (խմբ․՝ ռումիներենից թարգմանաբար նշանակում է սև) բառն արտաբերել է, ոչ թե խաղի 4-րդ մրցավար Կոլչեսկուն, այլ մրցավարի օգնականներից մեկը։
Հավելենք, որ խաղը կայացավ դեկտեմբերի 9-ին, որը շարունակվեց 15-րդ րոպեից։ ՊՍԺ հաղթեց 5։1 հաշվով, որի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նեյմարը, երկու անգամ էլ աչքի ընկավ Կիլիան Մբապեն։ Այդ հանդիպման համար ՈՒԵՖԱ-ն նշանակեց այլ մրցավարական անձնակազմ՝ հոլանդացի Դանի Մակելիի գլխավորությամբ։
# Դեմբա Բա, Իստամբուլ Բաշակշեհիր, Չեմպիոնների-լիգա, Պիեր Վեբո, ՊՍԺ, Սեբաստիան Կոլչեսկու, Օվիդիու Հացեգան