Աղբյուր․ «Բարսելոնան պատրաստ չէ ձեռք բերել Նեյմարին»
«Բարսելոնայի» ղեկավարությունը կարծես թե վերջնականապես հրաժարվել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու մտքից, քանի որ ֆրանսիական ակումբը անհավանական պահանջներ է առաջ քաշել։
ՊՍԺ-ն խաղացողի դիմաց պահանջում է 175 մլն եվրո, իսկ ակումբի ղեկավարությունը չի ցանկանում փոխանակում իրականացնել որևէ այլ խաղացողի հետ։ Այդպիսի պարագայում «Բարսելոնան» միանշանակ չի կարող ձեռք բերել բրազիլացի հարձակվողի տրանսֆերը, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով կատալոնական ակումբը չի կարող այդպիսի գործարք կատարել։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կատալոնական ակումբը հույս ունի խաղացողի արժեքը նվազեցնել հենց Նեյմարի օգնությամբ, սակայն հասկանում են, որ այպդիսի զարգացումը քիչ հավանական է։ «Բարսելոնան» այժմ ամբողջությամբ կենտրոնացել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու վրա։
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Նեյմարը բացեիբաց հայտարարեց, որ պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա», որի կազմում հանդես է եկել 2013-2017 թթ․, ինչից հետո 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ։
# Բարսելոնա, Լաուտարո Մարտինես, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ