Աղբյուր․ «Բարսելոնան շուտով կհայտարարի սննկացման մասին»
«Բարսելոնան» արդեն 2021 թվականի հունվարին կհայտարարի սննկացման մասին, եթե աշխատավարձերի կրճատման հարցում համաձայնության չհասնի ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների հետ։
Հոկտեմբերի 28-ին Խոսեպ Մարիա Բարտոմուն և տնօրենների խորհուրդը հրաժարական տվեցին, իսկ ակումբում վերջին 6 տարվա մեջ առաջին անգամ ղեկավարության փոփոխություն է տեղի ունենալու։ Նախագահի նկատմամբ շատ բողոքներ կային, ինչի պատճառը խորը ֆինանսական ճգնաժամն է, որին «Բարսելոնան» հասել է արդեն նախկին իշխանությունների սխալ քաղաքականության շնորհիվ, սակայն, պարզվում է, որ ակումբի խնդիրներն ավելի լուրջ են, քան ակնկալվում էր։
Ինչպես տեղեկացնում է RAC1 ռադիոկայանը, եթե կատալոնական ակումբի ղեկավարները մինչև նոյեմբերի 5-ը առաջին թիմի ֆուտբոլիստների հետ համաձայնության չհասնեն աշխատավարձի բյուջեն 190 մլն եվրոյով կրճատելու հարցում, ապա, ամենայն հավանականությամբ, «կապտանռնագույնները» կսննկանան 2021 թվականի հունվարին։ Ակումբի իրավաբանների և ֆուտբոլիստների ներկայացուցիչների միջև բանակցությունները մեկնարկել են հոկտեմբերի 30-ին։ Նշենք, որ այդ 190 մլն եվրոն կազմում է ակումբի աշխատավարձային բյուջեի մեկ երրորդը։
«Բարսայի» ֆինանսական խնդիրներն ավելի է դժվարացնում Լեո Մեսսին։ Ակումբը ստիպված է լինելու ֆինանսական հավելավճարներ վճարել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե նա նոր պայմանագիր չստորագրի «Բարսայի» հետ, որն ավարտվում է 2021 թվականի ամռանը։
# Բարսելոնա, Լեո Մեսսի