Ակումբներ, որոնք 2019 թվականին դարձան բացահայտում

Ակումբներ, որոնք 2019 թվականին դարձան բացահայտում

06/01/2020 - 19:03

2019 թվականը լի էր ֆուտբոլային իրադարձություններով։ Անցնող տարի շատ ակումբներ իրենց խաղով զարմացրին ֆուտբոլային երկրպագուներիս։ Առանձնացրել ենք մի շարք ակումբներ, որոնք իրենց խաղով դարձան բացահայտում եվրոպական ֆուտբոլում։

«Զալցբուրգ»

Ավստրիական ակումբը 2019 թվականին ամենավառ հիշողություններ թողած ակումբներից մեկն է։ Նախորդ տարի «Ռեդ Բուլին» պատկանող թիմը դարձավ ավստրիական Բունդեսլիգայի չեմպիոն, իսկ ակումբի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն գլխավորեց Մյունխենգլադբախի «Բորուսիան», որին դեռ կանդրադառնանք։

Այս ակումբը տիպիկ հարձակվողական ոճ դավանող թիմ է, որն իր խաղով ապացուցեց, որ կարող է ցանկացած թիմի տխրեցնել։ Հատկապես հիշատակման է արժանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի գրեթե բոլոր հանդիպումները։ Ջեսսի Մարշի սաները կայացած 6 հանդիպումներում խփեցին 16 գնդակ, իսկ թիմի առաջատար Էրլինգ Հոլանդը 6 խաղում դարձավ 8 գոլի հեղինակ։ Այդ 8 գնդակները երիտասարդ նորվեգացին խփեց 5 անընդնմեջ խաղում։ Ցավոք, ավստրիական թիմին ընդամենը 1 հաղթանակ չբավականացրեց խմբից դուրս գալու համար և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խաղարկությունում։

Թիմի առաջատարներ Տակումի Մինամինոն և Էրլինգ Հալանդն արդեն համալրել են եվրոպական գրանդ ակումբներից՝ «Լիվերպուլ» ու «Բորուսիա Դորտմունդ» համապատասխանաբար։

Գրեթե վստահ ենք, որ այս թիմն իր գերհարձակվողական խաղով ի զորու է 2020 թվականին նույն ֆուռորն անել, ինչ նախորդ տարի։

«Չելսի»

«Չելսիի» մասին խոսելիս այսօր բոլորն առաջինը հիշում են Ֆրենկ Լեմպարդին։ Սակայն, 2019-ին ակումբը ոչ պակաս տպավորիչ ելույթներ է ունեցել նաև Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ՝ նվաճելով նաև Եվրպոա լիգայի գավաթը, ինչն էլ թույլ տվեց հանդես գալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։

2018/19 մրցաշրջանի ավարտից հետո լոնդոնյան ակումբը լուրջ խնդիրների առաջ կանգնեց։ Ակումբից հեռացան գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին և առաջատար Էդեն Ազարը, թիմը չէր կարող տրանսֆերներ իրականացնել։ Ի՞նչ արեց ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը։ Այո՛, գլխավոր մարզիչ նշանակեց ակումբի լեգենդար կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին։

Սպասվում էր, որ «Չելսին» կունենա խաղային ձեռագիր, քանի որ նախորդ տարի Լեմպարդի «Դերբի Քաունթին» իր միջակ կազմով քիչ էր մնում ցատկեր ԱՊԼ և միայն Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ եզրափակչում պարտվեցին «Աստոն Վիլլային»։ Բայց դժվար էր սպասել, որ «Չելսին» այդ դժվար իրավիճակում նաև կկարողանա երկու ճակատով պայքարել մրցանակների համար։

Ֆրենկ Լեմպարդը ստիպված սկսեց վստահել երիտասարդ տաղանդավոր խաղացողիներին՝ նոր շունչ հաղորդելով թիմին։ Թեմմի Աբրահամ, Մեյսոն Մաունթ, Քրիստիան Պուլիշիչ, Ֆիկայո Թոմորի, Ռիս Ջեյմս, Կալում Հոդսոն-Օդոյի։ Կրկին փայլում են Սեսար Ասպիլիկուետան, Ն’գոլո Կանտեն և Ժորժինիոն։ Տարեվերջին հայտնի դարձավ նաև, որ «Չելսիի» վրայից հանվել է տրանսֆերային արգելքը, ինչը ակումբին հնարավորություն կտա իրականցնել մի շարք տրանսֆերներ՝ փակելով վիճահարույց դիրքերը։

Ակումբը ներկա պահին ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում բարդ խմբից կարողացա դուրս գալ հաջորդ փուլ։ Սակայն, այս բոլոր դրական իրադարձությունների կողքին, «Չելսին» չափից դուրս անկայուն թիմ է, և ընթացիկ մրցաշրջանում հասցրել է սեփական հարկի տակ պարտվել «Բորնմութին», «Սաութհեմպտոնին», սակայն հավասար պայքար մղել «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» դեմ խաղերում։

«Վուլվերհեմպտոն»

2019 թվականին այս ակումբը ժամանեց նաև Երևան՝ ֆուտբոլային դասեր տալով մեր «Փյունիկին»։ Այս ակումբին կարելի է համարել անգլիական Պրեմիեր լիգայի պորտուգալական գաղութը, քանի որ ակումբի կազմում հանդես են գալիս 7 պորտուգալացիներ, ովքեր տոն են տալիս ակումբում։ Այս ֆուտբոլիստների մատակարար կարելի է համարել պորտուգալացի հայտնի գործակալ Տիագու Մենդեշին, ով համարվում է նաև Կրիշտիանու Ռոնալդուի գործակալը։

Ակումբի գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուն երբեք որևէ ակումբի հետ լուրջ հաջողությունների չի հասել, սակայն նրա «Վուլվզը» այլ պատմություն է։ Պորտուգալացի մասնագետը հաճախ նախընտրում է 3-5-2 կամ 3-4-3 մարտավարությունը, ինչը թողնում է թիմին տիպիկ ժամանակակից ֆուտբոլ խաղալ՝ դավանելով հակագրոհային մարտավարության ֆուտբոլ։

Ակումբի առաջատարներ Ռաուլ Խիմենեսը, Ռուբեն Նևեշը, Մեթ Դոհերթին, Դիեգու Ժոտան հայտնվել են եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, իսկ «Բարսելոնայի» նախկին սան Ադամա Տրաորեն ընթացիկ մրցաշրջանում մեծ առաջընթաց է գրանցել՝ ապահովելով տեղը մեկնարկային կազմում։

Այս ակումբը երկար դադարից հետո 2018 թվականին վերադարձավ Պրեմիեր լիգա՝ զբաղեցնելով աննախադեմ 7-րդ հորիզոնականը, ինչն էլ հնարավորություն տվեց մասնակցել Եվրոպա լիգայի որակավորման փուլին։ «Մոլինյոյի» տերերը ոչ միայն պատվով անցան որակավորման փուլը, այլև խմբային փուլում զբաղեցրին 2-րդ հորիզոնականը՝ դուրս գալով 1/16 եզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Էսպանյոլի» դեմ։ Իսկ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Նունի սաները կրկին զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը և նույնիսկ լավ շանսեր ունեն պատմության մեջ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

«Ատալանտա»

Այս ակումբին կարելի է համարել ողջ 2019 թվականի բացահայտում։ Բերգամոն ներկայացնող ակումբը չունի միլինավոր նավթադոլլարներ, չունի բազմամիլիոնանոց աշխատավարձներ ստացող աստղեր, չունի ՈՒԵՖԱ-ի նորմերին համապատասխանող ստադիոն, սակայն Ջամպիերո Գասպերինին ապացուցում է, որ ֆուտբոլում անհնար ոչինչ չկա։

2018/19 մրցաշրջանի արդյունքներով «Ատալանտան» ոչ միայն զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, այլև 77 գոլով ուներ մրցաշրջանի լավագույն հարձակման գիծը՝ առաջ անցնելով նույնիսկ չեմպիոն «Յուվենտուսից»։ Սակայն, ակումբն իր ընդհանուր արժեքով նույնիսկ չի մտնում Ա սերիայի լավագույն 5 թիմերի մեջ։ Նախորդ մրցաշրջանում «Ատալանտայի» ընդհանուր արժեքը կազմում էր 252 մլն եվրո, ինչը միայն 7-րդ արդյունքն է։

Ընթացիկ մրցաշրջանում «Ատալանտան» կարծես թե շարունակում է նախորդ մրցաշրջանի հաջողությունները։ Ճիշտ է՝ ներկա պահին թիմը Ա սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է միայն 5-րդ տեղը, սակայն կրկին ունի առաջնության լավագույն հարձակման գիծը, իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում պատմություն կերտեց։ Մեկնարկային 3 տուրերում կրելով պատրություն, հաջողվեց դուրս գալ 1/8 եզրափակիչ, դառնալով առաջին թիմը, որին հաջողվում է նման արդյունք գրանցել։ Պետք է նշել, որ «Ատալանտան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում իր ընդհանուր արժեքով ամենաէժանն է, որը կազմում է 284 մլն եվրո։ Վիճակահանությունն էլ բավականին բարեհաճ է գտնվել Բերգամոն ներկայացնող ակումբի նկատմամբ։ 1/8 եզրափակչում Գասպերինիի սաները կմրցեն «Վալենսիայի» դեմ։

Այս թիմի հիմնական ֆենոմենն այն է, որ աչքի է ընկնում թիմային լուրջ խաղով։ Ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածի գրեթե կեսը բաց թողեց ակումբի գոլահար Դուվան Սապատան, սակայն նրան փոխարինող Լուիս Մուրիելը չի թողնում նույնիսկ զգալ նրա պակասը։ Այս ակումբում են հանդես գալիս մի շարք խաղացողներ, ովքեր միանշանակ հանգիստ կարող էին համալրել նաև շատ եվրոպական ուժեղագույն ակումբներ։ Օրինակ՝ Ռոբին Գոսենս, Հանս Հատեբուր, Մարտեն դե Ռոն, Յոսիպ Իլիչիչ, Պիերլուջի Գոլինի, Մարո Պաշալիչ և այլք։

«Լացիո»

Թիմ, որը 2019 թվականին նվաճեց երկու գավաթ։ Սիմոնե Ինձզագին այնքան թրծեց, թրծեց հռոմեական ակումբը, որ սկսեց ապահովել նաև արդյունք։ 2016/17 մրցաշրջանից, ինչ ակումբը գլխավորում է Սիմոնե Ինձզագին, «Լացիոյին» մի փոքր չէր հերիքում, որպեսզի կարողանա ամրապնդվել Չեմպիոնների լիգայի գոտում, սակայն 2019/20 մրցաշրջանում այս թիմը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում՝ ընթացիկ մրցաշրջանում վստահորեն զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Բացառված չէ նաև որ «արծիվները» չեմպիոնական պայքար կմղեն «Յուվեի» և «Ինտերի» հետ։

«Լացիոն» խաղում է տիպիկ իտալական 3-5-2 մարտավարությամբ, սակայն նրանց ֆուտբոլն այնքան էլ տիպիկ իտալական չէ, ընդհակառակը, «Լացիոն» ավելի շատ դավանում է իսպանականին մոտ ֆուտբոլ։ Կարճ, արագ փոխանցումներ, երբեմն նաև՝ երկար փոխանցումներ։ Դաշտի մեջտեղը ցեմենտում են Լուիս Ալբերտոն ու Ստեֆան Միլենկովիչ-Սավիչը, իսկ հարձակման կրակածայրում փայլումէ Չիրո Իմոբիլեն։ Բավական է նշել, որ Ա սերիայի ընթացիկ մրցարշջանի լավագույն ռմբարկուն և լավագույն ասիստենտը հանդես են գալիս «Լացիոյի» կազմում՝ ի դեմս Չիրո Իմոբիլեի (17 խաղ՝ 19 գոլ) և Լուիս Ալբերտոյի (16 խաղ՝ 11 գոլային փոխանցում): Երեկ՝ հունվարի 5-ին, Ինձզագիի սաները դժվարությամբ 1։2 հաշվով հաղթելով «Բրեշիային»՝ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում տարան 9-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը ակումբային ռեկորդ է։

Թուրինի «Յուվենտուսը» ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում կրել է ընդամենը 2 պարտություն։ Երկու դեպքում էլ թուրինցիների դահիճը եղել է հենց «Լացիոն»։

«Կալյարի»

Այս թիմը նախորդ մրցաշրջանի արդյունքում զբաղեցրել էր ընդամենը 15-րդ հորիզոնականը՝ 18-րդ հորիզոնականը զբաղեցրած «Էմպոլիին» գերազանցելով ընդամենը 3 միավոր։ Սակայն, Ռոլանդը Մառանի գլխավորած թիմն աչքի էր ընկնում հետաքրքիր ֆուտբոլով։ Չի կարելի չնշել, որ այս թիմը տիպիկ դիրքային ֆուտբոլ դավանող թիմ է, որտեղ շատ կարևոր են ֆուտբոլիստների միջև ձևավորվող եռանկյունիները։

Ընթացիկ մրցաշրջանից առաջ «Կալյարի» վերադարձավ եվրոպական ֆուտբոլի ամենահայտնի սկանդալիստներից Ռաջա Նայնգոլանը, ով նոր շունչ է հաղորդել ակումբին։ 2019/20 մրցաշրջանում փայլում է նաև Ժոաո Պեդրոն, ով խփած 11 գոլով ակումբի լավագույն ռմբարկուն է։ Հատկանշական է, որ Պեդրոն երբեք աչքի չի ընկել ռմբարկուական հատկանիշներով։

Մեկնարկային երկու խաղում կրելով նույնքան պարտություն, այնուհետև Սիցիլան ներկայացնող ակումբը 14 անընդմեջ հանդիպում խաղ անպարտելի էր, սակայն տարեվերջյան երկու խաղերում կրկին պարտվեցին։ «Կալյարին» անցկացրած 17 խաղում 29 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ պայքարելով Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

«Ինտեր»

Այո՛, հիմա շատ ընթերցողներ կմտածեն, թե «Ինտերն» ինչով է բացահայտում դարձել։ Չէ՞ որ այս թիմը միշտ բարձր հորիզոնականներ է զբաղեցրել Ա սերիայում։ Սակայն, Անտոնիո Կոնտեի նշանակումով, միլանյան ակումբը սկսել է ճախրել։

Ամռանն իրակացնելով ճիշտ տրանսֆերային արշավ՝ «Ինտերը» այս մրցաշրջանում չեմպիոնական պայքար է մղում «Յուվենտուսի» հետ։ Չնայած միլանյան ակումբը անհեթեթորեն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլից, սակայն չենք կարող չնշել, որ ակումբը անցկացրած 6 խաղերում էլ հիանալի տեսք է ունեցել, իր խաղով նույնիսկ գերազանցել «Բարսելոնային»։

Ինչպես գիտենք՝ Անտոնիո Կոնտեն տիպիկ իտալական ֆուտբոլի սիրահար է։ Նրա թիմերը խաղում են 3-5-2 մարտավարությամբ, որտեղ հիմնական կարևոր դերակատարում են ունեն եզրային պաշտպան-կիսապաշտպանները։ Ընթացիկ մրցաշրջանում նոր շունչ են ստացել Ռոմելու Լուկակուն և Անտոնիո Կանտրևան, ով հենց հանդես է գալիս աջ լատերալի դիրքում։ Բելգիացի գոլահարն էլ 12 գոլով թիմի լավագույն ռմբարկուն է Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում։ Դե իսկ «Ինտերի» զարդը երիտասարդ արգենտինացի Լաուտարո Մարտինեսն է։

Միգուցե բարին էլ այն էր, որ միլանյան ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խմբային փուլից և այժմ Կոնտեի սաները կկենտրոնան Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու վրա։ 100 տարի Կոնտեին պետք չէ Եվրոպա լիգան։ Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիք։

«Լեսթեր»

2015/16 մրցաշրջանի չեմպիոնությունից հետո դժվար էր պատկերացնել, որ «աղվեսները» կրկին կարող են հայտնվել մրցաշարային աղյուսակի բարձրունքում։ Ընդ որում՝ հիաշատակման է արժանի այն փաստը, որ չեմպիոնական տարում Պրեմիեր լիգայի շատ առաջատար թիմեր անկում էին ապրում, իսկ ընթացիկ մրցաշրջանում այդ անկումը նկատել է միայն «Արսենալի», «Տոտենհեմի», ինչպես նաև «ՄՅՈՒ»-ի մոտ։

Բրենդան Ռոջերսի գլխավորած բոլոր թիմերը գրեթե միշտ դավանում են արագ, կարճ փոխանցումներով խաղ, իսկ «Լեսթերը» այդպիսի ֆուտբոլ խաղալու համար ունի որակյալ կադրեր, իսկ Վիլֆրիդ Նդիդի-Յուրի Տիլեմանս-Ջեյմս Մեդիսոն եռյակին կարելի է համարել Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանական եռյակը։ Դե Ջեյմիի Վարդիի մասին խոսք չկա։ Այս տղան հերթական անգամ ապացուցում է, որ էական չէ, թե դու քանի տարեկան ես, երբ ես սկսել պրոֆեսիանոլ ֆուտբոլով զբաղվել, և էական չէ, թե որ ակումբում ես հանդես գալիս։ Զուտ պետք է միշտ հավատալ ուժերիդ։

Սակայն, «Լեսթերի» հիմանակն խնդիրն այն է, որ ի զորու չեն պայքարել չեմպիոնական տիտղոսի համար։ Պարզապես այս տղաները վայելում են ֆուտբոլը՝ ուրախացնելով իրենց երկրպագուներին։

«Բորուսիա Մյունխենգլադբախ»

Այս թիմը գերմանական ֆուտբոլի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է։ Սակայն, վերջին անգամ լուրջ հաջողությունների հասել է միայն 1970-ականն թվականներին, իսկ վերջին տարիների հաջողություններից կարելի համարել 2014/15 մրցաշրջանի 3-րդ հորիզոնականը, որի արդյունքում հայտնվեցին ՉԼ խմբային փուլում։ Ընթացիկ մրցաշրջանում ակումբը երկար ժամանակ գլխավորում էր Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն տարեվերջին մի փոքր թուլացրին դիրքերը՝ առաջատրությունը զիջելով «Լայպցիգին»։

2019/20 մրցարշրջանից առաջ ակումբը գլխավորեց չեմպիոնական «Զալցբուրգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն։ Ռոզեի հիմնական հաղթաթուղթն այն է, որ երբեք չի վախենում խաղի ընթացքում փոխել թիմի մարտավարությունը։ 43-ամյա մասնագետը ունի այնքան համարձակություն, որ խաղերի ընթացքում նույնիսկ թիմի հիմնական կենտրոնական հարձակվող Լարս Շտինդլին կարող է տեղափոխվել եզր, ինչն էլ թույլ է տալիս եզրում ունենալ բարձրահասակ ֆուտբոլիստ, ով կեզրափակի մյուս եզրից եկացող փոխանցումները։ Այդ մարտավարությունը թույլ է տալիս նաև ավելի ազատ գործել Մարկուս Թյուրամին, ով այս թիմի իսկական զարդն է։ Այդ համարձակ մարտավարության շնորհիվ կարողացան հաղթել նույնիսկ Մյունխենի «Բավարիային»:

Ինչպես «Ինտերի» դեպքում, այնպես էլ «Բորուսիայի» դեպքում շատ ավելի լավ էր, որ թիմը դուրս մնաց Եվրոպա լիգայի խաղարկությունից, քանի որ շաբաթվա ընթացքում ավելորդ հանդիպում չի անցկացնի։ Երկրորդ շրջանում ավելի կազմակերպված և ավելի համարձակ «Բորուսիա» ենք ակնկալում տեսնել։

«Լայպցիգ»

Այս թիմը տարեց տարի ավելի հասուն ու ժամանակակից ֆուտբոլ է ցուցադրում։ Սակայն, 2019 թվականանին, հատկապես 2019/20 մրցաշրջանում այս թիմը զարմացնում է իր մարզչական ձեռագրով։ Այս թիմը ոչ միայն դարձավ Բունդեսլիգայի ձմեռային չեմպիոն, այլև պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ։

Ընթացիկ մրցաշրջանից առաջ այս ակումբը գլխավորեց 32-ամյա Յուլիան Նագելսմանը։ Վերջերս մի տեղ հանդիպել էր, որ Նագելսմանը գլխավորելով «Լայպցիգը»՝ հասցրել է օգտագործել 6-7 մարտավարական սխեմա։ Սա խոսում է այն մասին, որ ոչ միայն գերմանացի մասնագետն է ճկուն տակտիկ, այլև այդ ճկունությունը կիրառելու համար հարմար թիմ է ընտրել մասնագետը։ Սակայն, Նագելսմանի ամենանախընտրելի մարտավարությունը կարելի է համարել 4-2-2-2 մարտավարությունը, որտեղ տոն են տալիս Տիմո Վերները, Դայո Ուպամեկանոն, Մարսել Զաբիթցերը, Քրիստոֆեր Նկունկուն, Էմիլ Ֆորսբերգը և այլք։

Հատկապես ուշադրության են արժանի Տիմո Վերներն ու Քրիսթոֆեր Նկունկուն։ Վերները անհավանական ֆուտբոլ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում՝ 17 խաղում դառնալով 18 գոլի հեղինակ և ընդամենը 1 գոլով է զիջում Ռոբերտ Լևանդովսկիին։ Իսկ Նկունկուն արդեն աչքի է ընկել 11 արդյունավետ գործողությամբ՝ 4+7։ 7 գոլային փոխանցմամբ 22-ամյա կիսապաշտպանը Թոմաս Մյուլերից և Ջեյդոն Սանչոյից հետո երրորդ լավագույնն է գոլային փոխանցումներով, որոնց հաշվին գրանցվել է համապատասխանաբար 11 և 9 գոլային փոխանցում։

«Այաքս»

Այո՛, վերջապես հասանք «Այաքսին»՝ 2019 թվականի եվրոպական ֆուտբոլի ռոմանտիզմն ու դրամատիզմն ապահովողին։ Նշված բոլոր թիմերից միանշանակ ամենամեծ հաջողություններին նախորդ տարի հասավ «Այաքսը»։ Էրիկ Տեն Հագի գլխավորությամբ ակումբը քիչ էր մնում դուրս գար Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն մեկ խաղակես կորցնելով կենտրոնացվածությունը, դուրս մնացին պայքարից։

«Այաքսը» ոչ ոքի չի կարող զարմացնել Հոլանդիայի չեմպիոն և գավաթակիր դառնալով։ Հոլանդակ ակումբի հիմնական առավելությունը մյուս թիմերի նկատմամբ այն է, այս թիմի համար երբեք կարևոր չէ, թե ով է մրցակիցը, որտեղ են հանդես գալիս։ Այս թիմը երբեք չի դավաճանում իր մարտավարությանը։ 49-ամյա մասնագետը տիպիկ հոլանդական տոտալ ֆուտբոլի սիրահար է, ով նախընտրում է 4-3-3 մարտավարությունը, որի գլխավոր տոն տվողները ամբողջ տարում եղան Հակիմ Զիեշն ու Դուշան Տադիչը, ովքեր մասին վերցրած 2019 թվականին 100 ավել գոլ ստեղծեցին իրենց թիմի համար։ Այս գերհարձակվողական ֆուտբոլ խաղացող թիմը Էրեդիվիզիայի նախորդ մրցաշրջանում 34 խաղում հեղինակեց ռեկորդային 119 գոլ։ Ընթացիկ մրցաշրջանում ամստերդամյան ակումբը շարունակում է գրավիչ և հարձակվողական ֆուտբոլը, սակայն առաջատարներ՝ Մաթիաս դե Լիխտի և Ֆրենկի դե Յոնգի վաճառքից հետո թիմում մի փոքր մարել է խարզիման, սակայն Տեն Հագը կվերգտնի այն։

Ցավոք, «Այաքսը» ամենակարևոր պահերին հիշեցնում է իր հոլանդական թիմ լինելը։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում, երբ պետք էր պարզապես չպարտվել «Վալենսիային» և պայքարը հանդիգստ շարունակել 1/8 եզրափակչում, հոլանդական ակումբը համարձակվեց պարտվել և դուրս մնալ խմբային փուլից։ Դժվար էր հավատալ, որ ողջ տարին հիանալի հանդես եկած թիմը դուրս կարող է մնալ խմբային փուլից․ ֆուտբոլային ռոմանտիզմը պարտվեց ռեալիզմին։

Այսպիսով, առանձնացրել էինք այն թիմերը, որոնք, ըստ interfootball.am-ի, դարձան եվրոպական ֆուտբոլի բացահայտումները ողջ 2019 թվականին։ Եթե դուք չեք գտել ձեր սպասված որևէ թիմի, ապա միշտ հիշեք, որ սա սուբյեկտիվ կարծիք է, իսկ հաճախ կարծիքները չեն համընկնում։ Սիրե՛ք ֆուտբոլն, ապրեք՛ ֆուտբոլով։

Միքայել Մելիքբեկյան

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023