Ալ Նասրը գերթրիլերային պայքարում դուրս մնաց Ասիայի Չեմպիոնների լիգայից 🎥

Ալ Նասրը գերթրիլերային պայքարում դուրս մնաց Ասիայի Չեմպիոնների լիգայից 🎥

12/03/2024 - 11:26

Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ալ Նասրը» (Սաուդյան Արաբիա) մրցեց Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Այինի» դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Ալ Այինը» հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան հանդիպումն անցավ պարզապես գերթրիլերային պայքարում։

Հանդիպումը բավական անհաջող ընթացք ստացավ «Ալ Նասրի» համար, քանի որ հյուրերն առաջին խաղակեսում Սուֆիան Ռահիմի դուբլի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով։

Նախքան ընդմիջում Լուիշ Կաշտրուի թիմը մեկ գոլ հետ բերեց. աչքի ընկավ Աբդուլռահման Ղարիբը։

Երկրորդ խաղակեսում տանտերերը բեկեցին հանդիպման ընթացքն ու comeback արեցին` ևս երկու գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ «Ալ Նասրից» գոլի հեղինակ դարձավ Ալեքս Տելեսը, իսկ «Ալ Այինի» դարպասապահ Խալիդ Էյսան գրավեց սեփական դարպասը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «Ալ Նասրի» հաղթանակով` 3:2 հաշվով։ Ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 3:3, իսկ խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

98-րդ րոպեին սաուդարաբական ակումբը մնաց 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի պատճառով դաշտից հեռացվեց Այմեն Ահմեդը։

Ստանալով քանակական առավելություն` «Ալ Այինը» շատ արագ` 103-րդ րոպեին Սուլթան Ալ Շամսիի ջանքերով լուսատախտակին վառեց 3:3 հաշիվը։

Թվում էր` «Ալ Նասրի» ֆուտբոլիստները բաց թողած երրորդ գոլից հետո թևաթափ կլինեն, սակայն 118-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացեց 11-մետրանոցը և խփեց իր թիմի համար անչափ կարևոր գոլ։

Լրացուցիչ ժամանակից հետո ընդհանուր դիմակայության հաշիվը 4:4 էր, իսկ կողմերը կիսաեզրափակիչի ուղեգիրը վիճարկելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։

«Ալ Նասրի» ֆուտբոլիստներն անչափ անհաջող իրացրին իրենց հարվածները` պարտվելով 1:3 հաշվով։

Այսպիսով, «Ալ Այինը» անհավանական սցենարով ընթացած խաղում հաղթեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում և դուրս եկավ Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է սաուդարաբական «Ալ Իթիհադ» – «Ալ Հիլալ» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023