Ալոնսոն հայտարարել է, որ մնում է Բայերում

Ալոնսոն հայտարարել է, որ մնում է Բայերում

29/03/2024 - 18:17

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այսօր` մարտի 29-ին, կայացած մամուլի ասուլսի ժամանակ հայտարարել է, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո չի հեռանալու ակումբից.

«Նախորդ շաբաթ լավ զրուց ունեցա Սիմոն Ռոլֆեսի ու Ֆերնանդո Կարոյի (խմբ.` «Բայերի» տնօրենները) հետ, որի ընթացքում նրանց հայտնեցի, որ մնում եմ ակումբում։

Ես զգում եմ, որ սա ինձ համար համապատասխան վայր է աշխատելու համար և, որպես երիտասարդ մասնագետ, ինձ այստեղ լավ եմ զգում։

Իմ աշխատանքը «Բայերում» դեռ չի ավարտվել։ Ցանկանում եմ օգնել ակումբին և ֆուտբոլիստներին զարգանալ։ Ակումբը հիանալի ղեկավարություն ունի, այստեղ ամեն ինչ ֆանտաստիկ է։ Ես դեռ երիտասարդ մարզիչ եմ և կարծում եմ` իմ ապագայի համար լավագույն որոշումն է։ Ես չեմ շտապել որոշում կայացնելիս։

Իմ կողմից այս փուլում խոսել այլ ակումբների հետաքրքրության մասին սխալ կլիներ։ Ինձ համար կարևորն այն է, որ ես այստեղ հարմարավետ զգամ։

Ցանկանում ենք զարգանալ, որքան հնարավոր է շատ։ Իհարկե, հիանալի մրցաշրջան ենք անցկացնում, սակայն ցանկանում ենք բոլոր մրցաշարերում էլ ավելի բարձր նշաձողեր սահմանել։ Ցանկանում ենք պահել թիմի կորիզը և նայել դեպի ապագան, սակայն առայժմ հիմնական ուշադրությունը սևեռել ենք առաջիկա հանդիպումների վրա։

Ես իմ թիմին հիանալի որոշման մասին եմ հայտնել։ Հիանալի օր է, և մենք պատրաստվում ենք հանսգտյան օրերին կայանալիք հանդիպմանը։ Այս մամուլի ասուլիսից հետո անմիջապես կենտրոնացումս ուղղելու եմ դրա վրա։

Ֆուտբոլիստները բավական լավ արձագանքեցին այն լուրերին, որոնք տարածված էին մամուլում»,- եզրափակել է Ալոնսոն, ում խոսքը մեջբերում է լևերկուզենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ 42-ամյա մասնագետի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին «Բավարիան» և «Լիվերպուլը»։ Ալոնսոյի ու «Բայերի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

«Բայերը» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում վաստակել է 70 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդող «Բավարիային» գերազանցելով 10 միավորով։ Խաբի Ալոնսոյի թիմը դուրս է եկել նաև Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ ու Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023