Ալոյան. «Իմ գլխավոր նպատակը ոչ թե եվրոպական հզոր թիմերում խաղալն է, այլ Հայաստանի հավաքականում»
Հայաստանին իր դուռը բերող մարզային թիմը շարունակում է պայքարը Հայաստանի Առաջին խմբում։ «Սյունիք» ՖԱ-ի դարպասապահ 25-ամյա Սուրեն Ալոյանը Interfootball-ի հետ զրույցում շեշտեց, որ ակումբի գլխավոր նպատակը մարզում ֆուտբոլային աշխուժություն մտցնելն ու ուժեղ թիմ ունենալն է։
25-ամյա դարպասապահի հետ խոսել ենք բազում թեմաներից՝ «Փյունիկի» հաջողություններից մինչև աշխարհի առաջնություն։
– Սուրեն, Դուք խաղում եք Հայաստանի համար շատ կարևոր մարզի թիմում՝ «Սյունիք» ՖԱ-ում։ Դուք առաջին խմբում եք խաղում։ 13 խաղից հետո «Սյունիքը» 12 թիմերի միջև պայքարում 10-րդն է։ Ի՞նչ նպատակ ունի թիմն այս մրցաշրջանում։
– Թիմի հիմնական նպատակը այս մրցաշրջանում չեմպիոն դառնալը չէ, քանի որ մեր հիմնական կազմի մեծ մասը երիտասարդ խաղացողներ են, ու նրանց համար բավական դժվար է մյուսների դեմ խաղալը. մյուս թիմերը համեմատաբար ավելի փորձառու են։
«Սյունիքի» հիմնական կազմը երիտասարդական թիմի խաղացողներն են, և ես անում եմ ամեն ինչ, որպեսզի իմ փորձով և խաղով օգտակար լինեմ ու օգնեմ թիմին։ Այս մրցաշրջանում մենք ուզում ենք կայուն թիմ ստեղծել, որը, հաջորդ մրցաշրջաններից սկսած, կպայքարի՝ Fastex Պրեմիեր լիգայում հայտնվելու համար։ Ակումբի նպատակներից մեկը մարզում ֆուտբոլը զարգացնելն է։
– «Սյունիք» ՖԱ-ն 13 խաղից հետո 22 գնդակ է բաց թողել։ Ի՞նչ է խնդիրը, որ ակումբն այդքան շատ գոլեր է բաց թողնում։
– Թիմում խնդիրներ գրեթե չկան, մթնոլորտը հիանալի է, ու մենք էլ փորձում ենք ամեն խաղում հաղթել։
Մրցակիցները բավական ուժեղ են, բայց մեր երիտասարդ տղաների հետ անում ենք ու անելու ենք ամեն ինչ՝ հաղթելու համար։ Ամեն բաց թողած գնդակ մեզ ինչ-որ բան է սովորեցնում։
– Դուք Ձեր կարիերան սկսել եք «Բանանց-3» թիմից։ Խաղացել եք նաև «Արարատ-Արմենիայի» կազմում և անգամ Հայաստանի չեմպիոն եք դարձել 2020 թվականին։ Ի՞նչ զգացողություններ ունեիք այդ հաղթանակից հետո։
– Աննկարագրելի։ Աննկարագրելի զգացողություններ ունեի չեմպիոնությունից հետո։ Ճիշտ է, ես հիմնական կազմում չէի խաղում։ Դարպասն Աբակումովն էր պաշտպանում, և ես երիտասարդական թիմում էի հաճախ խաղում, բայց այդ հաղթանակն իմ կյանքի լուսավոր կետերից մեկն է։
Ես «Արարատ-Արմենիայի» հետ հասել եմ նաև Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որը ևս մեծ նվաճում էր ինչպես իմ, այնպես էլ թիմի համար։ Ես շատ ուրախ եմ, որ խաղացել եմ այդ թիմում։
Մինչև այսօր էլ ես կապ եմ պահում մի շարք խաղացողների հետ, հատկապես, Աբակումովի։ Ցավոք, նա հիմա մեկնարկային կազմի խաղացող չէ։ Ես հաճախ եմ ուղարկում իմ տեսանյութերը, և որպես փորձառու և ավագ ընկեր՝ նա փորձում է ուղղել իմ սխալները, ինչն ինձ համար շատ կարևոր է։
– Դուք կես մրցաշրջան խաղացել եք նաև «Սևանի» կազմում, դրանից հետո թիմը լուծարվեց։ Ի՞նչ տվեց այդ թիմը Ձեզ այդ կարճ ժամանակահատվածում։
– «Սևան» ակումբն իսկապես հիանալի թիմ էր։ Թիմում խաղում էին շատ լավ ֆուտբոլիստներ, և մարզչական կազմը ևս լավն էր։ «Սևանը» նպատակ ուներ անգամ Հայաստանի չեմպիոն դառնալ։
Ցավոք, ինչ-ինչ պատճառներով թիմը լուծարվեց, բայց ես շատ փորձ ձեռք բերեցի։ Քանի որ «Արարատ-Արմենիայում» հիմնական դարպասապահը չէի, որոշեցի փոխել թիմս։ Հրավեր ունեցա «Սևանից»։ Նրանք հավանել էին իմ խաղային որակները, իսկ ես ցանկանում էի խաղալ։ Որոշեցի տեղափոխվել հենց այդ թիմ։
– Բարձրագույն խմբից կամ արտերկրից ունեցե՞լ եք երբևէ հրավեր, եթե այո, ապա ի՞նչը խանգարեց տեղափոխությանը։
– Այո՛, եղել են առաջարկներ։Սկզբում ես «Սևանում» հիմնական դարպասապահն էի, բայց հետո արտերկրից խաղացողներ եկան, որոնց հետ պայքարելը դժվար ստացվեց, բայց ես անում էի ամեն ինչ՝ մեկնարկում հայտնվելու համար։
Ցավոք, ակումբը լուծարվեց, և ես նոր թիմ էի փնտրում։ Արտերկրից և Հայաստանի բարձրագույն առաջնությունից հրավերներ ունեի, բայց երբ իմացա, որ հետաքրքրվում է ինձնով «Սյունիքը», ես որոշեցի մնալ այստեղ, գնալ մարզային թիմ և փորձել զարգացնել տեղի թիմը և ֆուտբոլը։ Եվ հիմա էլ շարունակում եմ այդպես անել։
– Հետևու՞մ եք Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգային։ Ո՞ր թիմի խաղն է Ձեզ հատկապես դուր գալիս։
– Այո՛, հետևում եմ և դիտում եմ բոլոր խաղերը, գրեթե, առանց բացառության։ Քանի որ իմ կարիերան սկսել եմ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից, նախընտրում եմ հենց իրենց խաղը, բայց այնպես էլ չէ, որ «Արարատ-Արմենիայի» խաղը ինձ դուր չի գալիս։ Նրանք էլ ևս շատ լավ խաղացողներ ունեն և լավ թիմ։
– «Փյունիկը» վերջերս հրաշալի արդյունք գրանցեց հայկական ֆուտբոլում։ Որպես հայկական այլ թիմի ֆուտբոլիստ՝ ի՞նչ զգացումներ ունեիք։
– Մենք՝ մեր թիմը՝ «Սյունիքը», դիտել ենք «Փյունիկի» բոլոր խաղերը։ Անձամբ ինձ համար տարբերություն չկա, որ ես հայկական այլ թիմում եմ խաղում։ Ես մեծ հպարտություն էի զգում, որ հայկական թիմը հասել է Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլ, և անգամ պայքարում է՝ խմբից դուրս գալու համար։ Մեծ հպարտություն է դա։
Ես «Արարատ-Արմենիայի» հետ ևս մասնակցել եմ եվրագավաթային խաղերին ու, ցավոք, մենք չկարողացանք դուրս գալ Եվրոպա լիգայի խմբային փուլ, բայց դա չափազանց մեծ հպարտություն է։
– Որպես դարպասապահ՝ ինչ թերություններ և վրիպակներ եք տեսել Դավիդ Յուրչենկոյից թե՛ Կոնֆերենցիաների Լիգայի խաղերում և թե՛ ներքին առաջնությունում։
– Իրականում, նրա սխալները ամենալավը հասկանում ենք մենք՝ դարպասապահներս, և սխալների ժամանակ նրան մեղադրելը շատ սխալ է, բայց, ամեն դեպքում, ես չեմ կարող դատել նրա խաղը, սակայն Յուրչենկոն, իհարկե, կարող է։ Նա ունի այդ իրավունքը։
– Ինչու՞ որոշեցիք հենց դարպասպահ լինել։ Մանկուց էիք ուզո՞ւմ, թե՞ հետո որոշեցիք։
– Իրականում, ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ 9 տարեկանից և շուրջ 3-4 տարի խաղում էի հարձակման գծում, բայց հետո միանգամից որոշեցի խաղալ դարպասապահի գոտում և, գուցե, ստացվեց։
– Դուք դարպասապահ եք և, կարծում եմ, Ձեր սիրելի ֆուտբոլիստը ևս դարպասապահ կլինի։
– Մանուել Նոյեր։ Նոյերն իմ սիրելի դարպասապահն է, բայց փոքր ժամանակ իմ ֆուտբոլային կուռքը Ջանլուիջի Բուֆֆոն է, ով այս պահին այլևս մեծ ֆուտբոլում չէ, սակայն շարունակում է խաղալ նույնիսկ 44 տարեկանում։
– Իսկ այլ դիրքի ֆուտբոլիստներ կա՞ն կամ եղե՞լ են, որոնց խաղը հավանում եք։
– Այո՛, եղել են։ Անդրեա Պիռլոն իմ ամենասիրելի խաղացողներից մեկն է։ Փոքր ժամանակ ես նրա խաղն էի դիտում, տեսանյութեր էի նայում նրանից։ Նա ինձ համար ևս ֆուտբոլային օրինակ է եղել։
– Մի քանի օրից մեկնարկում է աշխարհի առաջնությունը։ Ձեր վերոնշյալ պատասխանից կարելի է ենթադրել, որ երկրպագելու եք Գերմանիային։ Ճի՞շտ է։
– Այո՛, շատ ճիշտ եք։ Գերմանիայի հավաքականը իմ սիրելի հավաքականն է, և սա էլ պատճառներից մեկն է, որ սիրում եմ Մանուել Նոյերին։ Կարծում եմ, որ նրանք էլ կդառնան ԱԱ չեմպիոն։
– Դուք դեռ 25 տարեկան եք և կարիերայի աճի համար բավական ժամանակ ունեք։ Կարո՞ղ ենք մտածել, որ շուտով այլ`ավելի ուժեղ թիմում կտեսնենք և, լավ խաղի դեպքում, գուցե, կհրավիրվեք Հայաստանի ազգային հավաքական։
– Իմ գլխավոր նպատակը Հայաստանի հավաքականի կազմում խաղալն է։ Ես շատ կուզեմ, որ շուտ գա այդ օրը։
Ես հիմա անում եմ և փորձում եմ խաղալ այնպես, որ նպատակս իրականանա։ Ես ավելի շատ ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում, կրել այդ մարզաշապիկը, քան թոփ-5 լիգաների հզոր թիմերում խաղալ։ Դրանցից մեկում էլ կուզեմ խաղալ, բայց իմ նպատակը Հայաստանի ազգային հավաքականը ներկայացնելն է։ Հուսով եմ, որ մի օր դա անպայման կլինի։ Այլ թիմում ևս կարող ենք տեսնել ինձ, բայց ես հիմա «Սյունիքում» եմ, և իմ բոլոր մտքերը և նպատակները այս թիմի հետ են։
Սամվել Մխիթարյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Interfootball, Առաջին-Խումբ, հարցազրույց, Սամվել Մխիթարյան, Սյունիք, Սուրեն Ալոյան