Ալեգրի. «Երբեմն թվում է, թե սատանան է հնարել ֆուտբոլը
Իտալիայի Սուպերգավաթի շրջանակում «Յուվենտուսը», լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց «Ինտերին». միլանյան ակումբը հաղթական գնդակը խփեց 120+1-րդ րոպեին։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին.
«Հիասքանչ խաղ էր և լավ փորձություն` հասկանալու համար, թե իրականում որտեղ ենք մենք գտնվում։
Ցավոք, երբեմն թվում է, թե ֆուտբոլը սատանան է հորինել։
Մենք անուշադիր և միամիտ գտնվեցինք հանդիպման ավարտից 5 վայրկյան առաջ, սակայն խաղում էինք ներկա պահին Իտալիայի ամենաուժեղ ակումբի դեմ և ունեցանք մի շարք գոլային պահեր։
Բացի դրանից, «Ինտերին» թույլ չտվեցինք շատ գոլային դրվագներ ստեղծել մեր դարպասի ուղղությամբ։
Խաղավարտից 5 վայրկյան առաջ պարտվելը ցավ է պատճառում, սակայն մենք այս ամենից պետք է դասեր քաղենք Ա սերիայի, Իտալիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի համար։
Մենք պետք է նաև դրական բաները տեսնենք. թիմը, հատկապես ֆիզիկական տեսանկյունից, բարելավել է խաղը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Իտալիայի Սուպեր գավաթ, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս