Ալաշկերտը ցավալի պարտություն կրեց Շերիֆից🎥
Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման շրջանակում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» դեմ։
Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ հավասար, իներտ ու առանց գոլային պահերի պայքարում։
Ճիշտ է, «Ալաշկերտը» մասամբ տիրում էր նախաձեռնությանը, սակայն երևանյան ակումբի գրոհներում չկար սրություն։ Նույն պատկերն էր նաև հյուրերի գործողություններում։
Ակնհայտ էր, որ մրցող կողմերին խանգարում էր նաև Երևանի շոգ եղանակը։
Ամեն դեպքում, առաջին խաղակեսում գոլեր չտեսանք։
Երկրորդ կեսի մեկնարն անցավ մոլդովական ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստները մի շարք կիսագոլային պահեր ստեծղեցին «Ալաշկերտի» դարպասի ուղղությամբ, սակայն դրանք չտվեցին իրենց արդյունքը։
Ինչ-որ պահից սկսած` Ալեքսանդր Գրիգորյանի սաները շեշտը դրեցին հակագրոհների վրա։ «Ալաշկերտը» փորձում էր եզրերով գրոհել, սակայն մրցակիցը բավական հաջող էր պաշտպանվում։
Խաղավարտն ակնհայտորեն անցնում էր «Շերիֆի» ֆուտբոլիստների առավելությամբ։ Հանդիպման ամենաիրական գոլային պահը ստեղծվեց միայն 80-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո Մոմո Յանսանեի գլխով կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ակնհայտ էր, որ հյուրերի գոլը հասունանում է, որն էլ տեղի ունեցավ 84-րդ րոպեին. պտտեցրած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Էնրիկե Լուվանյորը։
Խաղավերջում մեր թիմը փորձեց փրկել հանդիպումը, սակայն չստացվեց։
Այսպիսով, «Շերիֆը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։
Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին` Տիրասպոլում` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, ԱԼեքսանդր Գրիգորյան, Շերիֆ, Չեմպիոնների-լիգա