Ալաբան այսօր կհայտարարի Բավարիայից հեռանալու մասին
Ինչպես տեղեկացնում է Bild պարբերականը, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մտադիր է կարիերան շարունակել այլ ակումբում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 16-ին, ավստրիացի ֆուտբոլիստը կհայտարարի, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մյունխենյան ակումբի շարքերը։
Հաղորդվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ», սակայն տեղին է նշել, որ պաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև մի շարք անգլիական ակումբներ, որոնցից ամենահավանական տարբերակը «Չելսին» է։
Ալաբայի գործող պայմանագիրը Գերմանիայի չեմպիոնների հետ ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։ Transfermarkt պարբերականը ներկա պահին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 մլն եվրո, սակայն պայմանագրի ավարտից հետո նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ և կարող է տեղափոխվել այլ ակումբ անվճար։ Ալաբայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ Ալաբան «Բավարիայի» կազմում իր ելույթները սկսել է 2010 թվականի հուլիսի 1-ից (մինչ այդ հանդես է եկել նաև «Բավարիա-2»-ում և Մ-19 թիմում)։
11 տարիների ընթացքում Դավիդը մյունխենյան թիմում մասնակցել է 415 հանդիպման՝ դառնալով 33 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Դավիդ Ալաբա, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ