Ազարը վերադառնո՞ւմ է․ նա   վերադարձել է հիանալի մարզավիճակում

Ազարը վերադառնո՞ւմ է․ նա վերադարձել է հիանալի մարզավիճակում

15/06/2020 - 23:30

Երեկ՝ հունիսի 14-ին, «Ռեալը» գրեթե 100 օր անց կրկին մտավ պայքարի մեջ։ «Էյբարի» դեմ 28-րդ տուրի հանդիպումը «արքայական» ակումբն անցկացրեց ոչ թե հարազատ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, այլ «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում, որտեղ իր հանդիպումներն է անցկացնում «Ռեալի» երիտասարդական թիմը՝ «Կաստիլիան»։ «Ռեալի» հիմնական մարզադաշտում այժմ տեղի են ունենում վերանորոգման աշխատանքներ, և Լա լիգան թույլատրեց, որպեսզի մինչև մրցաշրջանի ավարտը «սերուցքայինները» նույնպես իրենց հանդիպումներն անցկացնեն «Կաստիլիայի» մարզադաշտում։

«Էյբարը» դժգոհ էր Լա լիգայի կայացրած որոշումից։ Հավանաբար հյուրերը ցանկանում էին անվանի մրցակցին իր իսկ հարկի տակ զարմացնել, սակայն ստացվեց հակառակը։ Հարկադիր դադարից հետո առաջին խաղում Զինեդին Զիդանի սաները շատ արագ լուծեցին հանդիպման հաղթողի հետ կապված բոլոր հարցերը։ «Արքայական» ակումբը 37-րդ րոպեի դրությամբ Տոնի Կրոսի, Սերխիո Ռամոսի և Մարսելոյի գոլի շնորհիվ 3։0 հաշվով հաղթում էր, իսկ այնուհետև խաղը հասցրեց տրամաբանական ավարտին, սակայն «Էյբարը» երկրորդ խաղակեսում մեկ գնդակ հետ բերեց, և ի վերջո, գրանցվեց 3։1 հաշվիը։

Լուսատախտակին այդպես էլ չվառվեց Էդեն Ազարի անունը, սակայն բելգիացին միանաշանակ դաշտում լավագույններից մեկն էր, եթե ոչ լավագույնը։ Ծանր վնասվածքից հետո Էդենը իսկապես վերադարձել է բավականին լավ մարզավիճակում։ Ազարը նոյեմբերին կայացած ՊՍԺ-ի դեմ խաղից հետո մասնակցել էր հաշված հանդիպումների, և բժիշկների կանխատեսումով, նա պետք է բաց թողներ մրցաշրջանի մնացած հատվածը։ Կասկածի տակ էր դրվել նաև նրա՝ Եվրո-2020-ի մասնակցությունը, քանի որ փետրվարին մի քանի հանդիպում մասնակցելուց հետո, որոշում կայացվեց նրա ոտքը վիրահատել և որևէ հույս չկար, որ մրցաշրջանի վերջնամասում նա կկարողանա օգնել իր թիմին, սակայն հարկադիր դադարը փոխեց ամեն ինչ։

«Ռեալի» բժիշկները դեռևս մինչև հարկադիր դադարը նշում էին, որ բելգիացու խնդիրները կապված են նրա ոտքի և կոճի դրվածքի հետ։ Այդպիսի խնդիրներ ունենում են նաև բազմաթիվ բասկետբոլիստներ, այդ պատճառով էլ նրան բուժեց մի բժիշկ, ով աշխատում է NBA-ի «Դալաս» ակումբում։ Այդ բժիշկը լուծում գտավ․ Էդենի համար նա վերականգնողական ծրագիր մշակեց՝ հանգեցնելով, որ բելգիացու վնասված ոտքը առաջնության վերսկսման պահին կատարյալ վիճակում լինի։

Հավանական է, որ առաջնության դադարի ժամանակ Ազարի մոտ ինչ-որ բան փոխվել է նաև հոգեբանական և մտածելակերպային առումով։ Երբ նա նոր էր տեղափոխվել «Ռեալ», նրա վրա անհավանական ճնշում կար։ Նրա համար վճարել են 120 մլն եվրո, և բոլոր նրանից սպասում էին այն նույն արդյունքները, ինչ ցույց էր տալիս Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն այժմ «Ռեալի» մարզչական շտաբի և բժշկական անձնակազմի շնորհիվ, Էդեն Ազարը վերադարձել է ավելի լավ վիճակում։ Ազարը կարծես թե նաև կատարայալ քաշով է վերադարձել դադարից, քանի որ, ըստ տեղեկությունների, նա հրաժարվել է իր սիրելի բուրգերներից և մարզումների ժամանակ լիարժեք կատարել է Զիդանի բոլոր հրահանգները։

Զիդանը հարցարզրույցների ժամանակ անընդհատ նշում էր, որ գոհ է Ազարի ֆիզիկական վիճակից, իսկ «Էյբարի» դեմ խաղում նրա համար յուրահատուկ դեր էր առանձնացրել։ Ազարը հանդիպման անընթացքում Ռոդրիգո Գոյեսի հետ մշտապես փոխվում էր եզրերով և հիանալի համագործակցում էր խաղընկերների հետ ոչ միայն հարազատ ձախ, այլև աջ եզրում։

Բացի դրանից՝ փոխվել է նաև Ազարի շարժունակության բնավորությունը․ նա շատ կտրուկ էր տեղից պոկվում, հիանալի էր դիմում դրիբլինգի՝ իր վրա «հավաքելով» մրցակցի պաշտպաններին, կատարայալ (90%) փոխանցումների ճշգրտություն էր ցուցադրում։ Հեղինակավոր Whoscored պարբերականը նրան կճանաչեր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, եթե դառնար գոնե մեկ գոլի հեղինակ, սակայն նա աչքի ընկավ միայն գոլային փոխանցումով։ Նա ստացել էր 7.5 գնահատակը։

Միևնույն ժամանակ գնահատականը միանաշանակ երկրորդական նշանակություն ունի, քանի որ «Ռեալի» կազմում նրան դեռևս երբեք այդպիսին չէինք տեսել, սակայն «Չելսիի» կազմում ցույց տված վիճակագրությունը հաստատում է, որ «արքայական» ակումբի կազմում անցկացրած հանդիպումների ժամանակ նրա բախտը պարզապես հաճախ չի բերել։ Լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած վերջին հինգ մրցաշրջաններում նրան գոլի հեղինակ դառնալու համար միջինում անհրաժեշտ էր 1 xG կամ ավելի պակաս, սակայն այժմ նրան մեկ գոլ խփելու համար «Ռեալում» այդ ցուցանիշը 1,44 xG է (xG-ն մեկ խաղում հավանական գոլն է։ Մեկ գոլի համար միջինում անհրաժեշտ է 0․8 xG):

«Ռեալի» կազմում Ազարը դեռևս դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ, սակայն դա բացատրվում է երկու պատճառով։ Առաջին՝ «Էյբարի» դեմ խաղում ակնհայտ երևում էր, որ այժմ երբ նա մարզավիճակ է հավաքում, ավելի շատ կենտրոնացած է փոխանցումներ կատարելու վրա, քան դրվագի ելքը ինքնուրույն լուծելու վրա։ Երկրորդ՝ Ազարը «Ռեալի» կազմում մասնակցել է ընդամենը 4 ամբողջական հանդիպման և խոսել կայուն արդյունքի մասին, դեռևս վաղ է։

Երեկվա հանդիպմանը Զինեդին Զիդանը Ազարին փոխարինեց հանդիպման ավարտից 30 րոպե առաջ, ինչից հետո «Ռեալի» մոտ խաղը կանգնեց՝ չստեղծելով որևէ վտանգավոր պահ։ Ո՛չ Կրոսը, ո՛չ Մոդրիչը, ո՛չ Բեյլը և ո՛չ էլ Վինիսիուսը Ազարի փոխարինվելուց հետո չկարողացան ստեղծել որևէ վտանգավոր պահ մրցակցի դարպասի մոտ։ Սա ևս մեկ անգամ հավատալու տեղիք է տալիս, որ Էդենը քիչ-քիչ վերադառնում է լավագույն մարզավիճակին։

Ուրախանալու ևս մեկ առիթ էր այն, որ Ազարը նախորդ հանդիպումների համեմատ բարելավել էր նաև Կարիմ Բենզեմայի հետ համագործակցությունը։ Երկրորդ և երրորդ գոլային դրվագներում հենց Բենզեմայի փոխանցումներից հետո Ազարը հայտնվեց նպաստավոր դիրքում՝ կատարելով գոլային փոխանցում։ Էդենը երկրորդ գոլային դրվագում դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Սերխիո Ռամոսին, իսկ երրորդ գոլի ժամանակ հարված կատարեց, ինչից հետո դարպասապահի հետ մղած գնդակը հայտնվեց Մարսելոյի մոտ, ով էլ այն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը։

Կտրուկ, պայթյունավտանգ, արարող, գերարարագ Էդեն Ազարը վերադառնում է։ Ազարն ակնհայտ փոխել է իր մոտեցումները որոշ հարցերում և այս հարկադիր դադարի ու հիանալի բուժանձնակազմի շնորհիվ նա վերադառնում է այն մարզավիճակին, որին սովոր էինք տեսնել «Չելսիում» հանդես գալու տարիներին։ Այժմ «Ռեալի» երկրպագուները հուսով են, որ Ազարն ամբողջությամբ կլրացնի Կրիշտիանու Ռոնալդուի բացը՝ լիարժեք փոխարինելով նրան և հուսանք, որ Ազարն կշարունակվի այնպես, ինչպես սկսել է։ Ճիշտ է` մեկ հանդիպումով դժվար է որևէ ենթադրություն անել, սակայն երեկվա ցուցադրած նրա խաղը մեծ հույսեր են արթնացնում, որ Ազարը վերադառնում է։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով!!!

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023