ԱԱ. հայտնի դարձան Օվկիանիայի գոտու որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի մասնակիցները🎥

ԱԱ. հայտնի դարձան Օվկիանիայի գոտու որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի մասնակիցները🎥

27/03/2022 - 23:55

Ավարտին է մոտենում աշխարհի 2022 թ. առաջնության Օվկիանիայի գոտու որակավորման փուլը։

Մարտի 17-ից 8 հավաքականներ պայքարում են` այս գոտու որակավորման փուլի հաղթողին պարզելու համար։

8 հավաքականները բաժանվել էին երկու խմբի, որոնց հաղթողներն ու երկրորդ հորիզոնականը զբաղեցրածները պայքարը շարունակեցին որակավորման փլեյ-օֆֆ փուլում։

Այդուհանդերձ, A խմբում ընդգրկված Վանուատուի և Կուկի Կղզիների հավաքականները կորոնավիրուսի համաճարակի պատճառով հրաժարվեցին հետագա պայքարից, այդ պատճառով էլ այս խմբում կայացավ միայն մեկ հանդիպում։

Մինչ այդ էլ հրաբխի ժայթքման պատճառով պայքարից դուրս էր եկել նաև Տոնգայի հավաքականը, ինչի շնորհիվ Կուկի Կղզիները մեխանիկորեն դուրս էին եկել որակավորման երկրորդ` խմբային փուլ։

A խմբի շրջանակում կայացած միակ խաղում Սողոմոնյան Կղզիների հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Թաիթիին ու առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։

Թաիթիի հավաքականն էլ զբաղեցրեց համախատասխանաբար երկրորդ հորիզոնականը և նույնպես պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

B խմբում ընդգրկված էին Նոր Զելանդիայի, Պապուա Նոր Գվինեայի, Ֆիջիի և Նոր Կալեդոնիայի հավաքականները։

Նորզելանդացիները հավասարը չունեին այս խմբում և հաղթեցին բոլոր 3 խաղերում ընդհանուր 12:1 հաշվով ու 9 միավորով խմբում գրավեցին 1-ին հորիզոնականը` նվաճելով որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Հատկանշական է, որ Նոր Զելանդիան վերջին տուրում Նոր Կալեդոնիային ջախջախեց 7:1 հաշվով։

B խմբում էլ երկրորդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրեց Պապուա Նոր Գվինեան։

Մարտի 27-ին կայացան արդեն որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչները։

Նախ միմյանց դեմ մրցեցին Սողոմոնյան Կղզիների և Պապուա Նոր Գվինեայի հավաքականները։

«Կղզիաբնակները» համառ պայքարում կարողացան հաղթել 3:2 հաշվով ու նվաճել փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի ուղեգիր։

Կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում էլ Նոր Զելանդիան 1:0 հաշվով հաղթեց Թաիթիին։

Հանդիպման միակ գոլը 70-րդ րոպեին խփեց Լիվերտո Կակաչեն։

Այսպիսով, մարտի 30-ին` Քաթարի մայրաքաղաք Դոհայի «Գրանդ Համադ» մարզաշտում, կկայանա աշխարհի 2022 թ. առաջնության Օվկիանիայի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչը, որի շրջանակում կմրցեն Նոր Զելանդիայի և Սողոմոնյան Կղզիների հավաքականները։

Հիշեցնենք, որ Օվկիանիան միակ գոտին է, որտեղից որևէ հավաքական աշխարհի առաջնության «ուղիղ» ուղեգիր չի նվաճում։

Այս գոտու որակավորման փուլի հաղթողը հնարավորություն է ստանում միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնել Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 4-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023