ԱԱԱ. «Ալ Հիլալը» ֆանտաստիկ թրիլերում հաղթեց «Ման. Սիթիին»` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥

ԱԱԱ. «Ալ Հիլալը» ֆանտաստիկ թրիլերում հաղթեց «Ման. Սիթիին»` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥

01/07/2025 - 08:58

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրաեակիչում «Ալ Հիլալն» Օռլանդոյում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Հանդիպումն անհավանական սցենարով ու ֆանտաստիկ թրիլերային պայքարում անցավ. Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը լրացուցիչ ժամանակում հաղթեց 4:3 հաշվով։

«Քաղաքաբնակները» 9-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան Բերնարդու Սիլվայի գոլից հետո։ Առաջին խաղակեսում Պեպ Գվարդիոլայի սաները խաղային լուրջ առավելություն ունեին, բայց չկարողացան կրկնապատկել առավելությունը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ալ Հիլալը» շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 46-րդ րոպեին աչքի ընկավ Մարկոս Լեոնարդոն, իսկ 52-րդ րոպեին` Մալկոմը։

«Սիթին» նույնպես շատ արագ խփեց պատասխան գոլը. 55-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Էրլինգ Հոլանդը։

Հիմնական ժամանակի մնացած ժամանակահատվածում անգլիական գրանդը տիրում էր ժամանակի 75 տոկոսը և կրկին ճնշում էր գործադրում, սակայն չկարողացավ հաղթանակ կորզել։

Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով։

Լրացուցիչ ժամանակի մեկնարկում` 94-րդ րոպեին, Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կրկին արագ գոլ խփեց. անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով «Ալ Հիլալին» առաջ մղեց Կալիդու Կուլիբալին։

Մանկունիական ակումբը 104-րդ րոպեին Ֆիլ Ֆոդենի ջանքերով կրկին հավասարեցրեց հաշիվը` 3:3։

Այդուհանդերձ, այս խաղում «Ալ Հիլալին» էր վիճակված ճաշակել հաղթանակի բերկրանքը. 112-րդ րոպեին հերոսացավ ու հանդիպման վերջակետը դրեց Մարկոս Լեոնարդոն` գրանցելով նաև դուբլ։

Հանդիպման հերոսներից էր նաև «Ալ Հիլալի» դարպասապահ Յասին Բունուն, որը 10 սեյվ կատարեց։

Այսպիսով, «Ալ Հիլալը» սենսացիոն հաղթանակ տարավ և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի բրազիլական «Ֆլումինենսեի» դեմ, իսկ «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց հետագա պայքարից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023