Ֆրանսիայի գավաթ. Հայ ֆուտբոլիստի` 90+1-ին խփած գոլը դրամարիկ հաղթանակ է պարգևել իր թիմին 🎥
Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/128 եզրափակիչում Լիգա 3-ը ներկայացնող «Վերսալը» սեփական դաշտում 3:2 հաշվով դրամարիկ հաղթանակ է կորզել Լիգա 2-ում հանդես եկող «Ռոդեզից»։
Տանտերերի հաղթական գոլը մրցավարի ավելացրած առաջին րոպեին խփել է Արթուր Զախարյանը։
«Վերսալը» մինչև 72-րդ րոպեն պարտվում էր 1:2 հաշվով, բայց կարողացել է քամբեք անել։ Ակումբից գոլ են խփել նաև Քենան Ռոշա-Սանթոսն ու Բիլալ Սիսես։ Հյուրերից աչքի են ընկել Ջորդան Կորեյան և Նաչոն Նսինգին։
29-ամյա Զախարյանն այս տարվա հուլիսից հանդես է գալիս «Վերսալում» ու բոլոր մրցաշարերի 8 խաղում խփել է 2 գոլ։
Հայ կիսապաշտպանը ծնվել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ Նա հանդես է եկել միայն ֆրանսիական ակումբներում։ Զախարյանը, բացի «Վերսալից», խաղացել է նաև «Ֆուժերում», «Վիտրեում», «Լիֆրեում» և «Ստադ Բրիոշանում»։
«Վերսալը» Լիգա 3-ի ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում 22 միավոր է վաստակել ու 4-րդ տեղում է։
Ջորդան Գոնսալեսի գլխավորած թիմը պայքարը կշարունակի Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml