Ժամանակակից xG մոդելի մասին. ի՞նչ է այն իրենից ներկայացնում
Ֆուտբոլը , պարզապես, անհնար է պատկերացնել առանց վիճակագրական տվյալների․ անկյունայիններ, հարվածներ դարպասին կամ դարպասի ուղղությամբ։ Սրանք հետխաղյա վիճակագրական տվյալներ են, որոնք կարող են ցույց տալ թիմերից մեկի առավելությունը, իսկ ի՞նչ կասեք այնպիսի վիճակագրական տվյալի մասին, որը թույլ է տալիս տեսնել խաղի արդյունքն այլ կողմից, տեսնել անտեսանելին։
Այսօր մանրամասն խոսելու ենք ժամանակակից xG մոդելի մասին (խմբ․՝ xG – expected goals, հայերեն՝ ակնկալվող գոլեր):
Այս մոդելի հեղինակներից է նորվեգացի մարզիչ Էգիլ Օլսենը, ով մարզել է Նորվեգիայի հավաքականը 1994 և 1998թթ աշխարհի առաջնությունների ընթացքում։
Մոդելի գործածման հետ կապված Օլսենը ժամանակին նշել է․ «Ես չեմ վստահի 1։0 հաշվով մեր հաղթանակին, եթե մենք մի հարվածով գոլ հեղինակած լինենք, իսկ մրցակիցը կատարած լինի տասը հարված, ու ես չեմ մտահոգվի, եթե մենք կատարած լինենք տասը հարված դարպասին, իսկ մրցակիցը մեկ, և մենք պարտվենք 0։1։ Հարվածները դարպասին ավելի շատ են հուշում, թե թիմն ինչպես է խաղացել, քան՝ խփած գոլերը»։
xG մոդելը հիմնված է ըստ հարվածների և դրանց գոլ լինելու հավանականության վրա, իսկ այդ հարվածներին շնորհվում են գործակիցներ։ Գործակիցները կախված են, մի շարք հանգամանքներից․
- Հարվածի հեռավորությունը,
- Հարվածի դիմաց քանի պաշտպանվող ֆուտբոլիստներ կան,
- Հարվածողի դիրքը
Այս ամենի համագումարը կազմում է այդ թիմի xG-ին որևէ խաղում։ Մոդելի հապավումը հուշում է՝ ակնկալվող գոլեր, այսինքն, ըստ հարվածներին շնորհած գործակիցների, մենք հասկանում ենք, թե որքան է հավանական գոլ լինելու կամ չլինելու հնարավորությունը։ Չնայած այն բանին, որ այս մոդելը հիմնականում հապավման պատճառով, կարող է անհասկանալի թվալ, անմիջապես հասկանում ենք, որ մեր առջև թիմի ստեղծած վտանգավոր պահերի համագումարն է։ Այս մոդելից օգտվում են շատ մարզական կայքեր, և կան այնպիսիները, որոնք իրենց գործակիցներն են շնորհում, այսինքն ամեն կայք հաշվում է իր ձևով (infogol.net, understat.com):
Ավելի հստակ հասկանալու համար հիշենք մի հանդիպում, երբ թիմերից մեկը ավելի վտանգավոր էր գրոհել, սակայն հաջողության է հասել մյուսը։ Այդպիսի խաղերից էր Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» 1։3 «Լիոն» հանդիպումը։
Այս խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դարպասին կատարել էր 7 հարված, իսկ «Լիոնը»՝6, բայց «քաղաքաբնակների» xG-ին կազմել էր 2,68, իսկ «Լիոնինը»՝ 0,87, ինչը նշանակում է, որ չնայած հարվածների գրեթե հավասարությանը, թիմերից մեկի բախտը բերել է, իսկ մյուսինը՝ չի բերել։ Օրինակ, հիշենք նույն խաղի ժամանակ Ռահիմ Սթերլինգի հայտնի վրիպումը․ այս հարվածի գոլի հավանականությունը գնահատվել է 59%, այսինքն՝ 0,59 գործակից։
Այս մոդելը հրաշալի պատկերացում է տալիս, թե տվյալ թիմը ինչպիսի մարզավիճակում է: Եթե xG-ն բարձր է, բայց թիմը հաջողության չի հասնում, ուրեմն ամեն ինչ կարգին է, գոլերը շուտով կլինեն, նույնը կարելի է ասել հակառակի մասին․ եթե xG-ին ցածր է, բայց թիմը հաջողություններ է գրանցում, ուրեմն երկար այդպես չի կարող շարունակվել։ Այսինքն, այս վիճակագրական տվյալին հետևելով կարելի է կանխատեսել՝ ինչ դիրք կզբաղեցնի թիմը մրցաշրջանի վերջում մրցաշարային աղյուսակում։
Այս մոդելի հիման վրա կան նաև xW/xD/xL (խմբ․՝ expected win/draw/lost, հայերեն – ակնկալվող հաղթանակ/ոչ-ոքի/պարտություն) , xPoints (խմբ․՝ expected points, հայերեն – ակնկալվող միավորներ) ։ Այսինքն xG մոդելի հաշվարկի հիման վրա կազմվում է նաև այլ մրցաշարային աղյուսակ, որտեղ թիմերին բաժանվում են միավորներ՝ ըստ xG-ի , այդ միավորները կոչվում են xPoints:
Ավելի հստակ հասկանալու համար խնդրում եմ դիտենք ստորև տեղադրված պատկերը․
Սա Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի վերին հատվածն է։ Տեսեք, PTS (խմբ․՝ points, հայերեն – միավորներ) սանդղակում առկա են «Ատլետիկո Մադրիդի», «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի» ներկայիս փաստացի միավորները, որտեղ առաջատարը Դիեգո Սիմիոնեի թիմն է, xPTS (հավանական միավորներ) հատվածում «ատլետները» արդեն եզրափակում են եռյակը, իսկ առաջատարը «Բարսելոնան» է։
Ընդհանրացնելով նշենք հետևյալը․ այսինքն, այս փոքրիկ օրինակով, ըստ xG մոդելի, «Ատլետիկո Մադրիդը» չպետք է դառնա Լա լիգայի չեմպիոն, քանի որ, մադրիդյան ակումբը մյուս թիմերի համեմատ ունենալով ավելի ցածր xG, զբաղեցնում է ավելի բարձր դիրք։ Այս հանգամանքը որակեք ինչպես կուզեք (բախտը բերել, պահերի լավ իրացում և այլն)։
Սա իհարկե միանշանակ պնդում չէ, քանի որ մրցաշրջանի մնացած հատվածում հնարավոր են թիմերի մարազավիճակի փոփոխություններ՝ կախված տարբեր հանգամանքներից՝ վնասվածքներ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, անձով պայմանավորված գործոններ և այլն։
Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում վերջերս կայացած «Բավարիա» 4։0 «Շտուտգարտ» խաղում Ռոբերտ Լևանդովսկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ և ընթացիկ մրցաշրջանում ներքին առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 35-ի։
Խաղից հետո Squawka Football-ը հետաքրքիր վիճակագրական տվյալ ներկայացրեց։ Պարզվում է՝ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում իր 35 գոլերը խփել է ունենալով ընդամենը 25․73 xG, իսկ մեկ գոլ խփելու համար ֆուտբոլիստներին միջինում անհրաժեշտ է 0․94 xG։
Ի՞նչ բացասական հագնամանքներ ունի xG մոդելը
- xG մոդելը հաշվի չի առնում այն գրոհները, որոնք չեն ավարտվում հարվածով, իսկ այդպիսի վտանգավոր գրոհներ, ոչ հաճախ, բայց լինում են։
- Մոդելի համար միևնուն է, թե ով է հարվածողը։ Օրինակ, Լիոնել Մեսսիի հարվածը նույն իրավիճակում, նույն դիրքում ստանում է նույն գործակիցը, ինչը կստանար պայմանական Սամուել Ումտիտիի կամ Ուսման Դեմբելեի հարվածը։
- Ինքնագոլերը հաշվի չեն առնվում, դրանք ուղղակի նշվում են առանձին տողով։
- Կան մի շարք վիճակագրական կայքեր և կենտրոններ, որոնք 11-մետրանոց հարվածը հաշվում են։ Դրան զուգահեռ, կան նաև որոշները, որոնք չեն հաշվում և չեն ներառում այն xG-ի մաս։ Այս հանգամանքը բավական վիճելի է, քանի որ 11-մետրանոց հարվածին գործակից տալու կամ չտալու համար հաշվի չի առնվում, թե ինչպիսի գրոհ է եղել, որը հանգեցրել է 11-մետրանոցի։
Իրականում, xG -ն շատ օգտակար գործիք է խորը և օբյեկտիվ վերլուծությունների համար։ Շատ հավանական է, որ մոտ ժամանակներս թիմերի ղեկավարությունը այս մոդելը օգտագործի մարզչին հեռացնելու կամ նշանակելու համար, իսկ մարզիչները xG- միջոցով փոխեն թիմի տակտիկական դասավորությունը կամ ֆուտբոլիստին։
Կարեն Պողոսյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# xG, Էգիլ Օլսեն, Ընթերցողի կարծիք, Լիոն, Կարեն Պողոսյան, Մանչեսթեր-Սիթի, Նորվեգիայի հավաքական, Չեմպիոնների-լիգա, Ռահիմ-Սթերլինգ, Ռոբերտ-Լևանդովսկի, վերլուծություն