ՖԻՖԱ-ն մտադիր է կրկին ավելացնել ԱԱ-ի մասնակիցների քանակը
ՖԻՖԱ-ն մտադիր է 2030 թվականից աշխարհի առաջնության մասնակիցների քանակը հասցնել 64-ի, գրում է ESPN-ը։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն նման առաջարկ ստացել է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Իտալացի ֆունկցիոները Նյու Յորքում այդ հարցն արդեն քննարկել է ԿՈՆՄԵԲՈԼ-ի ղեկավար Ալեխանդրո Դոմինգեսի հետ, իսկ վերջերս Մարոկկո կատարած այցի ժամանակ` նաև ասիական երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ։
Եթե որոշումը հավանության արժանանա ու ընդունվի, ԱԱ-2030-ին Հարավային Ամերիկայի գոտուց կմասնակցի միանգամից 10 հավաքական։
Ի դեպ, մրցաշարը 2030թ. պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի միանգամից 6 երկրում` Մարոկկոյում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։
Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան կլինեն մրցաշարի հիմնական ընդունողները, իսկ Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում մեկական հանդիպում կանցկացվի։ Լատինաամերիկյան այդ երկրներն աշխարհի առաջնության համահինադիրներից են, իսկ այդ տարի կլրանա Մունդիալի 100-րդ տարեդարձը։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն արդեն ավելացրել է աշխարհի առաջնության մասնակիցների քանակը։ ԱԱ-2026-ին 32-ի փոխարեն առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2026, ԱԱ-2030, Աշխարհի առաջնություն, Մունդիալ-2026, Մունդիալ-2030, Ջիանի Ինֆանտինո, ՖԻՖԱ