Ֆերդինանդ. «Ակնհայտ է, որ մրցավարը երբեք ֆուտբոլ չի խաղացել»🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» 2:0 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին»։
«Ազնվականներն» ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 2:1 հաշվով և նվաճեցին 1/4 եզրափակիչի ուղեգիր։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով այժմ ֆուտբոլային փորձագետ է աշխատում հեղինակավոր BT Sport հեռուստաընկերությունում, դժգոհել է վերոնշյալ հանդիպման մրցավարությունից։
Բանն այն է, որ 47-րդ րոպեին «Չելսիի» լատերալ Բեն Չիլվելի փոխանցումից հետո գնդակը դիպավ «Բորուսիայի» պաշտպան Մարիուս Վոլֆի ձեռքին, ով գտնվում էր սեփական տուգանային հրապարակում։
Գլխավոր մրցավար Դանի Մակելին նախ դրվագը քննարկեց VAR համակարգի իր գործընկերների հետ, ապա դիտեց դրա տեսակրկնապատկերը և 11-մետրանոց նշանակեց «իշամեղուների» դարպասին։
Նշակետին մոտեցավ Կայ Հավերցը, ում առաջին հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, սակայն Մակելին վերանշանակեց 11-մետրանոցը, ինչից հետո գերմանացի ֆուտբոլիստը, ի վերջո, գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 2:0։
Նշենք, որ նախքան Հավերցի առաջին հարվածը, երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ շտապել էին և ներխուժել «Բորուսիայի» տուգանային հրապարակ, ինչն անթույլատրելի է։
«Ակնհայտ է, որ մրցավարը երբեք ֆուտբոլ չի խաղացել։ Այդ դրվագում անհնար էր ձեռքը հետ քաշել։
Մենք հասկանում ենք, որ ֆուտբոլն ունի կանոններ, բայց դրանցից որոշները ծիծաղելի են։
Այդ կանոններն առավելություն են տալիս հարձակվողներին` փորձելով պաշտպաններին զրկել բոլոր դրական պահերից։
Դա սարսափելի օրենք է։ Ի՞նչ կարող էր այդ դրվագում անել ձեռքով խաղացած ֆուտբոլիստը»,- նշել է Ֆերդինանդը, ում խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Դանի Մաքելի, Մարիուս Վոլֆ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռիո Ֆերդինանդ