Ֆենոմենը. Ինչպե՞ս է Պերեսը կառավարում Ռեալը
«Ես շատ լավ պատկերացնում եմ իրավիճակի բարդությունը և այն դժվարությունները, որոնց հետ մենք պետք է առնչվենք։ Մեծ հաշվով, ակումբում ամեն ինչ հարթ չէ, և այդ ամենը մեր նոր նախագիծը դարձնում է դժվար իրականացվող խնդիր, բայց ես նաև գիտեմ, որ մենք ունենք թիմ, էնտուզիազմ, անհրաժեշտ հատկանիշներ և ձևաչափ, որպեսզի «Ռեալ Մադրիդը» լինի այնտեղ, որտեղ իր տեղն է։ 2000 թվականին, երբ ես ստացա ակումբը, այն ուներ մեծ ֆիանանսական խնդիրներ․ «Ռեալը» կորցրել էր իր ԴՆԹ-ն և ոճը, դարձել էր անճանաչելի հարազատ երկրպագուների աչքերում։ Ակումբը կորցրել էր այն արժեքները, որոնք բոնորոշում էին «Ռեալին», վտանգի տակ էր հայտնվել ակումբի ինքնությունը։ Ահա թե ինչու, ես, ի տարբերություն 2000 թվականի, հիմա վերադառնում եմ էլ ավելի շատ նախգծերով, ավելի մեծ ուժով ու եռանդով։ Մեր բոլոր նախագծերը մենք կիրագօրծենք այնքան եռանդով ու կիրքով, որքան մեր սերն է «Ռեալի» նկատմամբ։ Հիմա դժվար ժամանակներ են, բայց նաև մեծ հնարավորությունների ժամանակներ են»։
Սրանք Ֆլորենտինո Պերեսի խոսքերն են, երբ նա 2009-ի մայիսի 14-ին հյուրանոցներից մեկում հայտատարարեց, որ որոշել է մասնակացել «Ռեալի» նախագահական ընտրություններին ընդամենը երեք տարի և երեք ամիս անց նույն պաշտոնից հեռանալուց հետո։
Պերեսի երկրորդ նախագահության տարիների սկիզբը
Ի տարբերություն 2000 թվականի, 2009-ին Դոն Ֆլոն չուներ մրցակից։ Նա միակ թեկնածուն էր, ով 57 մլն եվրո երաշխավորված գումար ապահովեց։ Հենց այդքան գումար էր պահանջվում ունենալ` «Ռեալի» նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։
Հաղթանակից անմիջապես հետո Պերեսը ձեռնամուխ եղավ մի քանի ֆանտաստիկ տրանսֆերների․ Կական, Կրիշտինու Ռոնալդուն, Խաբի Ալոնսոն և Կարիմ Բենզեման համալրեցին «սերուցքայինների» շարքերը։
Երբ այդ տրանսֆերները արդյունք չտվեցին «Ռեալի» նախագահը «Սանտիագու Բերնաբեու» հրավիրեց Ժոզե Մոուրինիոյին, ով ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր «Ինտերի» հետ թրեբլ ձևակերպել, և նույն տրանսֆերային պատուհանի ժամանակ մադրիդիստներ դարձան նաև Մեզութ Օզիլը, Անխել Դի Մարիան և Սամի Խեդիրան։
201011/ մրցաշրջանում նրանք կարողացան նվաճել միայն Իսպանիայի գավաթը, քանի որ Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնան» դեռ թագավորում էր ոչ միայն իսպանական, այլ նաև եվրոպական ֆուտբոլում, բայց արդեն հաջորդ մրցաշրջանում Ժոզե Մոուրինիոյի թիմը փայլեց և նվաճեց իր պատմության 32-րդ Իսպանայի Պրեմիերայի չեմպիոնական տիտղոսը՝ միաժամանակ սահմանելով մի քանի ռեկորդներ։ Այդ «Ռեալին» Իսպանիայում անվանեցին «La Liga de los Records»։ 2011/12 մրցաշրջանում «սերուցքայինները» հեղինակեցին ամենաշատ գոլերը (121) և վաստակեցին ամենաշատ միավորները (100), որոնք բացարձակ ռեկորդներ էին։
«Այս ցուցանիշը անհնար կլինի հետագայում գերազանցել։ Այս հաղթանակը հավերժ կմնա բոլոր մադրիդիստների սրտերում, որը տեղի ունեցավ հոյակապ խաղացողների և անգերազանցելի մարզչի գլխավորությամբ»,- ասաց Ֆլորենտինո Պերեսը 2011/12 մրցաշրջանի «Ռեալի» չեմպիոնության կապացությամբ։
Պերեսի նախագահության տարիներին «Ռեալը» փառահեղ նվաճումների հասավ։ Դոն Ֆլոյի համոզելու կարողությունը, «սերուցքայինների» մարզաշապիկը մագնիսական ուժի պես սկսեց ձգել ոչ միայն խաղացողներին, այլև գավաթներին։ Նրա՝ Զինեդին Զիդանի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելը, այնուհետև երեք տարի անընդմեջ Չեմպիոնների Լիգայի գավաթների նվաճումները, ուղղակի, ֆանտաստիկայի ժանրից էին։
Պերեսի անհաշվենկատ քայլը, թե՞․․․
Կորոնավիրուսի համաճարակի սահմանափակումների հետևանքով տուժեցին նաև ֆուտբոլային գրանդները, և եթե Սուպերլիգայի գաղաափարը կար ինչ-որ տեղ թղթի վրա, և ակումբները դեպի այն շարժվում էին աստիճանաբար, ապա Covid-ը ստիպեց շտապել, իսկ շտապելուց լինում են նաև բացթողումներ։ 2021 թ. ապրիլ ամսին Դոն Պերեսը հայտարարեց ՈւԵՖԱ-ի կազմից դուրս գալու ցանկության և Սուպերլիգայի ստեղծման մասին, ինչը փաստացի գոյատևեց ընդամենը մի քանի շաբաթ , սակայն դե յուրե այն դեռ գոյություն ունի։ Սուպերլիգայի կազմում ընդգրկված ակումբները արժանացան խիստ քննադատության ողջ ֆուտբոլային հանրության կողմից, իսկ դրանից երեք ամիս անց մամուլում սկսեցին շրջանառվել 74-ամյա նախագահի ձայնագրությունները, որտեղ նա Կրիշտինու Ռոնալդուին անվանում է ապուշ, իսկ Իկեր Կասիլիասին և Ռաուլին` ակումբի պատմության ամենամեծ խաբեբաներ։ Անմաս չմնացին նաև այլ մի շարք մարդիկ, ովքեր աշխատել են ակումբում, ինչպես, օրինակ, Վիսենտե Դել Բոսկեն և Ժոզե Մոուրինիոն։
«Ռեալի» լուռ տրասնֆերային պատուհանը
Դեռ 2006 -ին, երբ այն ժամանակվա ՈւեՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին սկսեց խոսել ֆինանսական fair-play-ի ստեղծման մասին, մի շարք գրանդ ակումբներ հստակ աջակցություն ցուցաբերեցին այդ գաղափարի իրագործման համար։ Իրականում նման գաղափար վաղուց կար, ուղղակի, այդ տարիներին շեյխերի փողերը նոր էին սկսում գրավել եվրոպական ֆուտոբալային շուկան, և որպեսզի նրանց շվայտ ծախսերը ինչ-որ կերպով կանոնակարգվի, գրանդ ակումբների, այսպես ասած, «փոխանցումով» ՈւեՖԱ-ն ընդունեց ֆինանսական fair-play-ը, բայց ժամանակի ընթացքում քաթարյան փողերով գնված ակումբները կարողանում էին այլ օրենքներով շրջանցել fair-play-ը, ինչի վառ օրինակը Նեյմարի գործարքն է, երբ բրազիլիացու հետ գովազդային պայմանագիր կնքեցին և դրա համար նրան վճարեցին 222 միլիոն եվրո, որպեսզի նա գնի իր տրանսֆերը «Բարսելոնայից»: Այս ամենը քիչ-քիչ ավելացնում էր շեյխերին պատկանող և մյուս եվրոպական գրանդ ակումբների միջև ֆինանսական հնարավորությոնների տարբերությունները։ Կորոնավիրսով էլ պայմանավորված այն էլ ավելի խորացավ, և հիմա, երբ «Ռեալը» և մի շարք այլ գրանդ ակումբներ լռում են, մյուսները իսկակական աղմուկ են բարձրացրել տրանսֆերային շուկայում։
Մյուս կողմից «Ռեալը» կարողացավ անվճար «Սանտիագո Բերնաբեու» բերել Դավիդ Ալաբային, սակայն, դրան զուգահեռ, «սերուցքայինների» ճամբարը լքեցին Սերխիո Ռամոսը և Ռաֆայել Վարանը։
Ավստրիացու հետ պայմանագիրը կնքված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը` տարեկան 12 միիոն աշխատավարձով, որին նվաճած գավաթների դիմաց կարող է ավելանալ ևս 20 մլն եվրո։ Ոչ ոք չի կասկածում Ալաբայի խաղային բարձր որակների վրա, բայց դեռ հարց է՝ կկարողանա՞ նա լրացնել Վարանի և Ռամոսի բացակայությունը։
Այո, «Ռեալը» ունի ֆինանսական խնդիրներ, բայց ունի նաև Ֆլորենտինո Պերեսի նման ղեկավար։ Հաճախ ակումբի ղեկավարները գալիս ու գնում են, բայց Պերեսը ամեն ինչ հաշվարկել է։
Դեռ 2017/18 մրցաշրջանում, երբ Չեմպիոնների լիգայի երրորդ անընդմեջ հաղթանկից հետո Զինեդին Զիդանն որոշեց լքել ակումբը, շատերի համար պարզ էր, որ մարզիչը ավելի շատ իշխանություն էր ուզում տրանսֆերային շուկայում , ինչն այդ պահին հնարավոր չէր։ Այդ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» լքեց նաև ակումբի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն։ Հաջորդ մրցաշրջանը ձախողվեց, բայց նախագահի գլխում երկարաժամկետ նախագծեր են։ Նա չի կարող մտածել խաղից խաղ, նա մտածում է ակումբի բարեկեցության երկար տարիների համար։ Զիդանը, իհարկե, եկավ երկորդ անգամ, եղան Լա Լիգայում հաղթանակները, բայց ֆրանսիացի մասնագետը կրկին լքեց ակումբը, քանի որ Պերեսը, բացի Մբապեի տրանսֆերից, այլ բան չեր կարող առաջարկել։ Ակումբը շատ է ծախսում մարզադաշտի վերակառուցման համար (մոտ 700 միլիոն ֆունտ), որը չէր կարող չազդել «Ռեալի» ֆինանսակամ վիճակի վրա։
Դոն Ֆլորենտինոյի իրական նպատակը
Մի լավ ասացվածք կա․ «Կապ չունի, թե դու հիմա որտեղ ես, կարևոր է, թե դու հիմա ինչ ես անում քո ուզած տեղում հայտնվելու համար»։
Այս ամենից հետո հեշտ է Պերեսին քննադատելը, բայց եթե մենք նայենք թվերին, որոնք երբեք չեն ստում, և փորձենք վերլուծել «Ռեալի» նախագահի քաղաքականությունը, ապա կստանանք լրիվ այլ պատկեր։
Իսպանական ակումբն այն քիչ գրանդ թիմերից է, որը կորոնավիրուսային 2020/2021 մրցաշրջանը կարողացավ ավարտել 874 հազար եվրո եկամուտով, ինչպես նաև հաջողվեց «մաքուր» պարտքը 246 միլիոն եվրոյից կրճատել է՝ հասցնելով 46 միլիոնի։
Երբ «Սանտիագո Բերնաբուն» պատրաստ լինի, արդեն տրանսֆերային շուկան էլ կընկնի իր հունի մեջ, և քանի որ Մարսելոյի, Իսկոյի, Գարեթ Բեյլի, ինչպես նաև Լուկա Մոդրիչի պայմանագրերը գալիք ամռանը լրանում են, ապա «Ռեալը» հսկայական տեղ է ազատում աշխատավարձային բյուջեում ու կարող է շատ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների հայտավորել։ Այսքանից հետո հարց է առաջանում․ Մբապեի տրանսֆերը հիմա՞ է ավելի ձեռնտու «Մադրիդին», թե՞ գալիք ամառ։
2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանը
Չնայած վերոնշյալ ֆինանսական խնդիրներին` Դոն Ֆլոն 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանը, կարելի է ասել, «պայթեցրեց»։ Պերեսը, կորոնավիրուսային համաճարակի վատ շրջանը դեռևս լիարժեք չհաղթահարած, ամեն դեպքում, փորձեր կատարեց Կիլիան Մբապեին գնելու համար` նրա տրանսֆերի դիմաց ՊՍԺ-ին առաջարկելով ընդհուպ մինչև 200 մլն եվրո։
Ճիշտ է` տարբեր պատճառներով գործարքը չկայացավ (դա էլ քննարկման մի առանձին թեմա է), սակայն, փաստը մնում է փաստ, որ Ֆլորենտինո Պերեսը նույնիսկ նման պայմաններում հավելյալ 200 մլն եվրո գումար ունի, և միգուցե բարին էլ հենց սա էր, քանի ֆրանսիացի հարձակվողը 2022 թ. ամռանը դառնալու է ազատ գործակալ։
Մբապեի` չկայացած տրանսֆերը փարատելու համար Պերեսը իր գանձարանը դատարկեց 31 մլն եվրոյով ու մադրիդյան ակումբը գնեց «Ռենի» ու Ֆրանսիայի հավաքականի ծագող աստղ, հենակետային կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային, ինչը, միանշանակ, ֆանտաստիկ համալրու է «Ռեալի» համար։
Դոն Ֆլոն հիանալի շախմատային պարտիա է սկսել, որի համար կարելի է հոտնկայս ծափահարել, իսկ «սերուցքայինների» երկրպագուներիկն ուղղակի համբերություն մաղթել։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Կարեն Պողոսյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Դավիդ Ալաբա, Էդուարդո Կամավինգա, Իսկո, Կարեն Պողոսյան, Կիլիան-Մբապե, կորոնաճգնաժամ, կորոնավիրուս, Մարսելո, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ռեն, վերլուծություն, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես