Ֆանտաստիկ Ռեալ Մադրիդ?
Սաուդյան Արաբիայում մեկնարկեց Իսպանիայի սուպերգավաթը, որն այս տարի անցկացվում է նոր ձևաչափով։ Առաջին կիսաեզրափակչի շրջանակում Մադրիդի «Ռեալը» 3։1 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Գրեթե ողջ հանդիպումն անցավ Զինեդին Զիդանի սաների առավելությամբ՝ ոչ մի շանս չտալով մրցակցին։ Խաղի հաշիվը 15-րդ րոպեին անյկունայինից կատարած ուղիղ հարվածով բացեց Տոնի Կրոսը՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Սակայն, հանուն արդարության նշենք, որ բաց թողած գոլում մեծ էր Խաումե Դոմենեկի մեղքը։
Հանդիպման 39-րդ րոպեին Իսկոն հաշիվը դարձրեց 2։0՝ օգտվելով մրցակցի տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից։
Երկորդ խաղակեսի միջնամասում՝ 65-րդ րոպեին, Լուկա Մոդրիչը ներխուժեց տուգանային հրապարակ և պտտեցրած հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։
«Չղջիկները» ակտիվացան միայն բաց թողած երրորդ գոլից հետո, սակայն կարողացան միայն խուսափել խոշոր հաշվով պարտությունից։ Հանդիպման վերջին րոպեին վալենսիական ակումբը վաստակեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Դանի Պառեխոն։
Այսպիսով, «արքայական» ակումբը փայլուն հաղթանակ տարավ՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ «Ռեալը» իր մրցակցի անունը կիմանա վաղը։ Երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում կմրցեն Մադրիդի «Ատլետիկոն» և «Բարսելոնան»։
# Իսպանիայի սուպերգավաթ, Ռեալ Մադրիդ, Վալենսիա