Ֆանտաստիկ գոլերի երեկո🎥
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկությունը, որի առաջին տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։
Կայացած խաղերում բազմաթիվ գեղեցիկ գոլեր խփվեցին։
B լիգայի 3-րդ խմբում Թուրքիայի հավաքականը մրցեց Հունգարիայի իրենց գործընկերների դեմ։ Հավասար ընթացած խաղում հուգարացիներին հաջողվեց նվազագույն՝ 0։1 հաշվով հաղթանակ կորզել։ Միակ գոլն էլ 80-րդ րոպեին խփեց «Զալցբուրգի» 19-ամյա կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային։ Սոբոսլային մոտ 30 մետրից գնդակը տուգանայինից կատարած ուղիղ հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։
Այդ նույն խմբում Ռուսաստանի հավաքականն էլ Մոսկվայում 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Սերբիայի հավաքականի նկատմամբ։
Խաղի 69-րդ րոպեին ռուսների ձախ պաշտպան Վյաչեսլավ Կարավաևը ձախ եզրում ստացավ գնդակը, տեղաշարժվեց մի փոքր կենտրոն և աջ ոտքի պտտեցրած հարվածով գրավեց մրցակցի դարպասի վերին անկյունը՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։
Ա լիգայի 4-րդ խմբում Ուկրաինայի հավաքականը մրցեց շվեյցարացիների դեմ՝ համառ պայքարում հաղթելով 2։1 հաշվով։
Ուկրաինացիների կազմում գեղեցիկ գոլերով աչքի ընկան Անդրեյ Յարմոլենկոն և Ալեքսանդր Զինչենկոն, իսկ Շվեյցարիայի հավաքականի կազմում` Հարիս Սեֆերովիչը։
14-րդ րոպեին ուկրաինացիների աջ պաշտպան Ալեքսանդր Տիմչիկը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հարվածեց, սակայն դարպասապահ Յան Զոմերը անհաջող հետ մղեց գնդակը, ինչից հետո գնդակը կրկին հայտնվեց Տիմչիկի մոտ և փոխանցեց Յարմոլենկոյին, ով էլ կրնկով գնդակն ուղարկեց դարպասը։
Ոչ պակաս գեղեցիկ ստացվեց Հարիս Սեֆերովիչի խփած պատասխան գնդակը, ով 41-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։
Հանդիպման 68-րդ րոպեին ուկրաինացիների գրոհը զարգանում էր ձախ թևում, ինչի արդյուքնում Բոգդան Միխայիլչենկոյի կատարած փոխանցումից հետո Ալեքսանդր Զինչենկոն ձախ ոտքի մեկ հպումով կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը, իսկ ավելի լավ հասկանալու համար, թե որքան գեղեցիկ գոլեր ստացվեցին, կհասկանաք տեսանյութը դիտելուց հետո։
Եթե ձեզ թվում է, թե գեղեցիկ և դրամատիկ հանդիպումներ կայանում են միայն ֆուտբոլային գերտերությունների միջև կայացած խաղերում, ապա չարաչար սխալվում եք, քանի որ D լիգայի շրջանակում Ֆարերյան Կղզիների և Մալթայի հավաքականները պարզապես ներկայացում ցույց տվեցին մեզ համար։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1։1 էր։ Նախ 25-րդ րոպեին ֆարերներին առաջ էր մղել Կլեմեն Օլսենը, իսկ 37-րդ րոպեին Մալթայի հարձակվող Յուրգեն Դեգաբրիելը խփեց պատասխան գնդակը։
73-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո հաշվի մեջ առաջ անցան արդեն մալթացիները․ աչքի ընկավ Անդրեյ Ագիուսը։
Սակայն, դա վերջը չէր և կղզիաբնակ ֆարերները չընկվճեցին՝ կորզելով հաղթանակ։ 87-րդ րոպեին Անդրեաս Օլսենը հաշիվը դարձրեց 2։2, 90-րդ րոպեին Ֆարերյան Կղզիների հավաքականը հարձակման ձախ թևում ստացել էր տուգանային հարվածի իրավունք, որի իրացումից հետո աչքի ընկավ հերթական Օլսենը, այս անգամ Բրանդուը՝ ապահովելով անհավանական վերջաբան։
# 2020/21 մրցաշրջան, Ազգերի լիգա, Ալեքսանդր Զինչենկո, Անդրեյ Յարմոլենկո, Բրանդուր Օլսեն, Դոմինիկ Սոբոսլայի, Թուրքիայի հավաքական, Հունգարիայի հավաքական, Մալթայի հավաքական, Շվեյցարիայի հավաքական, Ուկրաինայի հավաքական, Ռուսաստանի հավաքական, Սերբիայի հավաքական, Վյաչեսլավ Կարավաև, Ֆարերյան Կղզիների հավաքական