Օսասունան ծանր խաղում կարևոր միավորներ խլեց Ռեալից🎥
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Ռեալը» Պամպլոնայում հյուրընկալվեց «Օսասունային»։
Ինչպես և սպասվում էր, «Օսասունան» հանդիպման մեծ մասում պաշտպանվելու էր, իսկ «Ռեալը»՝ գրոհելու։ «Արքայական» ակումբը վերահսկում էր գնդակի տեղաշարժը, փորձում էր ճեղքել մրցակցի պաշտպանությունը, սակայն բացարձակ սրություն չկար մադրիդյան ակումբի խաղում՝ չստացվելով գրեթե ոչինչ։
Հանդիպման ընթացքում Կարիմ Բենզեմային հաջողվեց երկու անգամ դառնալ գոլի հեղինակ, սակայն, խփված գոլերը, արդարացիորեն, չեղարկվեցին, քանի որ ֆրանսիացին գտնվում էր խաղից դուրս իրավիճակում։
«Ռեալը» ոչ մի կերպ չկարողացավ գտնել «Օսասունայի» դարպասը տանող բանալին, և գրանցվեց ոչ-ոքի՝ 0։0։ Հանուն արդարության՝ նշենք, որ խաղի ողջ ընթացքում ձյուն էր տեղում, խոտածածկը թաց էր, գնդակի տեղաշարժը սպասվածից ավելի դանդաղ էր, ինչն էլ ավելի բարդացրեց Զինեդին Զիդանի սաների խնդիրը։
Այսպիսով, «Ռեալը» Պամպլոնայում անչափ կարևոր երկու միավոր կորցրեց։ Այս ոչ-ոքիից հետո «սերուցքայինները» վաստակեցին 37 միավոր և զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 1 միավոր, սակայն, մադրիդյան մյուս ակումբն իր ակտիվում երեք հանդիպում պակաս ունի։
# Ատլետիկո Մադրիդ, Զինեդին-Զիդան, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Օսասունա